Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո. «Ժողովուրդ»

Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որն ուղարկվել էր նախարարին հունիսի 3-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատասխանը բաղկացած է 130 էջից և մի քանի հավելվածներից, որում մանրամասը պատասխաններ են տրվել խմբակցության հարցապնդումներին: Տեղեկացնենք, որ համաձայն «ԱԺ կանոնակարգի» 121-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, վարչապետի հանձնարարությամբ, կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է ԱԺ նախագահին: Եվ, ահա, նշենք, որ հարցադրմամբ մասնավորապես բարձրացվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտի այնպիսի հարցեր, որոնք, ըստ խմբակցության, Արայիկ Հարությունյանի կողմից նախարարի պաշտոնն ստանձնելուց ի վեր լուծում չեն ստացել կամ ավելի են խորացել: Մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունը բարձրաձայնել էր սահմանամերձ և սահմանապահ համայնքներում ուսուցիչների թվի պակասության, կրթության որակի բարձրացման, ուսուցիչների վերապատրաստման և այլ հարցեր: Նկատենք, որ ընդդիմադիր խմբակցությունը նախարարից հետաքրքրվել էր նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորման, «Այբ»-ի աուդիտի արդյունքները հանրությանը չբացահայտելու, մայր բուհում ռեկտորի բացակայությանն ու պաշտոնավարման ժամկետը լրացած հոգաբարձուների խորհրդի մասին: Եվ այսպես, ի՞նչ պատասխաններ է տվել այս հարցերի վերաբերյալ նախարար Հարությունյանը: Որպես «Այբ» դպրոցի հարցին առնչվող պատասխան՝ նախարարությունը նշել է. «Կատարված աշխատանքների արդյունքները քննարկվել են ԿԳՄՍ նախարարությունում, և որոշում է կայացվել առերևույթ խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ինչն էլ կատարվել է նախարարության ս.թ. մայիսի 4-ի գրությամբ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները ստանալուց հետո նախարարությունը կներկայացնի հնարավորինս մանրամասն տեղեկատվություն»: Անդրադառնալով ԵՊՀ-ին՝ նախարարությունը նշել է. «ԵՊՀ կողմից ընտրված անդամների ցուցակն ուղարկվել է նախարարություն, այժմ, սահմանված կարգով, ընթանում է լիազոր մարմնի կառավարության կողմից անդամների նշանակումը, որից հետո խորհրդի կազմը կներկայացվի վարչապետի հաստատմանը»: Պատասխանի մեջ անդրադարձ է կատարված նաև տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին. «Դիանա Գալոյանի ատենախոսության ուսումնասիրությանը վերաբերող եզրակացությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 50-Լ հրամանով ձևավորված հանձնաժողովը հաստատել է որոշ փոխառություններ՝ առանց սկզբնաղբյուրի նշման, փաստելով, որ ատենախոսության գիտական նորույթը հեղինակինն է, ու ամփոփել. «Ընդհանուր առմամբ, ատենախոսությունն իր բովանդակությամբ, գիտական նորույթներով և ստացված արդյունքներով բավարարում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: