Հազարավոր լիբանանահայեր ունեն ՀՀ անձնագրեր. անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինենք ընդունել նրանց

«Ընդհանրապես Լիբանանի հայ համայնքին, հատկապես կրթական հաստատություններին օգնելու գաղափարը «Հայաստան» համահայկական հիմնադրամինն էր և Ֆրանսիայի մեր կառույցինը։ Անցած տարի աշնանը Լիբանանում սկսվեց տնտեսական և քաղաքական ճգնաժամը, ինչի հետևանքով ուղղակի թե՛ լիբանյանան դրամը գահավիժեց և թե՛ տնտեսությունը սկսեց անկում ապրել։ Դրա հետևանքով մարդիկ ուղղակի հնարավորություն չէին ունենում իրենց երեխաներին դպրոց ուղարկելու, քանի որ հիմնականում վճարովի են այդ դպրոցները։ Եվ նաև այդ դպրոցները, անձնակազմին պահելու խնդիր կար, ուստի այդ նախաձեռնության արդյունքում ի վերջո հավաքվեց շուրջ 150․000 դոլար, որից 50․000-ը տրամադրեց Արցախի կառավարությունը, որպես երախտիքի քայլ, քանի որ լիբանանահայությունը տարիներով Արցախին օգնել է, թե՛ հիմնադրամի միջոցով, և թե՛ ուղիղ, և թե՛ նաև այլ կառույցների միջոցով։ Մնացյալ գումարի մի մասը Ֆրանսիայում էր հավաքագրվել, իսկ մյուս մասը կուտակվել էր Լիբանանի մեր կառույցի հաշիվներին, տարբեր ծրագրեր իրականացնելու համար Հայաստանում և Արցախում» , - «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ մանրամասնելով, թե որքան և ինչ նպատակով է «Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազ. դոլարի նվիրատվություն արել Լիբանանի կրթօջախներին։