Հանրահավաք չանելու պատճառը արտակարգ դրությունը չէ, ընդդիմությունը մրցունակ ու կրեատիվ չէ

Հանրահավաք չանելու պատճառը արտակարգ դրությունը չէ, ընդդիմությունը մրցունակ ու կրեատիվ չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, օրերս անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի հնարավոր երկարացմանը, նշեց, որ չի բացառվում, որ առաջիկայում այն առնվազն մեկ անգամ երկարացվի: Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց, որ անվերջ արտակարգ ռեժիմի երկարացման սցենարով գնալ չեն կարող: Հայաստանյան ներքաղաքական կյանքն այս ընթացքում լի էր տարատեսակ իրադարձություններով: Ընդդիմության հանրահավաք չանելն էլ, ըստ ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչների, պայմանավորված է երկրում հաստատված արտակարգ ռեժիմով: Ի՞նչ սպասել այդ դաշտում արտակարգ ռեժիմի վերացումից հետո: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ որքան էլ այդ երկու իրադարձություններն իրար հետ արտաքնապես կապ ունեն, իրականում առնչությունն այդքան էլ սերտ չէ. «Իհարկե, արտակարգ դրության պայմաններում զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ հանրահավաքներ ու երթեր թույլ չի տրվում իրականացնել, բայց մենք ականատես ենք եղել, որ այս արտակարգ դրության ժամանակ մի քանի զանգվածային միջոցառումներ են տեղի ունեցել: Մասնավորապես՝ Գավառի հիվանդանոցի դեպքերը,Կապանում տեղի ունեցած մարդկանց հավաքները, երբ քաղաքապետի հետ կապված որոշակի գործընթացներ էին տեղի ունենում: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ երբ լուրջ խնդիրներ են լինում զանգվածային գործողություններ իրականացնելու համար, մարդիկ չեն նայում՝ արտակարգ դրությո՞ւն է, թե՞ ոչ: Իհարկե, ոստիկանության համար ավելի հեշտ է լռեցնել արտակարգ դրության ժամանակ փոքրաթիվ բողոքի ցույցի մասնակիցներին, օրինակ, Կենտրոնական բանկի դիմաց, երբ 5-6 մարդ է հավաքվում, ոստիկանությունը կարողանում է իր ուժային կառույցներով և իր հնարավորությունների սահմաններում դա չեզոքացնել, ոստիկանական տեղամաս տանել: Կամ՝ երբ Ազգային ժողովի դիմաց իրավապաշտպան կազմակերպություններն են անում, մի քանի մասնակիցներին կարելի է տանել տեղամաս: Այսինքն՝ երբ բողոքի ակցիայի մասնակիցները սակավաթիվ են, ոստիկանությունը կարողանում է օգտագործել արտակարգ դրության իրավական կարգավիճակը և «ցրել» բողոքները»: Բայց երբ տեղի են ունենում զանգվածային միջոցառումներ, ըստ մեր զրուցակցի, ոստիկանությունը ոչինչ անել չի կարողանում, դա մենք տեսել ենք Գավառի իրադարձությունների ժամանակ»: Միևնույն ժամանակ, Բադալյանի խոսքերով՝ երբ ընդդիմությունը ասելիք չունի, կրեատիվ չէ կամ մրցունակ չէ այս քաղաքական պայքարում, ապա կարող է պատճառաբանել, որ արտակարգ դրությունը թույլ չի տալիս հանրահավաք անել. «Բայց եթե ինքը մրցունակ լիներ և կարողանար հասարակության ինչ-որ խմբի մոտ պահանջարկ վայելող, ուրույն գաղափարներ առաջ տանող լիներ, և որը կմղեր մարդկանց գործողություն անելու, ապա արտակարգ դրությունը գուցե դե յուրե, բայց դե ֆակտո չէր խանգարի նման գործողություն իրականացնել: Այսինքն՝ արտակարգ դրությունը չէ, որ խանգարում է ընդդիմությանը քաղաքական ակտիվություն դրսևորել, որովհետև եթե այդպես լինի՝ արտակարգ դրությունը կարող է անընդհատ երկարացնեն, և ի՞նչ՝ ընդդիմությունը պետք է անընդհատ պասի՞վ մնա: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը պասիվ է, և դա պատճառաբանվում է արտակարգ դրության կարգավիճակով: Այս պահի դրությամբ իրական պատկերը սա է»: Արմեն Բադալյանը շեշտեց՝ շատ է խոսվում հատկապես երեք ուժերի՝ ԲՀԿ, «Հայրենիք», Դաշնակցություն, բայց այդ երեք ուժերի համատեղ գործողության միակ արդյունքն առ այս պահը դատախազությանը համատեղ հայց ներկայացնելն էր. «Արտակարգ դրությունն այստեղ չէր խանգարում, իրականացրին իրենց գործողությունը, բայց, ինչպես տեսնում ենք, այդ երեք ուժերի համագործակցության մասին տեղեկատվությունն ավելի մեծ տարածում ուներ, քան իրական համագործակցության կշիռը: Նրանց արտակարգ դրությունը չի խանգարում, պարզապես պետք է կարողանան այնպիսի գաղափարներ առաջ քաշել, որ հասարակության կամ ընտրազանգվածի այս կամ այն խմբի մոտ պահանջարկ վայելի: Եթե պահանջարկ վայելի, ապա հասարակության այդ խումբը չի նայելու՝ արտակարգ դրություն կա՞, թե՞ ոչ, ինքը պայքարելու է՝ խախտելով արտակարգ դրության բոլոր իրավական նորմերը, ու ոստիկանությունը դրա դեմ չի կարող պայքարել»: