2000 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. 20-ամյա հղի կինը ամուսնու հետ խեղդամահ է արել իր մորը՝ մեկսենյականոց բնակարանին տիրանալու համար

2000 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. 20-ամյա հղի կինը ամուսնու հետ խեղդամահ է արել իր մորը՝ մեկսենյականոց բնակարանին տիրանալու համար

2000 թվականի մայիսի 19-ին 20-ամյա Ալիսան(անունը փոխված է)  դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազին. «Մայրս հանկարծամահ է եղել: Խնդրում եմ տալ դատաբժշկական փորձագետի որոշում»: Սակայն հենց նույն օրը՝ մի քանի ժամ անց,  նույն 20-ամյա կինը խոստովանել է, որ ամուսնու՝  23-ամյա Քերոբի (անունը փոխված է)  հետ սպանել է մորը, որպեսզի տիրանա Երևանի կենտրոնում գտնվող մեկ սենյականոց բնակարանին: Հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, ամուսինները մասնակցել են քննչական փորձարարությանը ու մանրամասն նկարագրել են, թե ինչպես են կատարել սպանությունը: Ամուսնու ցուցմունքից. «Ալիսայի հետ ծանոթացել եմ Մաշտոցի անվան համալսարանի մոտ: Ընկերություն ենք արել: 1999-ին ամուսնացել ենք: Ալիսայի մայրը կտրանականապես դեմ էր մեր ամուսնությանը: Ես Ալիսային տարա Սիսիան՝ հորս տուն: Ալիսայի մայրն այդպես էլ չհաշտվեց: Մի օր էլ իմացանք, որ բնակարանը կտակել է իր եղբոր տղային: 2000 թվականի ապրիլին եկանք Երևան: Ալիսային ես եմ առաջարկել, որ սպանենք մորը: Համոզված էի, որ նրա մահից հետո բնակարանը կմնա Ալիսային ու ինձ...»: Ալիսայի ցուցմունքից. «Ես Քերոբին ասել եմ՝ ինչ ուզում ես, կարող ես անել: Պատշգամբից վերցրել ու նրան եմ տվել մի շիշ, որի վրա գրված էր՝ «Ռուսսկայա վոդկա»: Մայիսի 19-ին, ժամը 11-ին, երբ մայրս աշխատանքից վերադարձավ, խոհանոցում հաց կերանք: Քերոբը թիկունքից մոտեցավ ու շշով հարվածեց մորս գլխին: Մայրս ճչալով ընկավ, ուշաթափվողի նման շարժումներ էր անում: Ես բռնեցի մորս ձեռքերը, իսկ Քերոբը երկու ձեռքով բռնեց մորս վիզը, բութ մատներով սեղմեց նրա կոկորդը ու խեղդեց: Դա տևեց մեկ-երկու րոպե: Հետո ես բռնեցի մորս ոտքերից, Քերոբը բռնեց նրա  ձեռքերից, տեղափոխեցինք հյուրասենյակի բազմոցի վրա: Ես անմիջապես հավաքեցի կոտրված շշի կտորները: Դրանք թափեցի  շենքի աղբանոցում: Քերոբն ասաց՝ մի երկու ժամով դուրս գամ ծխախոտ առնելու: Ինձ պատվիրեց, որ կանչեմ հարևաններին ու ասեմ, թե մայրս հանկարծամահ է եղել: Ես զղջում եմ կատարածիս համար, խնդրում եմ ինձ ներել»: Այն հարցին՝ ինչո՞ւ էր արյունոտ իր վերնազգեստի թիկունքային մասը, Ալիսան պատասխանել է. «Երևի Քերոբը մորս սպանելուց հետո արյունոտ ձեռքը դրել է մեջքիս, շորս արյունոտվել է...»: Հարևանները հայտնել են. «Հայկուշն ասում էր, որ աղջիկն ու փեսան իրեն կթույնեն կամ կսպանեն՝ բնակարանի համար»: «Երբ Ալիսան ու մայրը վիճում էին, այնպես էին աղմկում, որ ամբողջ շենքը լսում էր»: «Երբ մեծացավ՝ Ալիսան մորը չէր լսում, տանից փախչում էր, անբարոյական կյանք էր վարում... Ես իմ երեխային արգելել էի շփվել նրա հետ»: «Հայկուշը դեմ էր Ալիսայի ամուսնությանը: Պատճառաբանում էր, թե փեսան գյուղի տղա է, սովորած չի, անմակարդակ է, չէր հաշտվում նրա հետ»: Ըստ հարևանների՝ բուժքույր Հայկուշը բոլորին էլ հասնում էր, երբ կանչում էին օգնելու... Պարզվել է, որ Ալիսան Հայկուշի հարազատ աղջիկը չէր: Հայկուշը նրան որդեգրել էր, երբ նա 3 տարեկան էր ու ապրում էր Ռուսաստանում: Մայր ու աղջիկ իրար նման չէին՝ ո՛չ արտաքնապես, ո՛չ բնավորությամբ: Հայկուշը երեքամյա երեխային Ռուսաստանից Հայաստան բերելով՝ պահել ու մեծացրել էր՝ որպես հարազատ երեխայի: Միայնակ էր պահել: Ո՛չ հեշտությամբ: Իր ապագան կապել էր որդեգիր դստեր հետ: Հարևանների վկայությամբ՝ Հայկուշն ամեն