Հայերից փախածը. Ինչ ճակատագրի է արժանացել ադրբեջանցի դարպասապահը…

Հայերից փախածը. Ինչ ճակատագրի է արժանացել ադրբեջանցի դարպասապահը…

Ադրբեջանցի դարպասապահ Էմիլ Բալաևը երկարաժամկետ պայմանագիր կկնքի Բաքվի «Զիրայի» հետ։ Այս ֆուտբոլիստը հայտնվել էր ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ուղղակի փախուստի էր դիմել ղազախական «Տոբոլից»՝ չցանկանալով աշխատել հայազգի գլխավոր մարզչի հետ։ Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին «Տոբոլի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Գրիգորի Բաբայանը։ Նշանակումից օրեր անց հարևան երկրի լրատվամիջոցները սկսեցին գրել, որ ադրբեջանցի ֆուտբոլիստը ուղղակի չպետք է խաղա հայ մարզչի գլխավորությամբ՝ հորդորելով նրան հեռանալ «Տոբոլից»։ Վերջինս հունվարի 7-ին ուսումնամարզական հավաքի էր մեկնել Դուբայ։ Ըստ ղազախական լրատվամիջոցների՝ Էմիլ Բալաևը նույնպես մեկնել էր Դուբայ, սակայն չէր մասնակցել մարզումներին և ժամանել էր Թուրքիա՝ վերականգնողական փուլ անցնելու։ «Տոբոլը», չցանկանալով սրել իրավիճակը, նախ հայտարարել էր, որ Բալաևը վնասվածք ունի, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, հերքել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ միանգամայն առողջ է և, ռեաբիլիտացիոն փուլ անցնելուց զատ, նաև մարզվում է անհատական ծրագրով։ «Երբ Բալաևը մեկնեց Թուրքիա, բոլորի համար պարզ էր, որ նա չի վերադառնա «Տոբոլ»։ Ակումբի ղեկավարությունն անտեղի ժամանակ էր ձգում, որպեսզի մեր ֆուտբոլիստը նոր թիմ գտնի։ Ամեն ինչ պարզ էր, հայերը վտարել էին նրան՝ թույլ չտալով, որ հայկական միջավայրում ադրբեջանցի լինի։ Նշանակումից անմիջապես հետո Բաբայանը թիմում ընդգրկեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին։ Այն ժամանակ Բալաևի ծառայությունով հետաքրքրված էին բավական ուժեղ թիմեր՝ Գրոզնիի «Ախմատը», բելգիական «Գենտը», բայց... Թե որտեղ է հիմա խաղում Ադրբեջանի հավաքականի դարպասապահը՝ տեսնում են բոլորը։ «Զիրան» Ադրբեջանում դասվում է միջին մակարդակի թիմերի շարքում և զգալիորեն զիջում է «Ղարաբաղին», ինչու չէ՝ նույնիսկ «Նեֆթչիին»։ Մեր դարպասապահը երիտասարդ է և ունի լավ որակներ։ Բայց արի ու տես, որ նրանից երես թեքեցին։ Մեզ մնում է հուսալ, որ Բալաևը որոշ ժամանակ անց կտեղափոխվի եվրոպական միջին մակարդակի ակումբ։ Հիմա նրան այլ աչքով են նայում, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Փաստն այն է, որ հայերի պատճառով Ադրբեջանի հավաքականի դարպասապահի ճակատագիրը վտանգված է»,- ասել է ադրբեջանցի լրագրող Ռուսլան Միքայիլին։ Հիշեցնենք, որ տարեսկզբին «Տոբոլի» հետ պայմանագիր էր կնքել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, և խոսվում էր այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլիստները կխաղան նույն