Արսեն Զուլֆալակյանը UWW-ի Ինստագրամի ուղիղ եթերում պատմել է իր անցած ճանապարհի մասին

Արսեն Զուլֆալակյանը UWW-ի Ինստագրամի ուղիղ եթերում պատմել է իր անցած ճանապարհի մասին

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Զուլֆալակյանը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի`UWW-ի Ինստագրամի ուղիղ եթերում պատմեց իր անցած ճանապարհի մասին: Ուղիղ եթերի ընթացքում Զուլֆալակյանը խոսեց Լևոն Զուլֆալակյանի մասին՝ շեշտելով, որ կարիերայի սկզբում մեծ դժվարություններ է ունեցել, քանի որ ինքը Լևոն Զուլֆալակյանի` Օլիմպիական խաղերի չեմպիոնի որդի է և բավական ժամանակ պահանջվեց դուրս գալու «հոր ստվերի տակից»: Նա պատմեց ըմբշամարտի մարզասրահ իր առաջին այցելության մասին և հիշեց իր առաջին մարզչին: Հիշելով 2015 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնական երեկոն` Զուլֆալակյանն ասաց. «Խորհուրդս երիտասարդներին այն է, որ եթե մրցում եք միավորների կամ մեդալների համար` սխալ է, պարզապես վայելեք ըմբշամարտը: Ես հիշում եմ աշխարհի չեմպիոն դառնալու ամեն վայրկյանը, գիտակցում ունեի, որ հենց այս պահը կարող է երբեք չկրկնվել»: Անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակին` Զուլֆալակյանը հորդորեց մարզասերներին պահպանել անվտանգության կանոնները և հոգալ շրջապատի մարդկանց մասին: Արսեն Զուլֆալակյանը 2014 թվականի աշխարհի, 2009 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» (2010թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ (2012թ.) եւ 1-ին աստիճանի (2014թ.), ԵՊՀ ոսկե (2014թ.) մեդալներով: