Պարետատան որոշումների, անվտանգության կանոնների խախտումներ Գյումրիի կենտրոնական շուկայում

Պարետատան որոշումների, անվտանգության կանոնների խախտումներ Գյումրիի կենտրոնական շուկայում

Առանց սահմանափակումների ռեժիմի, բայց անվտանգության նորմերի խստացված պահանջների կատարման հսկողությունը շարունակվում է։ Այսօր էլ Գյումրիի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների բաժնի մասնագետները քաղաքապետի տեղակալի հետ շրջել են կենտրոնական շուկայում և բացօթյա առևտրի կետերում։ Այցը նախազգուշական էր, իսկ պարետատան որոշումների կատարման բազմաթիվ խախտումներ են արձանագրել շուկայում և շուկայի հարակից տարածքների առևտրի տաղավարներում։ Գյումրիի քաղաքապետարանի հարևանությամբ՝ Շահումյան փողոցին կից գործող բացօթյա առևտրի կետերն են, որոնք հասնում են մինչև կենտրոնական շուկա։ Կողք կողքի, հազիվ մեկ մետր հեռավորության վրա հարմարեցված տաղավարներում մթերք են վաճառում։ Կարանտինի ընթացքում ու հիմա էլ փողոցային առևտուրը չդադարեցվեց, իսկ ռիսկերը նման տարածքներում մեծ են։ Պարետատան սահմանած պահանջները՝ պարտադիր դիմակ ու ձեռնոց կրել, բոլոր վաճառականներին չէ, որ սթափեցրել է։ Հորդորն ու նախազգուշացումը տվյալ դեպքում անօգուտ եղավ: Առանց ձեռնոցի, դիմակի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պայմաններում է աշխատում մեծ մասը: Մի քանի ժամ նույն տեղում կանգնած առևտուր են նայում, նույն վայրում սնվում։ Պատասխանատուների անսպասելի ներկայանալը ոմանց ստիպեց շատ արագ ձեռնոց ու դիմակ դնել։ Շահումյան փողոցին հարող տարածքը, սակայն, իր վաճառակետերի խիտ լինելով չի համեմատվի կենտրոնական շուկայի հայտնի Լաչինի միջանցքի հետ, որտեղ առևտրական ու գնորդ պահանջված հեռավորության մասին խոսելն ավելորդ է։ Կենտրոնական շուկայի տարածքը երկու կողմերից շրջապատված է բացօթյա առևտրի տաղավարներով։ Խոսքն արդեն Հաղթանակի պողոտային հարող առևտրի մասին է, որը կանոնակարգել կամ արգելել տեղական իշխանություններին ու ոստիկանությանը չի հաջողվում: Փակ շուկա, որպես այդպիսին, երկաթե անգարում գործում է, որտեղ տեղափոխվել վաճառականները չեն համաձայնում, պատճառները վաղուց են ասել՝ հատկացվող տաղավարները փոքր են, օրական վճարը՝ թանկ։ Փողոցային առևտրի ու գյուղմթերքի շուկայում կանոնների պահպանման բազմաթիվ թերություններ արձանագրեցին։ Այս ստուգայցը նախազգուշական էր, բոլորին խախտումները վերացնելու հորդոր եղավ. չվերացնելու դեպքում մեկ օրով առևտուրն արգելելու որոշումից բացի, վարչական տույժերի կդիմեն։