Ինձ մեղադրել են քրեական հանցագործության մեջ, չեմ պատրաստվում անհետևանք թողնել․ Հայկ Գևորգյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, որ վարակվել էր կորոնավիրուսով, այսօր եկել էր խորհրդարան։ Պատգամավորը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երեկ երեկոյան ստացել է թեստի «բացասական» պատասխանը․ « Հունիսի 24-ին զգացի, որ մի փոքր ջերմում եմ ու ինչ-որ մարմնական ցավեր կան։ Երեկոյան անմիջապես գնացի թեստավորվեցի, մեկուսացա։ Հաջորդ օրը դրական պատասխան ստացա, որ վարակված եմ կորոնավիրուսով։ Տասնչորս օրը լրանալուն պես կրկին թեստավորվեցի, բայց էլի եկավ դրական։ Տասնվեցերորդ օրը, այսինքն՝ երեկ, կրկին թեստավորվեցի և երեկոյան ուշ պատասխանը ստացա, որ արդեն բացասական է։ Այդ ընթացքում միակ կորուստը ազատության կորուստն էր, որը պահպանել եմ անվերապահորեն», - նշեց պատգամավորը։