Հեղափոխությունը կանգ առավ, շուռ կգա հեծանվորդի պես

Հեղափոխությունը կանգ առավ, շուռ կգա հեծանվորդի պես

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։ - Պարոն Արշակյան, շրջանառության մեջ է դրվել Փաստահավաք հանձնաժողովի մասին նախագիծը։ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության առարկա են դառնալու կեղծված ընտրությունները, դրանց հաջորդած քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, զանգվածային ունեզրկումների դեպքերը, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահերը և այլն։ Որքանո՞վ կարող է այն կենսունակ լինել, ի՞նչ ակնկալիքներ կան։ Իշխանությունը ասում է, որ անցումային արդարադատությունը մեկնարկել է։ - Ես ակնկալում էի, որ այսպիսի մի բան կլինի, այսինքն՝ փուլ առ փուլ ՀՀ քաղաքացիների ընտրած իշխանությունը (խոսքս ԱԺ-ում քաղաքական մեծամասնության մասին է), լեգիտիմ իշխանությունը տալիս է նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականը։ Սա հաջորդ հանգրվանն է, առաջինը՝ քաղաքական մեծամասնության, այսինքն՝ ժողովրդի ընտրած իշխանության կարծիքն է քրեաօլիգարխիկ համակարգի մասին և գործող օրենսդիր մարմնի լուծարումը։ Առաջինը ժողովուրդը մերժեց գործադիր իշխանությանը, հետո՝ օրենսդիրին, հիմա խոսքը գնում է դատաիրավական համակարգի մասին։ Բացի նրանից, որ ՀՀ քաղաքացիները, այսինքն՝ ՀՀ-ն կողոպտվել է քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, այլ նաև անհատապես պողոսները կողոպտվել են որպես բժիշկ, մանկավարժ, արհեստավոր, բանվոր, մարդիկ անհատապես կորուստներ են ունեցել, ենթարկվել են ռեկետի և ռեյդերության։ Եվ, իհարկե, դատաիրավական բարեփոխումներին զուգահեռ, քաղաքական մեծամասնությունը նաև քաղաքացիների, ազատազրկված, ունեզրկված, անպատված քաղաքացիների ռեաբիլիտացիայի հարցն է դնում։ Այդ հանձնաժողովի անունը կարելի է դնել ռեաբիլիտացիայի հանձնաժողով։ - Ինչ եք կարծում՝ 91-2018թթ․բացահայտումները պետք է արձանագրվե՞ն միայն, թե՞ պետք է նաև դրանց լուծումներ տրվեն։ - Մեր այս հաշմանդամ Սահմանադրությունը ունի մեկ դրույթ, ԱԺ-ն կարող է ձևավորել այլ դատարաններ։ Դա նշանակում է, որ դատական կարգով մեր ԱԺ-ն իրավունք ունի դատարան ձևավորելու, որը կվերանայի այդ գործերի դատական էությունը։ Քանի դեռ այս Սահմանադրությունը գործում է, այդ նոր դատարանները կլինեն նաև դատաիրավական բարեփոխումների համար լուրջ հենարան և ուղեցույց, այնտեղ պետք է հավաքվեն պրոֆեսիոնալներ, մաքուր խղճով մարդիկ։ Նրանք կարող են 1920 թվականից սկսած գործեր վերանայել՝ առանց խանգարելու քրեական և վարչական խնդիրներին, որոնք մեր կյանքում առաջանում են։ - Կարծում եք՝ բացահայտումներին կհաջորդեն քրեակա՞ն գործընթացներ, պատասխանատվության ենթարկվողներ կլինե՞ն։ - Իշխանությունը կգնա, քանի դեռ ուժը պատում է, քանի դեռ լեգիտիմ է, քանի դեռ ունի քաղաքացիների աջակցությունը։ Նրանք հեղափոխականներ են, պետք է գնան այդ ճանապարհով, եթե իրենք չգնան, միևնույն է, կգա մի ուժ, որը կգնա: Դա անհրաժեշտություն է, հրամայական է, օրակարգ է, մարտահրավեր է, այլապես մենք խնդիրը հետևյալ կերպ պետք է դնենք՝ ո՞վ է դա անելու, և եթե ես դա տեսնում եմ, իրենք էլ են տեսնում։ Այլապես, իրենք պետք է բացատրեն՝ ինչու չարեցին, դրա համար իրենք կանեն։ - Երկարատև գործընթացի հետ գործ ունե՞նք։ - Թող տարիներ տևի, ո՞ւր ենք շտապում։ Եթե մենք դա անում ենք մարդասիրաբար, ուր ենք շտապում, պետք է մաքրվի Հայաստանը, մենք կհամբերենք, փուլ առ փուլ պետք է մաքրվի։ Իսկ ով ասաց, որ դանդաղ պետք է անեն, եթե արհեստավարժ լինեն, արագ կանեն։ - Քննադատություններ են հնչում, որ իշխանությունը հապաղում է, ավելին՝ ուշացել է այս գործընթացներից։ - Ուշանալու մասով՝ լավ է ուշ, քան երբեք, իսկ ընդհանրապես նրանց հնարավորությունն այսքան է։ Մենք ունենք այն դաշնակահարը, որն ունենք, դաշնակահարը նվագում է ճիշտ այնքան, որքան կարողանում է, պետք է չկրակել դաշնակահարի վրա։ Իշխանությունը գնում է հեղափոխությունը շարունակելու և ավարտելու ճանապարհով, հետ չի կանգնում, հեղափոխությունը դա հեծանվորդ է, հենց հեծանիվը կանգ առավ, հեծանվորդը տապալվում է, գլորվում է։ Հեղափոխությունը այդպիսի բան է, կանգ առավ, շուռ կգա։