Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրների լուծման ճանապարհը մեկն է. Արման Բաբաջանյան

Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրների լուծման ճանապարհը մեկն է. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԿՆ Է՝ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՎ ՈՒ ԲՈԼՈՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ առաջացած աղմուկը հերթական անգամ վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում իսկապես կան ճգնաժամին բնորոշ տարրեր և անհասկացվածության լուրջ պատվար։ Այո, ռուսական քաղաքական ղեկավարությունը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից երկու տարի անց էլ չի ցանկանում կամ ունակ չէ ամբողջությամբ գիտակցելու Հայաստանում տեղի ունեցած իրական փոփոխությունների իմաստն ու բովանդակությունը, ինչի պատճառով էլ առաջացել է այդ չհասկացվածությունը։ Սակայն դա միայն Ռուսաստանի իշխանության խնդիրը չէ, դա նաև ու առաջին հերթին Հայաստանի իշխանությունների՝ ռուսական ուղղությամբ կատարված ու կատարվող վատ, անբավարար աշխատանքի արդյունքն ու հետևանքն է։ Բազմիցս եմ նշել, որ Ռուսաստանի հետ պետք է աշխատել ոչ միայն պաշտոնական դիվանագիտության միջոցով, այլ նաև բոլոր հնարավոր մյուս խողովակներով՝ քաղաքական կուսակցությունների, փորձագետների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, ամենատարբեր էլիտաների մակարդակով։ Անցած երկու տարիներին այդ աշխատանքը չի կատարվել կամ կատարվել է խիստ անբավարար մակարդակով, ինչի արդյունքում ունենք հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա չգոհացնող մակարդակն ու դրանցում առաջացած խնդիրները։ Այս իրավիճակը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հայ-ռուսական հարաբերությունները դուրս չեն բերվել նախկինի իներցիայից ու նախկինից մնացած մտացածին կաղապարներից։ Նախկինում մենք տեսել ու լսել ենք հայ-ռուսական հրաշալի հարաբերությունների մասին գեղեցիկ փաթեթավորված կեղծիք, որն իրականում թաքցրել է երկու երկրների միջև առկա խնդիրներն ու հարաբերությունների ոչ իրավահավասար բնույթը։ Եվ հիմա տպավորություն է ստեղծվում, թե ռուսական իշխանությունները ցանկանում են հետ բերել անցած երկու տարիներին, իրենց կարծիքով, իրենց կորցրածը, իսկ հայկական կողմը ցանկանում է վերադարձնել այն, ինչ կորցրել է անցած ավելի քան քսան տարիներին։ Իրականում, սակայն, դա որևէ տեղ չտանող ճանապարհ է, փակ շրջան, որից պետք է դուրս գալ հնարավորինս արագ։ Հայ-ռուսական հարաբերություններում անթույլատրելի է առաջնորդվել կորցնելու կամ շահելու դրդապատճառներով։ Իրականում մենք՝ հայ և ռուս ժողովուրդներս, ունենք շահելու մի գերնպատակ՝ մեր երկրների միջև ամուր հարաբերությունները։ Ընդ որում, այդ հարաբերությունները որևէ կերպ անձնավորված չեն ու չեն կարող լինել. հայ և ռուս ժողովուրդները սերտ ու ամուր կապեր ունեն անկախ նրանից, թե ով է զբաղեցնում նախագահի պաշտոնը Ռուսաստանում կամ վարչապետի պաշտոնը՝ Հայաստանում։ Հետևաբար մեր հարաբերությունները պետք է դուրս բերել այդ անձնավորված կարծրատիպերից։ Այդ դեպքում երկրորդական կդառնա նաև այն, թե մեր երկրներից որի որ հեռուստաընկերությունը ում է եթեր տրամադրում կամ ներկայացնում իր ռեպորտաժում։ Նման միջադեպերը՝ լինելով տհաճ ու նողկալի, այդուհանդերձ, ունեն մի դրական կողմ՝ դրանք հերթական անգամ հիշեցնում ու ահազանգում են մեզ, որ, այո, հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնց լուծման ճանապարհը մեկն է՝ աշխատանքը, աշխատանքը՝ բոլոր մակարդակներով ու բոլոր հարթություններում։ Հայ-ռուսական հարաբերությունները երկուստեք կենսական նշանակություն ու կարևորություն ունեցող հարաբերություններ են, և ո՛չ մենք, ո՛չ մեր ռուսները իրավունք չունեն թույլ տալու, որպեսզի այդ հարաբերությունները վտանգվեն՝ պայմանավորված անձնական գործոններով։ Եթե անգամ այդ անձինք երկրի ղեկավարներն են կամ նրանց քաղաքական ընդդիմախոսները։ https://www.facebook.com/babajanyana/posts/3425987584098611