Ոստիկանությունում ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Ոստիկանությունում ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ Բացի այդ, ՀՖՖ նախագահն իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին, ապա՝ 2018 թվականի փետրվարին ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավոտմեքենայի գնման պայմանագիր, ինչի արդյունքում տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է անհամեմատ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով։ Այս գործարքի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18 միլիոն 575 հազար դրամ։ Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՀՔԾ։