Մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու. Հայկ Եսայանը՝ Բիլայնի աշխատակիցներին

Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում եւ իրենց կարող եմ հանգստացնել, որ ոչ մի զանգվածային ազատումներ չեն լինելու, իրենց ներուժը մեզ անհրաժեշտ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Թիմ» ՍՊԸ հիմնադիր Հայկ Եսայանը։ «Մենք ընդամենը ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, եւ վստահ ենք, որ միասին ավելի լավ ուժով կարող ենք զարգացնել, քանի որ այս ոլորտում 20 տարուց ավելի եմ, մեր վերջին 5-10 տարիների պրոբլեմը հենց մարդկային ռեսուրսի ներգրավումն է եղել։ Այսօր մենք ունենք հնարավորություն այդ մարդկային ռեսուրսը ունենալու եւ այդ ռեսուրդի վրա ձեւավորելու նոր զարգացման ուղի եւ ունենալ ավելի լավ ծառայություն»,- ասաց Եսայանը։ Լրագրողի խոսքին, որ «Բիլայնի» աշխատակիցները կոմպետենտության խնդրի մտավախություն ունեն, Հայկ Եսայանն ասաց. ««Թիմ» ընկերությունը COVID-19-ի պայմաններում ամենամեծ քայլն է արել՝ ստեղծելով հավելյալ աշխատատեղեր։ Այսինքն՝ մեր դուրս գալուց հետո ստեղծել ենք մի ընկերություն, որը ունի 400 հոգուց ավելի աշխատակազմ։ Մենք ընդամենը միացնելու ենք 2 ընկերությունների  աշխատակազմը եւ ունենալու ենք էլ ավելի մեծ աշխատակազմ, քան այսօր կա «Բիլայնում»»։ Նա նշեց, որ  երկրում ավելի շատ աշխատատեղ է ստեղծվելու, քան կար երեկ։ «Մենք ասում ենք՝ պետք է աշխատողներ ներգրավենք, որպեսզի կարողանանք հասույթներ բարձրացնել եւ ունենալ էլ ավելի լավ ու նոր ծառայություն։ Իսկ թե ինչո՞ւ է այդ անհանգստությունն առաջանում՝ չեմ կարող ասել։ Վստահ եմ, որ ինչ-որ ուժեր կան, որոնք մարդկանց հորդորում են նման ձեւ մտածելու։ Իմ ինֆորմացիայով որոշ մարդիկ հորդորում են նման բաներ»,- ասաց նա։ Հարցին՝ որքա՞ն է գործարքի արժեքը, Եսայանն ասաց, որ դա գաղտնիք է։