Նոր հարվածային հնարավորություններ՝ AK-103-ի արտադրությամբ. մեծանում է Հայաստանի անկախությունը զենքի արտաքին մատակարարներից

Նոր հարվածային հնարավորություններ՝ AK-103-ի արտադրությամբ. մեծանում է Հայաստանի անկախությունը զենքի արտաքին մատակարարներից

Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը: Այդ մասին infoport կայքի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն: Հիշեցնենք, որ Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրելու մասին առաջին անգամ հրապարակվեց 2018-ի օգոստոսի 22-ին։ Դրանք արտադրելու որոշման մասին հայտարարել էր Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանը։ Ըստ Իգոր Գարդիենկոյի՝ սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK-103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։ Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին՝ 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ՝ լինում են միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիրը: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատել է և թույլատրել կնքել պայմանագիր ընկերությունների միջև տասը տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն: Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը դրական է գնահատում Հայաստանում «Կալաշնիկով» նոր ինքնաձիգների՝ AK-103-ի արտադրությունը։ Նրա խոսքերով՝ AK-103-ը պատկանում է «Կալաշնիկովի» զենքերի ընտանիքի մի ենթաընտանիքի, որն ունի տարբերություններ նույնիսկ իր ենթաընտանիքում։ AK-103-ի հիմնական տարբերությունը 101-ից, 102-ից և այս ենթաընտանիքի մյուս մոդելներից նրանումն է, որ AK-103-ը օգտագործում է 7.62 մմ փամփուշտ, իսկ մեր լեռնային ու անտառային պայմաններում՝ Արցախում, Տավուշում կամ Սյունիքի լեռներում մեզ հենց 7.62 մմ տրամաչափով գործող հրազեն է պետք և, բնականաբար, «Կալաշնիկովի» ավտոմատ։ «Մեր բանակի հիմնական հրաձգային զենքը Կալաշնիկովի ավտոմատն է և դա խորը գնացող ավանդույթներ ունի, ինչպե նաև՝ հասկանալի քաղաքական ենթատեքստ։ Մենք չունենք M-16 կամ M-4 և մեզ սկզբունքորեն պետք էլ չէ փոխել մեր բանակի հրաձգային հիմնական զենքը՝ հրաժարվելով հին ու փորփված Կալաշնիկովից։ Մեր բանակը ավանդականորեն Կալաշնիկովի հաստիքային մոդելներն է կիրառում և այդ ընտանիքի մեջ մենք անում ենք ենթաընտրություն՝ որոշում կայացնելով արտադրել AK-103։ Խնդիրը նրանում է, որ մեր բանակը հիմնականում ունի AKM-ներ, որը արտադրվել է 50-60-ական թվականներին, և AK-74-ներ, որն էլ 70-ական թվականների զենք է, թեև դա ինքնին բնականաբար չի նշանակում, որ այդ զենքերը մաշված են։ Մեր բանակն այս պահին ունի 70-ականների AK-74-ներ՝ մոտ 80 տոկոս և AKM-ներ՝ 60-ականների, որը մոտ 20 տոկոսն է կազմում։ Բայց փորձագետները և մարտական ուղի անցած մարդիկ հանգել են հետևության, որ AKM-ն ավելի լավն է, իսկ այն կիրառում է 7.62 մմ փամփուշտ»,- ասաց Մհեր Հակոբյանը։ Բացի դա, փորձագետի խոսքով, ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանը և աշխարհը մասսայական պատերազմներ չեն վարում։ Վարվում են լոկալ, մանր պատերազմներ։ Եվ այդ ֆոնին փամփուշտի մասայական արտադրության դեպքում պետության ծախսերը էական տարբերություն