Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակն է, որ կանոնները պահպանվեն. Փաշինյան

Այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի հերթական ճեպազրույցը պարետատան նիստից հետո: Վարչապետը ևս մեկ անգամ հորդորել է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: «Հաստատված դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից մեր գնահատականը համաճարակի, չի փոխվում: Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք: Մենք նախկինում էլ ունեցել ենք դեպք, երբ տեղի է ունեցել նվազում: Նկատի ունեմ, որ պետք է դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար, որ այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխե՞լ է մեր իրավիճակում, թե՞ ոչ: Ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, բայց նաև ընդգծել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում է դա լինելու խստիվ անհրաժեշտություն: Եվ այն, որ չեն պահվում այդ կանոնները պատշաճ մակարդակի, վկայում է այն, որ ոստիկանությունը երեք օրվա ընթացքում մոտ 1300 արձանագրություն է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ, որոնք վերաբերում են դիմակ կրելու կանոնները խախտելու հանգամանքներին և նաև տեսչական մարմինները մոտ 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաջարկ են ներկայացրել պարետին: Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակն է, որ կանոնները պահպանվեն»,- ընդգծեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ Պարետատան որոշմամբ ավտոմեքենային տրվել է փակ տարածքի կարգավիճակ և ինչպես առևտրի կետերում, մեքենաներում, նույն ընտանիքի անդամները պարտավոր են կրել դիմակներ: «Տներում, նույնիսկ հարևանների հետ պետք է շփվել դիմակով»,- հավելեց վարչապետը: