«Հայաստանը չպետք է ամաչի ներկայացնելու իր շահերը». ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի նոր նախագահը հնարավոր է թուրք լինի

«Հայաստանը չպետք է ամաչի ներկայացնելու իր շահերը». ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի նոր նախագահը հնարավոր է թուրք լինի

ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն առաջիկայում պետք է ընտրեն Գլխավոր ասամբլեայի հերթական՝ 75-րդ նստաշրջանի նախագահին։ Նստաշրջանը աշխատանքները սկսելու է գալիք սեպտեմբերից։ Նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու կա՝ Թուրքիայի փորձառու դիվանագետ և քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրը։ Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն աջակցություն ստանալու համար, սակայն մի շարք երկրներ քվեարկություն են պահանջել։ Քանի որ գործընթացը հրապարակային չէ, դիվանագետները առանց բացահայտելու իրենց անունները, «Ասոշիեյթեդ Փրես»-ին երեք երկիր են նշել՝ քվեարկություն են պահանջում Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը։ Ընթացակարգն այնպիսին է, որ անգամ եթե մեկ երկիր առարկություն է ունենում՝ դրվում է քվեարկության։ Այս դեպքում, փաստորեն, երեք երկիր է առարկել, բայց միևնույն է՝ քանի որ մեծամասնությունը կողմ է, ամենայն հավանականությամբ Վոլքան Բոզքիրը կընտրվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է զգոն լինի, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ անաչառ թուրք թեկնածու չկա: «Ժամանակին Չավուշօղլուն եղել է ԵԽԽՎ-ում, հասկանալի է, որ առաջ էր տանում Ադրբեջանի շահերը։ Ես չգիտեմ որևէ միջազգային ինստիտուտ, որտեղ թուրք պաշտոնյա եղած լինի, և այնտեղ Ադրբեջանի շահերը առաջ չգնան։ Հիմա դա մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ Պողոսյանի՝ իրենք միշտ էլ կողմնակալ են լինելու, իսկ Հայաստանը պետք է չամաչի իր շահերը ներկայացնելու. «Բավականին տարբեր ոլորտներում եղել են իրավիճակներ, որտեղ թուրք պաշտոնյաներ են եղել, ու մենք միշտ դրանից տուժել ենք։ Ուստի պետք է այժմ օգտագործենք բոլոր հնարավորությունները։ Թուրքիան ու Հունաստանը, ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ում դաշնակիցներ են, բայց երբ նույնիսկ Հունաստանն է այս հարցը բարձրացնում, ինչպե՞ս կարող է մեզ համար այս հարցը կարևորություն չունենալ։ Իսկ վերը նշված անձնավորությունը ոչ մեկ անգամ է հակահայկական հայտարարություններով հանդես եկել»։ Մեր զրուցակիցը հավելեց՝ եթե կա հնարավորություն քվեարկություն պահանջելու ու դրանից առաջ մեր տեսակետները բարձրաձայնելու՝ այդ հնարավորությունից մենք միանշանակ պետք է օգտվենք. «Մենք իրավունք չունենք ասելու՝ չենք կարող ոչինչ անել, ու լռենք։ Մի անգամ հայկական կողմը պայքար չտարավ, երբ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը Սլովակիայից տեղափոխվեց Ստամբուլ։ Հետագայում շատ խնդիրների առաջ կանգնեցինք։ Չէ՞ որ ներքին աշխատակիցները, բյուրոկրատական ապարատը մեծամասամբ տեղից էր։ Ո՞վ է թղթերը մշակում, կա գործընթաց, որի համար պետք է շահերդ անպայման պաշտպանես։ Հայկական կողմը մշտապես պետք է բարձրաձայնի պրոթուրքական, պրոադրբեջանական վարքագծի վտանգները, դրանց հնչեղություն տա ու կարողանա իր շահերն առաջ տանել։ Այդ ժամանակ մեր շահերը կսկսեն գիտակցել, իսկ եթե միշտ լռենք՝ որևէ բանի չենք կարողանալու հասնել։ Նույն թուրքական, ադրբեջանական կողմն ամեն առիթ օգտագործում է իրեն ձեռնտու շահարկումներ անելու համար։ Ինչ-որ ժամանակ հետո իրենց լծակներն ազդեցություն են ունենում։ Հիմա մենք էլ պետք է նույնն անենք, բարձրաձայնենք, հնչեղություն տանք, ու թող բոլորը գիտակցեն, որ Հայաստանն իր շահերի հետևից գնալու է ու չի լռելու»։