Երկու հայ ֆուտբոլիստներ խաղադաշտ էին դուրս եկել վիճարկելու Հայաստանի գավաթը

Երկու հայ ֆուտբոլիստներ խաղադաշտ էին դուրս եկել վիճարկելու Հայաստանի գավաթը

Պատմության մեջ առաջին անգամ Երևանի «Նոան» դարձավ Հայաստանի գավաթակիր։ Գերլարված և դրամատիկ խաղում «Նոայի» ֆուտբոլիստներն առավելության հասան գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ Հանդիպման սյկզբում երկու թիմերն էլ բարձր տեմպ էին հաղորդել խաղին: «Արարատ-Արմենիան» առաջինն օգտվեց «Նոայի» պաշտպանների սխալից և 9-րդ րոպեին Օգանան բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գնդակից հետո «Նոան» առավել շատ էր տիրում գնդակին:Հանդիպման 23-րդ րոպեին խաղային անսպասելի դրվագում «Նոայից» ինքնագոլի հեղինակ դարձավ Տատաևը: «Արարատ-Արմենիա»-ն 27-րդ րոպեին կարողացավ նաև եռապատկել հաշվի տարբերությունը: Մրցակցի տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց Օտուբանջոն: Երբ հաշիվը դարձավ 3։0 շատերը ժամանակից շուտ Հայաստանի գավաթակի էին տեսնում «Արարատ-Արմենիային»։ Հաղթանակին ժամանակից շուտ հավատացին նաև «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները։ Առաջին կեսի վերջնամասում «Նոայից» Մայրովիչը կարողացավ դիպուկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը: Մինչ թիմերը կգնային հանգստի՝ «Արարատ-Արմենիա»-ից դուբլ ձևակերպեց Օգանան, հաշիվը դարձնելով 4։1: Երկրորդ կեսի մեկնարկում «Նոան» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Ազարովը: «Նոան» շարունակեց տիրել իրավիճակին և խփեց նաև երրորդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կովալենկոն: «Նոան» շարունակեց անհավանական խաղ ցուցադրել և կարողացավ վերականգել հաշվի հավասարությունը: 4-րդ գնդակը խփեց Սպետառուն: Խաղի ավելացված րոպեներին կրքերը բորբոքվեցին և մրցավարը խաղից հեռացրեց «Արարատ-Արմենիայից» Կոդջոնին: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 4:4 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: «Արարատ-Արմենիա» կարմիր քարտից հետո մնաց 9 ֆուտբոլիստով, քանի որ վնասվածքի պատճառով հանդիպումը կշարունակեց Վակուլենկոն: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Արարատ-Արմենիայի» դարպասին, որն իրացրեց Ազարովը։ Րոպեներ անց էլ «Արարատ-Արմենիայից» Օտուբանջոն հաշիվ դարձրեց 5։5:Ի վերջո, խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11մետրանոց հարվածների շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Նոայի» ֆուտբոլիստները: Հանդիպմանը տրիբունայից հետևում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Ինչև, նման դիտարժան և լարված ֆուտբոլ հայկական թիմերի մասնակցությամբ վաղուց չէինք տեսել։ Ի դեմս «Նոայի» տեսանք պայքարող և մարտունակ կոլեկտիվ, որը կարծում ենք կարող է հաջողություններ գրանցել եվրագավաթների խաղարկություններում։ Չնայած, որ երկրորդ կեսում «Արարատ-Արմենիան» ձախողվեց այնուամենայնիվ, այս թիմը ևս ցուցադրեց որակյալ խաղ։ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» ևս այս տարի ևս ելույթ կունենա եվրագավաթների խաղարկություններում։ Հուլիսի 14-ին Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Արարատ-Արմենիան» «Նոան» կվիճարկեն նաև Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Հաղթանակի դեպքում «Նոան» մրցաշարջնանում ոսկե դուբլ կձևակերպի։ Նշենք, որ «Արարատ-Արմենիային» չեմպիոնի կոչումը պահպանելու համար կբավարարաի նաև ոչ-ոքին։ Մի կողմ դնելով ոգևորությունն ու տպավորությունները, այնուամենայնիվ հարկ ենք համարում կրկին անդրադառնալ այն խնդին, որն արդեն մի քանի տարի է օրակարգային է։ Երեկ երկու թիմերին մեկնարկային կազմերում տեղ էին գտել ընդամենը երկու հայ ֆուտբոլիստներ՝ ի դեմս «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանի և պաշտպան Արթուր Դանիելյանի։ Վերջիններս ի դեպ հայկական ֆուտբոլի սաներ չեն։ Այո, խաղի ընթացքում խաղադաշտում հայտնվեցին տեղացի ֆուտբոլիստներ, բայց․․․։ Փաստն այն է, որ տեղացի կադրերը շարունակում են մնալ ստվերում։ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպման մեկնարկը դրա լավագույն ապացույցն է։ Ամեն դեպքում շնորհավորում ենք «Նոային» գեղեցիկ հաղթանակի համար հույս հայտնելով, որ ապագայում այս թիմի հիմնական կազմում կտեսնենք հայաստանցի խաղացողներին։