Ունենք բավականին շատ հետաձգված ամուսնություններ. Ինչպես է համավարակը ազդել ժողովրդագրական գործընթացների վրա

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ժողովրդագրական հիմնական ցուցանիշներին վերաբերող տվյալները։ Սա պայմանավորված է համավարակով, և հունվար-մայիս ամիսների որոշ ժողովրդագրական ցուցանիշներ ամփոփվել են շտապ եղանակով ու ներկայացվել են նախնական տվյալները։ Եթե չեմ սխալվում՝ այս տվյալները պետք է հրապարակվեին օգոստոս 5-ին, ինչո՞վ էր պայմանավորված վաղաժամ հրապարակումը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ժողովրդագրական ոլորտում արտառոց գործընթացներ տեղի չի ունեցել։ Միակը, որին, բնականաբար, սպասում էինք, ամուսնությունների թվաքանակի նվազումն էր։ Այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների բացարձակ թիվը 2071-ով նվազել է։ Մարտ ամսից սկսած՝ հարսանեկան արարողություններ նշելն արգելված է, սակայն կան մարդիկ, որոնք որոշել են ամուսնանալ առանց այդ արարողության»։ Համավարակը փոխե՞լ է Հայաստանի վիճակագրական միտումները․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արտակ Մարկոսյանը պատասխանեց․ «Դեռ ոչ, քանի որ այն ծնունդները, որոնք պետք է այս տարի լինեին, արդեն ձևավորված են։ Այսինքն՝ համավարակն այս տարվա ժողովրդագրական գործընթացների վրա որևէ ազդեցություն չի ունենա, բայց հաջորդ տարվա վրա, բնականաբար, կարող է ունենալ։ Ինչպես տեսնում ենք՝ ունենք բավականին շատ հետաձգված ամուսնություններ, որի պատճառով հաջորդ տարի պետք է սպասենք ծնունդների թվաքանակի անկում։ Ճիշտ է՝ այդ ծնունդները կլինեն, բայց հետաձգված։ Դրանք կտեղափոխվեն հաջորդ տարիներ։ Այնպես որ, համավարակը որոշակի ուղղումներ կարող է մտցնել ժողովրդագրական այս գործընթացների մեջ։ Դեռևս պարզ չէ, թե համավարակն ինչպես է ազդել մարդկանց վերարտադրողական վարքագծի վրա։ Այսինքն՝ մարդիկ այս համավարակի պայմաններում պատրա՞ստ են պլանավորել իրենց հաջորդ երեխայի ծնունդը, թե՞ ոչ։ Շատ հարցեր կան, որոնց հետ կապված պետք է հետագայում հետազոտություններ անցկացնեն»։   Մանրամասները՝ տեսանյութում։