թիմում՝ հայ մասնագետի գլխավորությամբ։ Դա կլիներ միանգամայն պրոֆեսիոնալ մոտեցում և օրինակելի նախադեպ։ Ինչևէ, իսկ արդյոք Ադրբեջանի հավաքականի դարպասապահը հեռացավ թիմի ճամբարից հայ մասնագետի՞ պատճառով։ Մոտ մեկ ամիս ադրբեջանական կողմը տոտալ ճնշում էր գործադրում Բալաևի վրա՝ հորդորելով այլ ակումբ տեղափոխվել և չշփվել հայերի հետ։ Հիմա արդեն հարևան երկրում խոսում են հայերի կողմից ադրբեջանցի դարպասապահին վտարելու, ինչպես նաև նրա ճակատագիրը խեղելու մասին։ Տեղի ունեցող զարգացումները պարզապես նմանվում են ֆարսի։ Բալաևի՝ «Տոբոլից» հեռանալը միանգամայն անընդունելի էր նրա գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկիի համար։ Մասնավորապես, ըստ նրա՝ Բալաևի խաղով հետաքրքրված էին բազմաթիվ բարձրակարգ թիմեր, և մեծ էր հավանականությունը, որ մոտ ապագայում այս ֆուտբոլիստը կհայտնվեր ավելի ուժեղ թիմում։ Ուստի «Տոբոլում» փորձ ձեռք բերելն ու աճելը պետք է Բալաևի համար լիներ առաջնային։ «Քաղաքական դրդապատճառներով «Տոբոլից» հեռանալը արդեն իսկ լուրջ հետևանք թողեց Բալաևի կարիերայի վրա։ Այո, նա հայտնվել է «Տոբոլից» մի գլուխ ցածր, ադրբեջանական միջին մակարդակի թիմում։ Այն թիմերը, որոնք հետաքրքրված էին Բալաևի ծառայություններով, փախուստից հետո սև ցուցակում գրանցեցին նրան։ Բալաևն ըստ էության ոչ ադրբեջանական բոլոր թիմերի սև ցուցակում է։ Ոմանք արհեստական եղանակներով սրեցին իրավիճակը և կոնֆլիկտներ ստեղծեցին: Ֆուտբոլն ու քաղաքականությունը չպետք է բախվեն։ Այո, հասկանում ենք, որ երբեմն դա հնարավոր չի լինում, բայց… Հավանաբար շատերն են տեղյակ, որ Բաբայանը ծնվել և ապրել է Ալմաթիում: Ես զրուցել էի «Տոբոլ» ակումբի նախագահ Նիկոլայ Պանինի հետ, որն ինձ հավաստիացրել էր, որ Էմիլին ոչ ոք չի նեղացնի: Հարցի ոչ մարզական կողմը չպետք է խոչընդոտ հանդիսանար։ Ի վերջո, ով տուժեց այս թատրոնի հետևանքով։ Պատասխանը պարզ է։ Ցավում եմ Բալաևի համար, բայց հույս ունեմ, որ նա հետևություններ կանի և կփրկի կարիերան»,- նշել է Բալաևի գործակալը: Վերջինիս հայտարարությունից հետո կարելի է հետևություն անել, որ «Տոբոլում» թե՛ Բաբայանի և թե՛ ղեկավարության կողմից Բալաևի նկատմամբ ճնշում կամ խտրական մոտեցում չի եղել։ Ադրբեջանի ազգային թիմի դարպասապահների մարզիչ Կրամարենկոն, ով Բալաևին հորդորել էր զրուցել Բաբայանի հետ և փորձել հարթել արհեստական լարվածությունը, որոշ ժամանակ անց իր սանից պահանջել էր անհապաղ այլ թիմ գտնել։ Ստեղծված իրավիճակում կարող ենք փաստել թերևս հետևյալը. ադրբեջանական հռետորաբանության հիստերիայի հետևանքով առաջին հերթին տուժեց հենց ադրբեջանցի ֆուտբոլիստը։ Ցավոք, ադրբեջանցիների համար անընդունելի է, որ իրենց ֆուտբոլիստը խաղա հայ մասնագետի գլխավորությամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը լինի նրա խաղընկերը։