բան արել էր հանուն միակ երեխայի: Սակայն ինչքան մեծանում, Ալիսան այնքան հեռանում էր մորից: Նա այլ հետաքրքրություններ ուներ, այլ ձգտումներ: Որպես վերջին ճիգ՝ դստերը ճիշտ ճամփին դնելու համար՝ մայրը նրան ընդունել էր տվել Մաշտոցի անվան համալսարան: Հայկուշն աշխատում էր անմռունչ, որ ուսման վարձը ժամանակին վճարի, աղջիկը դուրս չմնա: Բայց Ալիսան սառն էր, մոր ջանքերը չգնահատող: Հետո նա կապվել էր Քերոբի հետ: Հայկուշի վերջին հույսերը փլուզվել էին: Նա չէր կարողացել հաշտվել Ալիսայի այդ քայլի հետ: Եվ կատարել էր իր համար ճակատագրական դարձած քայլը՝ հայտարարել էր, թե բնակարանը կկտակի եղբորորդուն, եթե Ալիսան դարձի չգա, չվերադառնա մայրական տուն: Ալիսան Քերոբին չէր թողել, չէր վերադարձել... Մայրը տունը կտակել էր եղբորորդուն... Ալիսան ու Քերոբը չգիտեին, որ եթե Ալիսան բնակարանի պատճառով մորը սպանի, կզրկվի այն ժառանգելու իրավունքից: Եվ շահադիտական դրդումներով մայրասպան դառնալով՝ մնացել էին ձեռնունայն... Երբ Ալիսան սպանում էր մորը, ինքն էլ պատրաստվում էր մայր դառնալ: Նա հղի էր: Գիտեր, որ երկու-երեք ամսից մայրանալու է... Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Քերոբն ամբողջ մեղքը վերցրել է իր վրա: Նոր վարկած է ներկայացրել, թե Հայկուշին ինքն է սպանել՝ փոխադարձ վեճի ժամանակ, սպանությունը նախապես ծրագրված չէր: Դատարանում Քերոբն ասել է. «Հայկուշն ինձ ծնող հայհոյեց: Ես հայր չունեմ, դրա համար էլ չհասկացա՝ ինձ հետ ինչ կատարվեց: Հիշում եմ՝ սթափվեցի, տեսա, որ ձեռքերով խեղդում եմ նրան: Երբ սթափվեցի, արդեն ուշ էր, Հայկուշը մահացել էր: Ալիսան ընդհանրապես տանը չէր: Երբ եկավ, ճչաց, ես նույնիսկ նրան խփեցի, որ հարևանների մոտ չվազի...»: Բայց դատական քննության ընթացքում ցուցադրվել է քննչական փորձարարության ժամանակ նկարահանված տեսանյութը: Ալիսան ու Քերոբը փորձարարության ժամանակ մանրամասն պատմել էին, թե ինչու և ինչպես են սպանել Հայկուշին... Ի վերջո, դատարանում նրանք ընդունել են իրենց մեղքը, խնդրել են իրենց հետ մեղմ վարվել, հաշվի առնել, որ իրենց երեխան նոր է ծնվել... Առաջին ատյանի դատարանում դատավճռի հրապարակման պահին նորածին երեխան ընդամենը 14 օրական էր... Առաջին ատյանի դատարանը Քերոբին դատապարտել է 14 տարի ազատազրկման, որից 3 տարին՝ բանտային ռեժիմով: Ալիսան դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Վերաքննիչ բողոք էր բերել միայն Քերոբը. «Խնդրում եմ հաշվի առնել մեր երիտասարդ ընտանիքի հետագա ճակատագիրը, որն այժմ լավ բան չի խոստանում... Եթե հնարավոր է՝ մի քիչ մեղմացրեք պատժաչափը: Շատ եմ զղջում իմ արարքի համար, սակայն զգում եմ, որ արդեն ուշ է...»: Վերաքննիչ դատարանը 2000 թվականի նոյեմբերի 9-ին Քերոբին դատապարտել է նույն՝ 14 տարի ազատազրկմանը, բայց՝ առանց  բանտային ռեժիմի: Ալիսայի պատժաչափը մնացել է նույնը: Ալիսան ոչինչ չէր էլ վիճարկում, բացի... իրենց բնակարանը ժառանգած քեռորդու ներկայացրած 2 հազար դոլար հայցապահանջից: Վերաքննիչ դատարան Ալիսան ներկայացել էր 2 ամսական երեխայի հետ՝ ուղեկցող ոստիկաններով շրջապատված: Նա վերաքննիչ դատարանում ասել է. « Թաղմանը քեռուս տղան երկու հազար դոլարի ծախս արած չի լինի: Չեմ կարող ասել՝ իրականում ինչքան է ծախսել, բայց որ ասում է՝ ինչ-որ դուբից հազար դոլարանոց դագաղ է առել, դա ճիշտ չի: Էդքան ինքը չի արել: Իր պապայի թաղման ժամանակ նույնիսկ էդքան չի արել: Շատ-շատ՝ հազար դոլար ծախսած լինի...»: Հետո Ալիսան շրջվել ու դատարանի դահլիճում նստած հարազատներին է դիմել. «Մեր տանն արդեն ապրո՞ւմ են...»: Ասես՝ մոտ օրերս տուն էր վերադառնալու: Եվ ասես՝ իրեն իրավունք էր թողել, որ մոր կյանքով փոխանակած բնակարանը երբևէ վայելեր...