չեն տալիս։ Այս պայմաններում չեն գործում նաև ավելի փոքր տրամաչափի փամփուշտի կողմնակիցների այն փաստարկները, թե մեկ ռազմիկը ավելի փոքր տրամաչափի ավելի շատ քանակի փամփուշտ կարող է կրել՝ դիրքային և ոչ այնքան մանևրային մեր պատերազմի պայմաններում դա ևս էական չէ: Ասեմ ավելին, ինչպես ցույց է տալիս մարտական փորձի վերլուծությունը, մեր դեմ հարձակման եկող ադրբեջանցի դիվերսանտների ձեռքին նույնպես առանց բացառության AKM-ներ են լինում։ Իրոք, նրանք, երբ դիվերսիայի են գալիս, գիտեն, որ մեր զինվորների հագին զրահաբաճկոններ կան , իսկ AKM-ով զրահաբաճկոն խոցելն ավելի հավանական է։ Ներկայիս բանակները հիմնականում պրոֆեսիոնալ են և մեզ էլ հարկավոր է, որ պրոֆեսիոնալ զինվորի ձեռքում լինի լավ զենք, որն էլ առաջարկվում է։ AK-74-ի հիմնական առավելությունը վատ պատրաստված և թույլ ռազմիկին կրակային հզորություն և դիպուկություն ապահովելն է, ինչի պարագայում այս զենքի ավանդական թերությունների հետ համակերպվում էին: Խնդիր կար՝ մասսայական զորահավաքի դեպքում բարձրացնել վատ պատրաստված աշխարհազորայինի կրակային հնարավորությունները, իսկ դրա համար AK-74-ն ավելի հարմար էր, քան AKM-ն իր 7.62 մմ փամփուշտով: Սրան հակառակ, սակայն, այժմ, և հատկապես մեր պայմաններում, մասսայականության խնդիր այնքան էլ չկա, իսկ մեր բանակի հրաձիգի միջին կրակային պատրաստվածությունն էլ բավականին բարձր է: Այս պայմաններում մեզ առավելապես հարմար է հենց AKM-ն իր 7.62 մմ կրակային ավելի մեծ հզորություն ունեցող փամփուշտով, քան AK-74-ն իր 5.45 մմ փամփուշտով: «Եվ հետո մեր պատերազմի վարման հնարավոր թատերաբեմը Ղարաբաղի, Տավուշի, Սյունիքի անտառներն ու լեռներն են։ Իսկ մարտական փորձը ցույց է տալիս, որ լեռնային, ինչպես նաև անտառներում կռիվների ժամանակ 7.62 մմ փամփուշտներն ավելի արդյունավետ են, իսկ AK-103-ի դեպքում, ինչպես արդեն նշեցիքն, օգտագործվում է հենց այդ տրամաչափի փամփուշտներ։ Արդյունքում, քանի որ ուղղակի իմաստ չունի սկսել AKM-ների արտադրություն, որոշվեց գործարկել AK-103-ը՝ կոնցեպտուալ մակարդակում նույն AKM-ը, բայց վերջինիս բնականաբար ավելի ժամանակակից տեսքով: Այլ կերպ ասաց 2020 թվականին ծնունդ ենք տալու նոր AKM-ին։ Այսպիսով AK-103-ի արտադրությամբ մեր զինվորների հարվածային հնարավորությունները մեծանում են։ Նշեմ, որ արևմտյան երկրներում ևս արդեն վերադառնում են 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով աշխատող զենքերի»,-ասաց փորձագետը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ սկզբնական շրջանում Կալաշնիկով ինքնաձիգերը հավաքվելու են Հայաստանում, այլ ոչ թե արտադրվելու են, Հակոբյանը նշեց, որ դա նախ ռազմական գաղտնիք է, և հետո պետք չէ մանրանալ՝ արտադրվում է , հավաքվում է, թե ուրիշ այլ գործողություն է կատարվում։ «Այդ ամենը էական չէ։ Էականն այն է, որ Հայաստանում հիմնվում է զենքի արտադրության գործարան, որը զգալիորեն մեծացնում է Հայաստանի անկախությունը արտաքին մատակարարներից։ Իսկ մեր պայամաններում, երբ կարող ենք հայտնվել շրջափակման մեջ, սա առավել ևս կարևոր է։ Իսկ վերջում, որ պակաս կարևոր չէ, սրանով մեր երկրում ստեղծվում է զենք արտադրելու ավանդույթ, որը շատ ճիշտ է»,-եզրափակեց Մհեր Հակոբյանը։