Անկում՝ տրանսֆերային շուկայում. Որքան է Հայաստանի ազգային հավաքականի արժեքն այսօր

Անկում՝ տրանսֆերային շուկայում. Որքան է Հայաստանի ազգային հավաքականի արժեքն այսօր

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վերջին ամիսներին ակտիվ բանակցություններ է վարում մի շարք ֆուտբոլիստների հետ մեր գլխավոր թիմն ուժեղացնելու նպատակով։ Արդեն իսկ պարզ է, որ սեպտեմբերին մեկնարկելիք Ազգերի լիգայի խաղարկությանը Հայաստանի հավաքականը կներկայնա թարմացված կազմով։ Լեգեոներների վերաբերյալ Ռուսաստանի ֆուտբոլի միության որոշումից հետո «Խիմկիում» ելույթ ունեցող կիսապաշտպան Արշակ Կորյանը համաձայնեց կրել մեր ազգային թիմի մարզաշապիկը։ Չնայած ֆուտբոլասերները մեծ հույսեր են կապում Կորյանի հետ, այնուամենայնիվ, ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի, նրա տրանսֆերային արժեքը ընդամենը 550 հազար եվրո է։ Արժեքային առումով մեր հավաքականը որոշակիորեն կարող է բարձրացրել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Վերջինս, սակայն, դեռ վերջնական համաձայնություն չի տվել մեր հավաքականում խաղալու։ Հայ կիսապաշտպանը դեռևս հույսեր է փայփայում Ռուսաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու հետ։ Բայրամյանի տրանսֆերային արժեքը կազմում է 2.2 միլիոն եվրո։ Վերջերս ՀՖՖ-ն հայկական ֆուտբոլային քաղաքացիություն էր տվել Գյումրիի «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոյին։ Վերջինիս տրանսֆերը ընդամենը 200 հազար եվրո է։ Ինչևէ, կորոնավիրուսի համավարակի հետևանքով ֆուտբոլային մրցաշրջանի հետաձգվելը տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների արժեքի անկման պատճառ է դարձել։ Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն եվրո։ Անկում են ապրել նաև Հայաստանի ազգային հավաքականի մյուս առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Մինչև համավարակի բռնկումը Հայաստանն ուներ 5 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն։ Այսօր ունենք բոլորովին այլ պատկեր։ Եվ այսպես. Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստի՝ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերը նվազել է մեկ միլիոն եվրոյով և այժմ 4 միլիոն եվրո է։ Նշենք, որ Սարգիս Ադամյանը նախքան կորոնավիրուսի տարածումը ծանր վնասվածք էր ստացել։ Չնայած Ադամյանն արդեն ապաքինվել է, այնուամենայնիվ նա տեղ չի գտնում իր թիմի մեկնարկային կազմում։ 300 հազար եվրոյով նվազել է մեր հավաքականի մեկ այլ առաջատար ֆուտբոլիստի՝ Ղազախստանի չեմպիոն «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը և հիմա կազմում 1.2 միլիոն եվրո։ «Ուրալում» հանդես եկող մեր հավաքականի պաշտպանական գծի առաջատար Վարազդատ Հարոյանի տրանսֆերն էլ նվազել է 250 հազար եվրոյով և կազմում է 950 հազար եվրո։ Ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների լավագույն հնգյակում գտնվող ղազախական մեկ այլ ակումբի՝ «Կայրաթի» ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն էլ նվազել է 200 հազար եվրոյով և հիմա 800 հազար եվրո է։ Նշենք, որ Կամո Հովհաննիսյանը բոլորովին վերջերս առաջին գոլը խփեց «Կայրաթի» կազմում։ Այս պահին Հայաստանը՝ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի, Սարգիս Ադամյանի և Տիգրան Բարսեղյանի, ունի ընդամենը երեք ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն։ 4 ամիս առաջ ունեինք նաև երկու ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մոտ էր միլիոնի շեմին։ Խոսքը շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի մասին է։ Բաբայանի տրանսֆերային արժեքը 700 հազար եվրո էր, իսկ Չալըշըրի տրանսֆերային արժեքը՝ 800 հազար եվրո։ Այսօր Բաբայանի տրանսֆերը 475 հազար եվրո է, իսկ Չալըշըրի տրանսֆերը՝ 650 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ, եթե 4 ամիս առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում էր 35 միլիոն եվրո, ապա հիմա այդ թիվը նվազել է՝ հասնելով 28.3-ի։ Նշենք, սակայն, որ համավարակի հետևանքով անկում են ապրել գրեթե բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ընդամենը 70 միլիոն եվրոյով վաճառել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը։ Այս կերպ իտալական տիտղոսակիր ակումբը մի քանի ամիս ևս կկարողանա վճարել մյուս ֆուտբոլիստների աշխատավարձը։ Նույն «Տրանսֆերմարկետ» պարբերականը Ռոնալդուի տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրոյով։ Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Ռոնալդուի տրանսֆերը Մադրիդի «Ռեալից» ձեռք էր բերել 100 միլիոն եվրոյով։ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի տրանսֆերը ևս զգալի նվազել է և կազմում է 112 միլիոն եվրո։