Պետությունը շարունակում է անտեսել քաղաքացիական լրջագույն դասի՝ ազատ արվեստագետների խնդիրները․ Վահան Արծրունի

Պետությունը շարունակում է անտեսել քաղաքացիական լրջագույն դասի՝ ազատ արվեստագետների խնդիրները․ Վահան Արծրունի

Ազատ և ինքնադրսևորվող արվեստագետի ստատուսը՝ քաղաքացիական կարգավիճակը, Հայաստանի Հանրապետությունում բացակայում է։ Ամբողջ աշխարհում այդ կարգավիճակը նկարագրված է օրենքով, ու քաղաքակիրթ երկրներում ազատ արվեստագետները հաշվառված են։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին։ Երաժիշտը նշեց, որ այս խնդիրը ինքը բարձրաձայնում է արդեն 15 տարի։ Հեղափոխությունից հետո իշխանության եկած գործիչների հետ ևս ունեցել է բազմաթիվ հանդիպումներ այդ հարցով։ Ազատ արվեստագետների աջակցության, նրանց քաղաքացիական կարգավիճակի հարցն էլ ավելի սրվեց կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ Պետական աջակցության ծրագրերում ոչ մի անդրադարձ չի եղել այդ արվեստագետներին աջակցելու, նրանց կողքին կանգնելու հարցին։ Արվեստագետները, որոնք մշտական աշխատանք չունեն, չունեն սեփական բիզնես, որոնք բացառապես արվեստով են զբաղվում ու իրենց եկամուտը՝ երբեմն չնչին, հենց այդ արվեստով են ստանում, այսօր մեծ խնդրի առաջ են կանգնած։ Նրանք սկսել են բարձրաձայնել, խոսել։ Եվ խնդիրը բնավ պետությունից մի քանի հազար դրամ աջակցություն ստանալը չէ, այլ ուշադրությունն ու, վերջիվերջո, նրանց քաղաքացիական կարգավիճակի հստակեցումը։ Վահան Արծրունին հիշատակեց Գերմանիայի օրինակը, որտեղ արվեստագետների հաշվառված լինելը կառավարությանը թույլ տվեց կետային աջակցություն ցույց տալ առաջին հերթին ազատ արվեստագետներին։ «Գերմանիայի կառավարությունը արվեստի ոլորտին հատկացրել էր 50 մլրդ եվրո։ Ճգնաժամային ճիշտ պահին աջակցություն հատկացվեց յուրաքանչյուր ազատ արվեստագետին։ Նախ՝ նրանց հնարավորություն տրվեց իրավաբանորեն ձևակերպվելու, ապա՝ նրանց հաշիվներին նստեցվեց 5000-ական եվրո գումար՝ իբրև օժանդակություն և օգնություն կառավարության կողմից։ Այսինքն՝ մենք խոսում ենք երկու իրողությունների մասին։ Մեկը՝ քաղաքակիրթ պետության, որը տեսնում է ազատ արվեստի դաշտը, հարգում է ազատ արվեստագետին ու օժանդակում, և երկրորդ՝ այն բևեռը, որը տիրում է Հայաստանում արդեն 30 տարի է ու որն անփոփոխ է կառավարությունից կառավարություն՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան»,- մանրամասնեց Վահան Արծրունին, ապա ավելացրեց՝ մշակույթի նախարարությունն արվեստը դիտարկում է մեկ դիտանկյունից՝ գոյություն ունի հաստիքային, հաշվառված արվեստագետ, և վերջ։ Վահան Արծրունու խոսքերով՝ մշակույթի նախարարությունը դաշտին սելեկտիվ մոտեցում է ցուցաբերում։ «Դուք շատ լավ գիտեք, որ հաստիքային մշակութային գործիչների աշխատավարձերը կորոնավիրուսի ժամանակ պահպանվել են, չնայած նրան, որ այս ընթացքում ոչ մի համերգային կազմակերպություն ու թատրոն չի գործել այս ընթացքում։ Անդրադարձ ազատ դաշտին ընդհանրապես չի եղել։ Պետական մակարդակով ոչ մի անդրադարձ չի եղել։ Սա նշանակում է, որ պետությունը շարունակում է անտեսել այդ քաղաքացիական լրջագույն դասի առկայությունը հայրենիքում»,- ցավով նշեց արվեստագետը։ Վահան Արծրունին նկատեց՝ ազատ արվեստագետների մասնագիտական ոլորտն այսօր չի գործում, դա կհանգեցնի նրան, որ արվեստագետները կսկսեն այլ գործով զբաղվել, ու կտուժի ոլորտը՝ արվեստը։ «Պետությունը շարունակում է ձևեր թափել, որ նման կատեգորիա չկա երկրում ու անտեսում է այդ խավի խնդիրները։ Ես արդեն 15 տարի է՝ խոսում եմ ազատ արվեստագետի օրենքի անհրաժեշտության մասին։ Պետությունը որևէ միջնորդություն չի կարող ունենալ այդ մարդկանց հետ, եթե չկա օրենսդրական, իրավաբանական հարթակ։ Եթե օրենքն ընդունված չէ, որը նկարագրում է իմ կարգավիճակը, պետությունը որպես ի՞նչ պետք է ինձ հետ առնչվի, որպես ո՞վ։ Դուք լրագրող եք, դուք պաշտպանված եք խոսքի ազատության օրենքով, որը նկարագրում է ձեր պարտավորությունները, տալիս է ձեր մասնագիտական երաշխիքները և այլն։ Փոքր բիզնեսն ունի իր օրենքը։ ՍՊԸ-ներն ունեն իրենց օրենքը։ Ազատ արվեստագետը արվեստագետ-պետություն հարաբերությունները համակարգող օրենսդրական հիմք չունի։ Պետք է սկսել նրանից, որ այս օրենքը ստեղծվի։ Իսկ այդ օրենքի ստեղծման համար անհրաժեշտ է քննարկում։ Իսկ այդ քննարկումները կորոնավիրուսի ժամանակ իրատեսական չեմ համարում։ Որտե՞ղ մենք պետք է հավաքվենք»,- տեսակետ հայտնեց արվեստագետը։ Արծրունու խոսքերով՝ այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը պետության վրա է, որը 30 տարվա ընթացքում անտեսել է այս խնդիրը։ Տարիների ընթացքում այս խնդիրը, ըստ Արծրունու, դարձել է ցավոտ ու լրջագույն։ «Արվեստագետը, եթե ստիպված լինի փոխել մասնագիտությունը, նշանակում է՝ նա չի զբաղվելու արվեստով»,- իր խոսքն ամփոփեց Վահան Արծրունին։