Ստեփանակերտը ողջունում է Արցախին առնչվող դրույթները նոր հայեցակարգում և փաստում` «մենք նույնպես պետք է նման փաստաթուղթ ունենանք»

Ստեփանակերտը ողջունում է Արցախին առնչվող դրույթները նոր հայեցակարգում և փաստում` «մենք նույնպես պետք է նման փաստաթուղթ ունենանք»

Ամիսներ շարունակ փորձագետների և տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո հրապարակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նոր փաստաթուղթը: Անվտանգության խորհրդում այն հաստատելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի թիվս այլ դրույթների՝ փաստաթղթում ներառված է առանձին դրույթ, որն առնչվում է Արցախին: Արցախի անվտանգության ապահովում անունը ստացած ենթաբաժնում նշվում է՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է. «2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի գործած վայրագություններով և ռազմական հանցագործություններով, վերահաստատեց Արցախի բնակչության առջև ծառացած գոյութենական սպառնալիքի առկայությունը»: Ի թիվս այլ ձևակերպումների՝ նաև նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու փորձում. «Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած փորձ»: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի՝ Արցախին առնչվող դրույթները, ասաց. «Ընդհանուր առմամբ սա ցույց է տալիս Մայր Հայաստանի մոտեցումը՝ հաշվի առնելով և՛ իրականությունը, և՛ մեր իղձերը, և՛ նաև այն, թե ինչ ձևով է պետք նման փաստաթղթերը ներկայացնել՝ նկատի ունեմ դիվանագիտական առանձնահատկությունները»: Բաբայանը կարևոր է համարում այն փաստը, որ փաստաթղթում նշված են ազգերի ինքնորոշման, Արցախի ինքնորոշման իրավունքը, անվտանգությունը, կարգավիճակը. «Նաև խորհրդանշական է, որ որպես պատկեր զետեղված է և՛ Արցախի սիմվոլը, և՛ Տիգրանակերտ ամրոցը: Կարծում եմ՝ սա նույնպես խորհրդանշական է, գիտենք՝ Տիգրանակերտը որտեղ է գտնվում և ինչ նշանակություն ունի հոգեբանական և նաև պատմական տեսանկյունից Արցախի ու հայության համար: Իսկ ընդհանուր առմամբ՝ բոլոր կետերը կան, ուրիշ հարց է, որ ավելի մանրամասն ու կոնկրետ պետք է լինի Արցախի անվտանգության հայեցակարգում, այսինքն՝ համապարփակ ձևով բոլոր մոտեցումները պետք է նշվեն: Ճիշտ է գրված՝ Ադրբեջանի սպառնալիքները Արցախի նկատմամբ հայության համար, հայոց պետականության համար ամենակարևոր սպառնալիքն է»: Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ որքան էլ պարադոքսալ հնչի, Արցախը չունի անվտանգության ռազմավարության հայեցակարգ, և այն կազմելը պետք է իրենց առաջնահերթությունների ցանկում լինի. «Հատկապես այն երկիրը, որը գտնվում է այնպիսի իրավիճակում, ինչպիսին որ մենք ենք՝ չկարգավորված հարաբերություններ Ադրբեջանի հետ, պետք է ունենա նման հայեցակարգ: Արմատներով ղարաբաղցիներ ավելի շատ ապրում են Արցախից դուրս և ոչ՝ ներսում: Բնական է, այս ամնեը պարտադրում է, որ մենք ունենանք շատ ճկուն անվտանգություն և ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ: Պետք է աշխատենք ունենալ այս կարևոր փաստաթուղթը, որը պետք է պարբերաբար ենթարկվի փոփոխությունների ու լրացվի»: Մեր զրուցակցի խոսքով՝ լավ կլիներ, եթե փաստաթղթում նաև նշվեր Արցախի տեղն ու դերը հայության կյանքում, ինչ հետևանք ունեցան Արցախն ու արցախյան պետականության ձևավորումն ու հաղթանակը: «Չէ՞ որ մենք ձերբազատվեցինք այդ զոհի բարդույթից, որը շատ կարևոր է: Սա նշանակում է, որ ցանկացած պարտություն կամ թուլացում անդրադարձ է ունենալու ամբողջ հայոց պետականության վրա: Բայց, կրկնում եմ, սա և մի շարք այլ դրույթներ կարելի է նշելԱրցախի անվտանգության հայեցակարգի մասին փաստաթղթում: Գուցե մտածենք և գրենք, թե ինչ տեղ ու դեր ունի Արցախը, չնայած այս փաստաթղթի մեջ նշված տարբեր գաղափարներ այդ միտքն ընդհանուր առմամբ արտացոլում են: Իսկ Արցախն, իհարկե, իր անվտանգության հայեցակարգը մշակելու ժամանակ պետք է տարբեր թեմաներ ու տարբեր շերտեր արտացոլի»,- եզրափակեց նա: