«Արարատից» ի՞նչ եք ուզում տղերք․ Ինչով են մերոնք պակաս խոպանչիներից․․․

«Արարատից» ի՞նչ եք ուզում տղերք․ Ինչով են մերոնք պակաս խոպանչիներից․․․

Երևանի «Արարատը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։ 19-րդ տուրում «Ալաշկերտին» 2։1 հաշվով զիջելուց հետո երևանյան ակումբը Գյումրիում արդեն 2։0 հաշվով զիջեց «Շիրակին»։ Երկու դեպքերում էլ «Արարատն» աչքի ընկավ թույլ և անատամ խաղով։ Այս պահին «Արարատն» ունի 31 միավոր և 7 միավորով զիջում է առաջատար «Արարատ-Արմենիային»։ Ամիսներ առաջ այս թիմը աչքի էր ընկնում տպավորիչ խաղով, և հույս ունեինք, որ մեր ամենատիտղոսակիր թիմը, հայկական ֆուտբոլային բրենդը վերակենդանացել է և պատրաստ է լուրջ խնդիրներ լուծել։ Հնարավոր է տարօրինակ հնչի, բայց «Արարատի» անկումը միանգամայն օրինաչափ է և տրամաբանական։ Հերթական անգամ, «Արարատից» հեռացավ գլխավոր մարզիչը՝ այս անգամ ռուս մասնագետ Իգոր Կոլիվանովը։ Անկում գրանցվեց նաև, երբ առաջնության սկզբնամասում փայլուն արդյունքից հետո «Արարատից» հեռացավ մեկ այլ գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն։ Գլխավոր մարզչի հեռանալը չի կարող իր ազդեցությունը չթողնել թիմի վրա։ Այո, որոշ դեպքում գլխավոր մարզչի հեռանալուց հետո տեղի են ունենում դրական տեղաշարժեր, բայց «Արարատի» պարագայում դա ուղղակի անհնար է։ «Արարատի» ղեկավարությունը մարզիչներին փոխում է թաշկինակի պես ինչն ուղղակի աննորմալ և անբացատրելի երևույթ է։ Վերջին երկու մրցաշրջանում մարզչական հեռացումների և փոփոխությունների «Արարատի» համաշխարհային ռեկորդի մասին արդեն իսկ խոսել ենք։ Ստեղծված իրավիճակում սակայն ուղղակի հնարավոր չէ չանել հետևյալ հարցադրումերը։ «Ի՞նչ եք ուզում «Արարատից» տղերք»։ Հարցադրումն առաջին հերթին ուղված է «Արարատի» սեփականատերերին, որոնք տարիներ շարունակ մեր սիրելի թիմի հետ արել են այն, ինչ ուզել են։ Հարկ ենք համարում խոսել ևս մեկ երևույթի մասին, որն ուղղակի անընդունելի է։ Վերջին երկու հանդիպումներում Երևանի «Արարատի» մեկնարկային կազմում, որևէ հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չի եկել։ Տեղի ունեցածը մեկնաբանելն իսկապես դժվար է։ Հասկանում ենք, դրսից հրավիրել եք իբր ավելի ուժեղ ֆուտբոլիստների, բայց․․․։ Հերիք չէ անորակ խաղով պարտվում եք, դրան գումարած էլ հայ տղաներին խաղալու հնարավորություն չեք տալիս։ Ի՞նչով են ֆուտբոլային խոպանչիները մերոնցից լավը։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ միևնույնն է պարտվելու եք և լուրջ հաջողությունների չեք հասնելու։ Գոնե մեր ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տվեք։ Դրանով գոնե բարի գործ արած կլինեք հայկական ֆուտբոլի համար։ Բազմաթիվ ֆուտբոլասերների անունից դիմելով «Արարատի» սեփականատերերին և մասնավորապես Շվեյցարիայում բնակվող հայտնի գործարար Վարդան Սրմաքեշին, ցանկանում ենք պարզաբանում ստանալ «Արարատում» տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։ Երկրպագուն ուզում է վերջապես հասկանալ, որն է Ձեր նպատակը կապված «Արարատի» հետ։ Ռուբեն Հայրապետյանն այլևս ՀՖՖ-ի նախագահը չէ և կարծես չկա խանգարող հանգամանք նորմալ թիմ ստեղծելու։ Ինչո՞ւ չեք ստեղծում այդ թիմը, ո՞րն է դրա պատճառը։ Շարունակ լսում ենք, որ թիմը ֆինանսական խնդիրներ չունի և լուրջ նպատակներ կան առաջիկայի հետ կապված։ Արդյոք հնարավոր է 7-8 մարզիչ հեռացնելուց հետո խոսել նպատակների մասին։ Տեսեք թե վերջին տարիներին ինչ արդյունքներ են գրանցում ավելի փոքր բյուջե ունեցող հայկական թիմեր։ Տեսեք թե ինչ արդյունքներ գրանցեց «Արարատ-Արմենիան» առաջին իսկ փորձից նվաճելով չեմպիոնի կոչումը և դուրս գալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ։ Եթե ձեր նպատակը «Արարատին» տանջելն ու վարկաբեկելն է, ապա տվեք բոլորիս կողմից սիրված թիմը նվիրված և հոգատար մարդկանց։ Կրկնում ենք, «Արարատը» հայկական ֆուտբոլի սիմվոլն է և այն պատվազրկելու մեջ առաջին հերթին մեղավոր են ակումբի սեփականատերերը։