Ադրբեջանում իշխող կլանների միջև բախումներ կան․ Մամեդյարովի դիրքերը բավական խախուտ են

«Ես կարծում եմ, սա նախ և առաջ պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին իրավիճակի համատեքստում։ Կորոնավիրուսի հետ կապված լուրջ խնդիրներ կան Ադրբեջանում, և Ադրբեջանի իշխանությունները գնացել են այդ խնդիրները թաքցնելու ճանապարհով։ Այսինքն՝ այն տեղեկատվությունը, որը կա այնտեղի թվերի վերաբերյալ, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը, ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Դրան գումարվում է տնտեսական իրավիճակը, ինչպես գիտեք գարնանը նավթի գների լուրջ անկում տեղի ունեցավ, և մինչև հիմա դա նավթային տնտեսություն ունեցող երկրների վրա զգացվում է, և Ադրբեջանում այդ ամենը, կարծում եմ, ավելի ուժեղ է զգացվում։ Եվ դրան գումարվում է երրորդ գործոնը, որը Ադրբեջանի իշխող կլանների միջև առկա հակասություններն են, որը կապված է նրա հետ, որ հիմա Ադրբեջանում ենթադրաբար տեղի է ունենում իշխանության փոխանցման գործընթաց» , - «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ փաստացի այսօր չկան բանակցություններ, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի իմիտացիա։