Ուկրաինական մաֆիայի մահապատիժը՝ Հայաստանում. Օտար մայլի քյանդրբազները

Ուկրաինական մաֆիայի մահապատիժը՝ Հայաստանում. Օտար մայլի քյանդրբազները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Առաջին խմբի առաջնության դադարեցումը, 5 ակումբների և 58 անձանց որակազրկման փաստը աղմուկ են բարձրացրել նաև Եվրոպայում։ Հիշեցնենք, որ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից երկու տարով զրկվել են Առաջին լիգայում ելույթ ունեցած «Մասիս», «Տորպեդո», «Լոկոմոտիվ», ինչպես նաև Բարձրագույն խմբում հանդես եկած «Երևան» ակումբները։ Որակազրկվածների շարքում են 25 ուկրաինացիներ, որոնցից 20-ը ցմահ զրկվել են ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։ Եվ այսպես, «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն football.ua-ին տված հարցազրույցում աղմկահարույց հայտարարություններ է արել՝ ՀՖՖ-ին մեղադրելով իրենց «մահապատժի» ենթարկելու մեջ։ «Կարևոր մի դրվագ արձանագրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ: Միակ ակումբը, որն օբյեկտիվ պատճառով չմասնակցեց քվեարկությանը, մերն էր: Մեզ հասկացրին, որ «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբն անհարմարություններ է ստեղծում: Դրանից հետո թեթև ահաբեկչություն սկսվեց: Ակումբի նախագահը յուրաքանչյուր խաղից առաջ զգուշացնում էր, որ մրցավարները կարող են վատ դատել «Լոկոմոտիվի» հանդիպումները։ Նման բաներից չէինք վախենում: Գաղտնիք չէ, որ «Վանին» Բարձրագույն խմբում տեղ են խոստացել: Ակումբի նախագահի խոսքով՝ ընտրությունների ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վան» և «Վեստ Արմենիա» ակումբներին խոստացել էր դուրս բերել Բարձրագույն խումբ։ «Վեստ Արմենիան» արտոնագիր չէր ստացել, իսկ մենք և «Վանը» ստացել էինք։ Դրանից հետո սկսվեց ամենահետաքրքիրը։ Պայմանավորված խաղեր անցկացնելու ոչ մի ապացույց չկա։ Դա պարադոքսալ է: Մեր ձեռքի տակ կա այն, ինչը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում է: Մեր ակումբին նույն այդ որոշումն է ուղարկվել: Ոչ մի մեղադրանք չի հնչել մեր հասցեին: Գործին առնչվող նյութերը ևս չունենք: Մեզ մեղադրում են մի բանում, որը մենք չենք արել: Ստացվում է, որ առանց մեղավորության՝ մեղավոր ենք: Վստահ եմ, որ ամենն արվում է թիմին Բարձրագույն խումբ չթողնելու համար: Չգիտեմ ինչու են բարբարոս միջոցներով գործում: Ինձ համար ցավալի է, որ ուկրաինացի լրագրողները այս կեղծիքը տարածեցին: Սա պարզապես շոկ է: Ես խոստանում եմ, որ կգնամ մինչև վերջ՝ ընդհուպ մինչև Լոզանի արբիտրաժային դատարան: Բայց՝ այս ամենը հերթով, սկզբում երևի կդիմենք բողոքարկման կոմիտեին: Մենք մտադիր ենք մաքրել մեր և թիմի տղաների անունները: Առհասարակ չեմ հասկանում՝ ինչ չափորոշիչներով են պատժել մարդկանց»,- նշել է Լիտովչենկոն։ Նշենք, որ ՀՖՖ-ի արձանագրություններում «Լոկոմոտիվի» մասնակցությամբ միանգամից 7 հանդիպում չեղարկվել է։ Ցմահ որակազրկվել են այս թիմի նախագահ Հրաչյա Քանանյանը, փաստացի սեփականատեր Մաքսիմ Դրոբնիյն ու 9 ուկրաինացի ֆուտբոլիստներ։ Ինչ վերաբերում է Լիտովչենկոյի՝ ՀՖՖ-ի հասցեին հնչեցված մեղադրանքներին, դրանց անհիմն լինելը կարելի է հասկանալ ընդամենը մեկ փաստով։ Այս տարվա մարտին ՀՖՖ-ն «Լոկոմոտիվին» Բարձրագույն խմբում հանդես գալու արտոնագիր էր շնորհել։ Եթե մեր ֆուտբոլային գերատեսչությունը իսկապես «ատամ ունենար» «Լոկոմոտիվի» վրա, ապա արտոնագիր ուղղակի չէր տրամադրի։ Լիտովչենկոյի՝ իրենց դեմ իրականացված մահապատժի մասին հայտարարությունն ուղղակի ծիծաղ է առաջացնում։ Ի դեպ, որակազրկված ուկրաինացիների թվում է խոշոր սկանդալում ներքաշված «Սումի» ակումբի նախկին նախագահ Ռոստիսլավ Կոզարը, ինչպես նաև ֆուտբոլիստ, որոնք արդեն հասցրել էին որակազրկվել նաև իրենց հայրենիքում պայմանավորված հանդիպումներ անցկացնելու համար։ ՀՖՖ-ի պաշտոնական արձանագրության համաձայն՝ Կոզարը «Արագած» ֆուտբոլային ակումբի փաստացի սեփականատերն է։ Կոզարը Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ցմահ որակազրկվել էր միայն 2019 թվականին։ Ըստ ուկրաինական մամուլի՝ Կոզարի գլխավորությամբ «Սումին» 1.5 տարվա ընթացքում անցկացրել է 30 պայմանավորված հանդիպում, իսկ խարդախության միջոցով ստացված շահույթը մոտ 10 միլիոն եվրո է։ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ ցմահ որակազրկվել էր նաև «Սումիի» ֆուտբոլիստ Եգոր Լուգավոյը։ Վերջինս 2020/2021 մրցաշրջանում ելույթ էր ունենում «Տորպեդոյում»։ Տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ մեր երկրում լայն գործունեություն է ծավալել խաղերի առուվաճառքով զբաղվող ուկրաինական մաֆիան։ Այսքանից հետո ոմանք հոխորտալով հայտարարում են իրենց անմեղության մասին՝ ՀՖՖ-ին մեղադրելով մահապատժի ենթարկելու մեջ։ Սա թերևս այն դեպքն է, որ հանցավոր կլանին «մահապատժի» ենթարկելու փաստը արժանի է ծափահարության։ Ավելին, խաղ ծախելու արատը պետք է հուղարկավորվի։ Ոմանք օտար մայլում քյանդրբազություն անելով ապականում էին մեր ֆուտբոլը։ Նրանք չեն գիտակցում, որ էժանագին հոխորտանքները ֆուտբոլասերների շրջանում էլ ավելի են բորբոքում կրքերը։ Հուսով ենք, որ տեղի ունեցածին ՀՀ իրավապահները կտան համապատասխան գնահատական։