Ահա և վերջ․ ինչ է եզրակացնելու Ապրիլյան քառօրյան քննող խորհրդարանական հանձնաժողովը

Ահա և վերջ․ ինչ է եզրակացնելու Ապրիլյան քառօրյան քննող խորհրդարանական հանձնաժողովը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքը և այժմ ձեռնամուխ է լինում մեկամյա աշխատանքի եզրակացությունը կազմելուն: Հանձնաժողովը հրավիրել և լսել է նախկին իշխանության բարձրաստիճան քաղաքական և զինվորական պաշտոնյաների՝ ընդհուպ Սերժ Սարգսյանին, և միակ բացառությունը, որ մերժել է հրավերը, եղել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Եվ այդպես, ի՞նչ է արտացոլվելու խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության մեջ, այդ եզրակացությունը նպաստելու է թեման փակելուն, այսպես ասած՝ Ապրիլյանի շուրջ կասկածների էջը եթե ոչ բացարձակապես, ապա գոնե հիմնական առումներով փակելո՞ւն, թե՞ հակառակը՝ տալու է հիմքեր, որոնցով կարող են արդեն զբաղվել իրավապահները, կամ խորացնելու է համատարած կասկածները: Գործ ունենք, անշուշտ, բարդագույն հարցի հետ, որը ամենևին լոկ ռազմական կամ ռազմա-տեխնիկական, ամենևին ներքին քաղաքական չէ: Ապրիլյան քառօրյան եղել է աշխարհաքաղաքական մասշտաբի երևույթ, դրանում էական դեր է ունեցել Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, անկասկած նաև Ադրբեջանի ավագ Թուրքիան: Էլ ինչ դերակատարներ ու հանգամանքներ են եղել: Միայն այդ մասշտաբը շոշափելով՝ մենք կարող ենք հասկանալ և, ըստ այդմ, եզրակացնել՝ ինչն ենք փակում կամ ինչը բացում: Այդ իմաստով, ինչով է ավարտելու հանձնաժողովը աշխատանքը՝ դեռ կտեսնենք, իսկ մինչ եզրակացությունը ընթացակարգային մասի ավարտին արժե հիշել, թե ինչից սկսվեց գործընթացը: Իսկ այն սկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ 2018 թվականի մայիսի 18-ի դատարանական վճռից, որով Ընդհանուր իրավասության դատարանը նրան ազատեց կալանքից, իսկ գործն էլ ուղարկեց ՍԴ: Մայիսի 20-ին եղավ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը դատական համակարգի հեղափոխության մասին, որի շրջանակում էլ նա հանկարծ շոշափեց Ապրիլյան քառօրյա պատերազմի թեման՝ նշելով, թե եկել է ժամանակը, որ ստեղծվի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դրա ժամանակի մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը տված պատասխանի համատեքստում: Կա՞ որևէ կապ քաղաքական այդ իրողությունների միջև, և որտե՞ղ է այդ կապը՝ Հայաստանի ներսո՞ւմ, թե՞ դուրսը: Հանձնաժողովի եզրակացության մեջ պետք է ակնկալել խորքային մի շարք հարցերի պատասխաններ: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի