Լուչեսկուն ճիշտ էր. Ինչպես է Մխիթարյանն առաջ մղում «Ռոմային»

Լուչեսկուն ճիշտ էր. Ինչպես է Մխիթարյանն առաջ մղում «Ռոմային»

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Պարմային»: Հյուրերին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Պարմայից» աչքի ընկավ Կուչան: Սակայն խաղակեսի վերջնամասում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին, ստանալով Մխիթարյանի փոխանցումը, Վերետուն առաջ մղեց Հռոմի թիմին: Այս հաղթանակից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում բարձրացավ 5-րդ հորիզոնական և ունի 51 միավոր: Հիշեցնենք, որ 30-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ 1։2 հաշվով զիջել էր «Նապոլիին»։ «Ռոմայի» կազմում միակ գոլը խփել էր Մխիթարյանը։ Երեկ համոզվեցինք, որ մեր հավաքականի ավագը խաղից խաղ բարելավում է մարզավիճակը։ «Նապոլիի» դեմ մրցավեճում, դառնալով գոլի հեղինակ, Հենրիխ Մխիթարյանը կրկին ապացուցեց, որ թիմի առանցքային խաղացողներից մեկն է։ Ավելին, իր վրա վերցնելով խաղը՝ Մխիթարյանը առաջ է մղում «Ռոմային»։ Այս հատկանիշով Մխիթարյանն աչքի չէր ընկնում «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նշենք, որ «Պարմայի» դարպասը խփած գնդակը Մխիթարյանի 8-րդ գոլն էր իտալական թիմի կազմում։ Վնասվածքների պատճառով ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է միայն 18 հանդիպման։ Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Մխիթարյանը աճուկի լուրջ վնասվածք ստացավ, որի ապաքինման համար պահանջվեց 2 ամսից ավելի։ Շարք վերադառնալով՝ նա գոլի հեղինակ դարձավ Ա սերիայի 14-րդ տուրի «Վերոնայի» դեմ մրցավեճում։ Հայ ֆուտբոլիստը աչքի էր ընկել նաև 16-րդ տուրի «Սպալի» հետ խաղում, և թվում էր, թե Հայաստանի ազգային հավաքականի ավագը մրցաշրջանի միջնամասում երկրորդ շունչն է հավաքում, բայց... Հունվարի սկզբին «Տորինոյի» դեմ խաղում նա կրկին վնասվածք ստացավ և բաց թողեց «Ռոմայի» համար խիստ կարևոր «Յուվենտուսի» դեմ առաջնության և գավաթային հանդիպումները, ինչպես նաև հռոմեական դերբին։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված առաջնության վերսկսումից հետո թվում էր, թե Մխիթարյանը որոշակի խնդիրներ ունի՝ կապված ֆունկցիոնալ պատրաստվածության հետ։ Մասնավորապես, մեր ֆուտբոլիստի մոտ նկատվել էր մկանային լարվածություն, և նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ։ Թոթափելով վնասվածքը՝ Մխիթարյանը երկու խաղում խփեց նույնքան գնդակ՝ կատարելով նաև գոլային փոխանցում։ Սա մեծ պրոֆեսիոնալներին բնորոշ ցուցանիշ է։ Մխիթարյանը հավակնում է դառնալ Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ «Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, որոնց ես բոլորից շատ եմ սիրում։ Նա շատ խելացի է, հեշտ է հարմարվում բոլոր խաղային սխեմաներին, ունի բացառիկ արագություն և դիմացկունություն։ Ես նրան ստիպում էի խաղալ որպես «եզրափակող», և նա շատ ուժեղ էր այդ դիրքում։ Անգլիայում նրան օգտագործեցին այլ դիրքերում, որոնք նրան այնքան էլ հոգեհարազատ չէին։ Շուտով Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը»,- դեռևս անցյալ տարի հայտարարել էր հայտնի ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն։ Վերջինիս գլխավորությամբ Մխիթարյանը 2010-2013 թվականներին փայլուն ելույթով աչքի էր ընկել Դոնեցկի «Շախտյորում»: Լուչեսկուի դիտարկումները միանգամայն դիպուկ կարելի է որակել: Ավելին, ռումինացի մասնագետի կանխատեսումը կարծես իրականություն է դառնում։ Մխիթարյանի բացառիկ արագությունը ցայտուն կերպով աչքի չընկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ավելի ստույգ՝ մի շարք այլ գործոններ թույլ չտվեցին, որպեսզի հայ ֆուտբոլիստը գործի դնի իրական ներուժը: Ի տարբերություն Ժոզե Մոուրինյոյի կամ Ունայ Էմերիի՝ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է Մխիթարյանից քաղել արդյունավետության ողջ արսենալը: Վերջին հանդիպումներից հետո պարզ է դառնում, թե ինչու է «Ռոման» ամեն գնով ցանկանում պահել մեր կիսապաշտպանին։ Օրեր առաջ «Ռոման» պաշտոնական հայտարարություն տարածեց Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ՝ հայտնելով, որ հայ ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կխաղա Հռոմի թիմում: Հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ «Ռոման» Լոնդոնի «Արսենալի» հետ համաձայնության է եկել մեր կիսապաշտպանի մինչև 2020/2021 թթ. մրցաշրջանի ավարտը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել այս մրցաշրջանի սկզբում։ Մխիթարյանը «Արսենալի» ֆուտբոլիստ է, իսկ պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերին։ Տրանսֆերային գործարքին անդրադարձել էր նաև Մխիթարյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ուրախ է «Ռոմայում» աշխատանքը շարունակելու համար: «Պատմությունս «Ռոմայի» հետ շարունակվում է: Գոհ եմ, որ համաձայնության ենք եկել պայմանագրի հարցում և հաջորդ մրցաշրջանի հետ կապված նախնական գործարք ունենք: Կան նպատակներ, որոնց ուզում եմ հասնել «Ռոմայի» կազմում: Առա՜ջ, «Ռոմա»»,- գրել էր Մխիթարյանը։