«Գորշ գայլերի» առաջնորդը Թուրքիայում քրեական հեղինակություններից մեկի հետ է հանդիպել

«Գորշ գայլերի» առաջնորդը Թուրքիայում քրեական հեղինակություններից մեկի հետ է հանդիպել

Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին հանդիպել է Թուրքիայում ամենահայտնի քրեական հեղինակություններից մեկի՝ Ալաաթդին Չաքըջիի հետ: Քրեական հեղինակությունը 16 տարի բանտում անցկացնելուց հետո վերջերս է ազատ արձակվել: Հանդիպումը կայացել է ԱՇԿ-ի Անկարայի կենտորանական գրասենյակում: Բահչելին անգամ Twitter-ի միկրոբլոգում է լուսանկար հրապարակել հանդիպումից: Ուշագրավ է, որ Չաքըջին ազատ է արձակվել համաներման օրինագծի շնորհիվ, որը նախագծվել և մշակվել էր Թուրքիայի իշխող կուսակցության և MHP-ի կողմից: Այդ օրինագծի նպատակն էր կորոնավիրուսի պայմաններում թեթևացնել թուրքական բանտերը: Նրա ազատ արձակումը մեծ դժգոհություն է առաջացրել թուրք մտավորականության և իրավապաշտպանների շրջանակներում, քանի որ նույն օրինագծով բազմաթիվ լրագրողներ ու քաղաքական գործիչներ դեռևս անազատության մեջ են: Տեղեկացնենք, որ Չաքըջին դատապարտվել էր, սպանության, գողության, փողերի լվացման և բազմաթիվ այլ մեղադրանքների հիման վրա: