Ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ ով է իրականում ծաղրածուն․ Արուսյակ Ջուլհակյանը՝ Արմեն Դարբինյանին

Դատարանի որոշումը մեկնաբանելու համար պետք է հասկանալ, թե ինչպես է դատարանը փաստարկել իր որոշումը, իսկ ես դեռ որոշմանը ծանոթ չեմ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով նրան, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանի կալանքի որոշումը: «Այն, որ մենք դատարաններում ունենք խնդիր, նորություն չէ, ինչպես նաև նորություն չէ այն, որ իշխանությունը փորձեր է անում դատական իշխանության համակարգի խնդիրները լուծելու: Շատերն, իհարկե, քննադատում են իշխանություններին, որ այդ փորձերը բավարար չափով արմատական չեն, սակայն իշխանությունները բացատրել են, թե ինչու այս փուլում չեն գնում ռադիկալ քայլերի, քանի որ վտանգ կա, որ դատական իշխանությունը կարող է այնքան լուրջ վնաս կրել, որ այլևս չկարողանա աշխատել»,-ասաց պատգամավորը: