Գյուղացին իր դարդ ու ցավի հետ մնացել է միայնակ. միայն փաստաթղթով է գյուղատնտեսությունը գերակա ճյուղ, բայց ռեալ քայլեր չկան

Գյուղացին իր դարդ ու ցավի հետ մնացել է միայնակ. միայն փաստաթղթով է գյուղատնտեսությունը գերակա ճյուղ, բայց ռեալ քայլեր չկան

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ՝ գյուղատնտեսական ապրանքների մթերման այս ժամանակահատվածում ծագած առաջնային խնդիրը, թերևս, արտահանումն է ու արտահանման ծավալների նվազումը, ինչը, նրա գնահատմամբ, պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով ու տնտեսական ճգնաժամով: «Մեզ մոտ մեծ թափ էր առել լոլիկի, վարունգի, սմբուկի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների ջերմոցային արտադրությունը, որով կարողանում էինք թե՛ ներքին սպառումն ապահովել, թե՛ արտահանել, այսինքն՝ դեֆիցիտ չունեինք: Սակայն այս կորոնավիրուսի պայմաններում հիմա կանգնել ենք արտահանման լուրջ պրոբլեմի առաջ, և կառավարությունն այս ուղղությամբ պիտի կարողանա քայլեր ձեռնարկել: Աշնանն էլ կարող է կարտոֆիլի բերքի խնդիր ունենանք՝ ի՞նչ բերք կլինի, որքա՞ն կլինի, կլինի՞ արդյոք, թե՞ չի լինի, կկարողանա՞նք իրացնել, թե՞ չենք կարողանա, կկարողանա՞նք արտահանել, թե՞ ոչ, այսինքն՝ մի պրոբլեմը դեռ չլուծած՝ կանգնելու ենք մեկ ուրիշի առաջ: Դրա համար այսօրվանից պիտի սկսել աշխատել՝ առանց կանգ առնելու, քայլ առ քայլ գնալ առաջ, ոչ թե նստել ու սպասել, թե առաջիկայում ինչ կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վազգեն Սաֆարյանը: Վերջինիս խոսքերով՝ գյուղատնտեսությունն այն սպեցիֆիկ ոլորտներից մեկն է, որը մշտապես պետք է գտնվի կառավարության ուշադրության ներքո, պետք է զարգանա պետություն-գյուղացիական համայնքներ փոխադարձ կապն ու համագործակցությունը, մինչդեռ այսօր դրա փոխարեն «գյուղացին իր դարդ ու ցավի հետ մնացել է միայնակ»: «Այն ժամանակ գործում էին սպառողական կոոպերատիվներ, որոնք ոչ միայն մթերում էին գյուղացիների արտադրանքը, այլ նաև նպաստում էին, որպեսզի գյուղացին անձամբ կարողանա մեծածախ շուկայում իրացնի իր բերքը կամ արտահանի այն: Այդ իսկ պատճառով էլ ես բազմիցս առաջարկել եմ վերականգնել այդ սպառողական կոոպերատիվները, որպեսզի գյուղացին, արտադրողը գոնե այս առումով խնդիր չունենա, չմտահոգվի, թե՝ վայ, բա էսքան բերքը ո՞նց պիտի վաճառեմ»,- շեշտեց Սաֆարյանն ու միևնույն ժամանակ հավելեց նաև. «Հիմա գյուղացիներն իրենց մթերքը հիմնականում վաճառում են վերավաճառողներին, իսկ վերջիններս էլ շուկայում արդեն ունեն իրենց զբաղեցրած դիրքը և իրենց գինն են թելադրում՝ գյուղացուց էժան գնելով ու նույն ապրանքը բավականին թանկ վերավաճառելով: Մի ժամանակ Հայաստանում կար գյուղմթերքների իրացման մեծածախ շուկայի գաղափար. այդ շուկան կառուցվել էր, գյուղացին համապատասխան արժեքով միանգամից այնտեղ պիտի հանձներ իր արտադրանքը և մնացյալ հարցերի հետ գործ չունենար, իսկ շուկայում արդեն պիտի տեսակավորեին այդ ապրանքն ու իրացնեին, սակայն հետագայում արդեն այդ շուկան այդպես էլ չգործեց՝ չնայած նրան, որ մեծ գումարներ ծախսվեցին դրա կառուցման վրա: Սա նույնպես բավականին լավ գաղափար է, որը հիմա էլ կարելի է կիրառել, ընդ որում՝ սա, ըստ էության, կարող է հենց պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության կարևոր օրինակ դառնալ: Սրանից բացի՝ ցորենի հետ կապված մենք խնդիր ունենք. այսօր Հայաստանը ցորենի իր պաշարների 33-35 տոկոսն է կարողանում ապահովել, իսկ աշխարհն արդեն ձգտում է պարենային