«Սա մեզ առևանգած «Պիպոն չի,». դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել Դոն Պիպոյի արդարացման դատավճռի դեմ

«Սա մեզ առևանգած «Պիպոն չի,». դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել Դոն Պիպոյի արդարացման դատավճռի դեմ

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի դեմ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ 2020 թվականի մայիսի 14-ին  արդարացման դատավճիռ էր կայացրել  Դոն Պիպոյի վերաբերյալ: Աղմկահարույց այս գործով Արթուր Ասատրյանը մեղադրվում էր մի քանի անձանց առևանգումը կազմակերպելու, ղեկավարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով: Ըստ այդ գործով առաջադրված մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանը տեղեկություն է ստացել, որ մի խումբ անձինք նախապատրաստական գործողություններ են կատարում իրեն սպանելու նպատակով և վարձակալել են Էջմիածնում գտնվող մի առանձնատուն: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանը մի խումբ անձանց հանձնարարել է առևանգել իր սպանությունը նախապատրաստողներին: Վերջիններս իրենց հերթին ներկայումս դատվում են սպանության նախապատրաստության մեղադրանքով: Իսկ նրանց առևանգումը, ըստ Արթուր Ասատրյանին առաջադրված  մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 20-ին, ժամը 20-ի սահմաններում է իրականացվել բռնության գործադրումով: Նրանք տեղափոխվել են Արթուր Ասատրյանի մոտ, և նրա ներկայությամբ ու ղեկավարմամբ շարունակվել է բռնության գործադրումը առևանգվածների նկատմամբ, ինչպես նաև կատարվել է Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման՝ նրանց խոստովանության տեսաձայնագրությունը: Երեք առևանգվածներին ազատ են արձակել 2017 թվականի մայիսի 24-ին, ըստ մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանի կազմակերպմամբ ու հանձնարարությամբ: Արթուր Ասատրյանն այս գործով առաջադրված մեղադրանքը ի սկզբանե չի ընդունել: Գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր 2019 թվականի հուլիսից: Այս գործով Դոն Պիպոն սկզբում գտնվել է կալանքի տակ, ապա ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավով: Գործով մեղադրողը դատական վիճաբանությունների փուլում պահանջել է Արթուր Ասատրյանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել 5 տարի ազատազրկման: Պաշտպանական կողմը պահանջել է արդարացնել Արթուր Ասատրյանին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին, անպարտ է ճանաչել և արդարացրել է: Արդարացման դատավճռում արձանագրվել է. «Մեղադրանքի հիմքում դրվել է միայն տուժողների նախաքննական ցուցմունքներն այն մասին, որ իրենց առևանգել են ու պահել տարբեր վայրերում «Պիպո» մականունով անձնավորության հանձնարարությամբ ու ղեկավարմամբ, որի ընթացքում իրենց նկատմամբ բռնություններ են գործադրվել ու մարմնական վնասվածքներ են պատճառվել: Նշված հանգամանքների կապակցությամբ տուժողները դատաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել, որ իրականում տեղի է ունեցել առևանգումն ու իրենց նկատմամբ բռնություններ են կիրառվել, սակայն ամբաստանյալ Արթուր Ասատրյանին չեն ճանաչել, նրան առաջին անգամ տեսել են դատարանում, վերջինս իրենց նկատմամբ բռնություններ գործադրած «Պիպո» մականունով Արթուր Ասատրյանը չէ, որ դրանք տարբեր անձնավորություններ են և ամբաստանյալ Արթուր Ասատրյանն իրենց հետ որևէ առնչություն չի ունեցել: Տուժողները դատարանին հայտնել են, որ տվյալ քրեական գործն ամբողջությամբ հորինվել է, այն չի համապատասխանում իրականությանը, նմանվում է թատրոնի և կազմակերպվել է... ոստիկանության ու քննիչների կողմից...»:  Դատական ակտի պատճառաբանական մասում նշված է. «Դատարանը գտնում է, որ Արթուր Ասատրյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները բավարար չեն, չեն կարող իրենց թույլատրելիության, վերաբերելիության և բավարարության առումով հիմք հանդիսանալ մեղադրող դատավճիռ կայացնելու համար... Ակներև է, որ բացակայում է որևէ ապացույց, նույնիսկ ողջամիտ կասկած կամ արդարացված ենթադրություն այն մասին, որ տուժողների առևանգման հարցում առկա է Արթուր Ասատրյանի մեղքը... Եթե անգամ տեսականորեն հիմք ընդունվի, որ իր նկատմամբ սպանություն նախապատրաստող անձանց նկատմամբ Արթուր Ասատրյանը կատարել է ոտնձգություն՝ առևանգել է նրանց ու բռնություն կիրառել սպանության կազմակերպիչներին պարզելու համար, ապա դատարանը գտնում է, որ Ասատրյանի գործողություններում կարող են դիտարկվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության տարրեր, քանի որ երկուսի դեպքում էլ դրանք ուղղված են օրենքով պաշտպանվող շահերի պաշտպանությանը... Դատարանը գտնում է, որ Արթուր Ասատրյանի մեղքը ապացուցված չէ և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի Արթուր Ասատրյանի վերաբերյալ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, ու նա պետք է արդարացվի՝ կատարված արարքում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով»... Դատարանը Արթուր Ասատրյանի նկատմամբ կիրառված գրավը թողել է անփոփոխ՝ մինչև արդարացման դատավճռի ուժի մեջ մտնելը: Ընդհանուր իրավասության դատարանի՝ Արթուր Ասատրյանին արդարացրած դատական ակտը դատախազությունը գնահատել է որպես անհիմն և անօրինական: Դատախազ Ա. Արամյանը վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով Արթուր Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով ու դատապարտել  5 տարի ազատազրկման: Վերաքննիչ բողոքը քննության կառնի վերաքննիչ քրեական դատարանի՝ Տիգրան Սահակյան, Ռուզաննա Բարսեղյան, Լուսինե Աբգարյան կազմը: