ԿԳՄՍ նախարարությունն ու Հայ առաքելական եկեղեցին պետք է նստեն կլոր սեղանի շուրջ, պատգամավորներին էլ չդարձնեն գործիք

«Ես չեմ կարող համարել, որ աղմուկը արհեստածին է, չեմ էլ կարող ասել, որ հանված է ամբողջությամբ, որովհետև չափորոշիչի մեջ նշված է կետ, որով որոշակի վերջնարդյունք պետք է լինի։ Բայց վերջնարդյունքի հասնելու նպատակը ի՞նչն է դրված, ի՞նչն է սահմանված, ես տեղյակ չեմ, որովհետև թե՛ առարկայական չափորոշիչներին ծանոթ չեմ, թե՛ ծրագրերին։ Եվ համարել, որ աղմուկը անտեղի է, իհարկե չեմ ուզենա երբևէ անտեղի աղմուկ լինի, այլ կնախընտրեմ առավել կառուցողական մոտեցում։ Բայց առավել կառուցողական չի լինելու, քանի մենք չենք հաղորդակցվել բոլոր կողմերի հետ։ Եվ որքան մենք փակ նստենք ու ասենք սուտ է, որ նման բան կա, բնականաբար մյուս կողմն էլ ասելու է՝ սուտ է, որ չկա։ Եվ արդյունքում դուրս է գալու երկու շարունակական գրոհներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցական ծրագրերից հանելուն։ Նա նշեց, որ ակնկալում է՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և հայ առաքելական եկեղեցին վերջապես նստեն կլոր սեղանի շուրջ, քննարկեն այս առարկան և պատգամավորներին էլ չդարձնեն այս ամեն ինչի մեջ գործիք և խոսող, որովհետև այսօր ամենաքիչը պետք է ԱԺ պատգամավորները խոսեն․ «Վերջապես լիազոր մարմինը նախարարությունն է և հենց իրենք պետք է խոսեն, և եթե բոլորս ենք թյուր կարծիքի մեջ, դա նշանակում է լուրջ խնդիր կա» , - ասաց նա։