անվտանգության: Նշանակում է, որ այստեղ նույնպես մեր կառավարությունն անելիք ունի՝ պիտի բանակցի այն ընկերությունների հետ, որոնք տարիներ շարունակ Հայաստան ցորեն են ներմուծել (ընդ որում, մեծ քանակով՝ շուրջ 250 հազար տոննա), որպեսզի այդ կազմակերպություններն օգնեն մեր տեղացի ֆերմերներին ցորեն արտադրել և տեղի արտադրանքն իրացնեն, այսինքն՝ կարող են մեքենատրակտորային կայաններ կառուցել և չօգտագործվող հողերի վրա ցորենի և գարիի արտադրություն հիմնեն: Մենք այսօր ընդհանուր 150 հազար հեկտարանոց հողային ֆոնդ ունենք, որից շուրջ 30 տոկոսը չօգտագործվող հող է և այդպես էլ անմշակ մնում է այն, ուրեմն թող այս նպատակին ծառայեցնեն այն: Պետք է, ի վերջո, պետություն-գյուղացիական սեկտոր համագործակցությունը բովանդակային բնույթ ստանա, ոչ թե լոկ կառավարության ծրագրի մեջ գյուղատնտեսությունն որպես գերակա ճյուղ սահմանվի ու սահմանափակվեն այդքանով»: Հարցին՝ գյուղատնտեսությունն որքա՞ն անկում կարձանագրի և դա ինչքանո՞վ կարտահայտվի մեր ընդհանուր ՀՆԱ-ի մեջ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրինակ՝ նախորդ տարի մեր ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության ծավալը կազմում էր 31.2 տոկոս: Այս տարվա ամփոփ տվյալները, պարզ է, որ դեռ չունենք, սակայն պետք է հաշվի առնենք, որ տարբեր տնտեսագետներ, ֆինանսիստներ ու տնտեսական բլոկի պատասխանատու պաշտոնյաներն արդեն իսկ 2020-ի համար տնտեսական անկում են կանխատեսում, տարբեր գնահատականներ ու հաշվարկներ են ներկայացնում, Վիճվարչության պաշտոնական ցուցանիշներն էլ են դրա մասին փաստում, ինչը նշանակում է, որ այս տարի և՛ գյուղատնտեսության, և՛ արդյունաբերության, և՛ տուրիզմի, և՛ մնացյալ ոլորտներում անկումն անխուսափելի է լինելու: Կոնկրետ գյուղատնտեսության մասով անկման կոնկրետ թիվ կամ տոկոս հիմա չեմ կարող ասել, որովհետև առջևում մի քանի ամիս կա մինչ տարեվերջ, և գյուղատնտեսությունն էլ բավականին ռիսկային և առանձնահատուկ ոլորտ է, որի բարելավումը կամ անկումը պայմանավորվում է բազմաթիվ գործոններով: Կարծում եմ, որ առաջիկա մեկ-երկու տարում նոր միայն ոլորտը կկարողանա վերականգնվել: Բայց դրա համար չպետք է ձեռքերը ծալած նստել, այլ ամեն օր աշխատել ու աշխատել այս ուղղությամբ: Պետությունը բազմաթիվ հարցերում պիտի հենվի իր գյուղոլորտի վրա՝ սկսած պարենային հարցերի ապահովումից, վերջացրած տնտեսական աճով, բայց դրա համար, նախ և առաջ, պիտի գյուղացու թիկունքին կանգնի»: Այսուհանդերձ, բանախոսը նաև նկատում է՝ կառավարությունը փորձում է 50 տոկոսով սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը, ինչը կարող է խթանիչ դեր ունենալ գյուղմթերքի արտադրության գործում: «Այսօր գյուղերում նաև աշխատուժի պակասի խնդիր կա, որովհետև համայնքների բնակչության մի մասն արտագաղթել է, մի մասը՝ մեկնել է արտագնա աշխատանքի: Կառավարության խնդիրներից է նաև այս մարդկանց վերադարձի ապահովումը, այսինքն՝ այնպիսի ծրագրերի իրագործումը, որ դրսում գտնվող մեր հայրենակիցների համար ցանկալի լինի հայրենիք վերադառնալն ու այստեղ իրենց գործունեությունը ծավալելը՝ թեկուզ գյուղացիական, թեկուզ այլ, բայց կարևորը՝ վերադառնան, ուստի կառավարությունը չպիտի բավարարվի միայն վարկերի սուբսիդավորմամբ, այլ նաև երկարաժամկետ ծրագրեր իրականացնի, օրինակ, ինչպես արդեն նշեցի, մեքենատրակտորային կայաններ կառուցի, այդ անմշակ հողերը հանձնի մշակման, գյուղատնտեսությանը սպասարկող գործարանները վերագործարկի և այլն»,-եզրափակեց Վազգեն Սաֆարյանը: