Թբիլիսին պարզաբանումներ է պահանջել Կիևից՝ Վրաստանի իշխանությունների մասին Սահակաշվիլիի խոսքերից հետո

Թբիլիսին պարզաբանումներ է պահանջել Կիևից՝ Վրաստանի իշխանությունների մասին Սահակաշվիլիի խոսքերից հետո

Վրաստանը ուկրաինական կողմին կխնդրի պարզաբանել երկրի նախկին նախագահի՝ Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս ղեկավարության լեգիտիմությունը: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիին հղումով: Սահակաշվիլին ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ չի ճանաչում Վրաստանի իշխանությունների լեգիտիմությունը: Նա նաև ասել էր, որ «առաջնագծում» է լինելու հոկտեմբերի վերջին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սեսիաշվիլիին փաստել է, որ Վրաստանի նախկին առաջնորդը հանդիսանում է Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչը և հանրային անձ է Ուկրաինայում: Այդ կապակցությամբ, Սահակաշվիլիի հայտարարությանը, որում նա մատնանշում է վրացական կառավարության ոչ լեգիտիմությունը, կհետևի պատասխան արձագանք: «Պատասխանը կպահանջվի Ուկրաինայից»,- ասել է Սեսիաշվիլին: Քաղաքական գործիչը նաև նշել է, որ իր «քարոզչական ելույթներով» Սահակաշվիլին միջամտում է Վրաստանի ներքին գործերին»: