«Քաղաքային իշխանությունը Կոնդի հարակից տարածքներում պետք է հայտարարի շինարարությունների մորատորիում»

«Քաղաքային իշխանությունը Կոնդի հարակից տարածքներում պետք է հայտարարի շինարարությունների մորատորիում»

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքաշինական որոշ խնդիրների՝ մասնավորապես Կոնդ թաղամասում կառուցապատման համար շինթույլտվության դիմելու և Սարյան-Բյուզանդ-Արամի փողոցի միջնամասում՝ Կոնդի կամ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց ՀԷՑ-ի նոր ենթակայան կառուցելու շինթույլտվության խնդրին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վիկտոր Մնացականյանը մտահոգություններ հայտնեց այս կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք կարող են ճակատագրական լինել Երևանի ինքնության և ենթակառուցվածքների առումով։ Նախկին թաղապետն երկու խնդիր առանձնացրեց․ «Առաջինը՝ մի քանի օր առաջ տեղեկացա, որ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը, կարծես, վերջնական մեխն է խրելու Կոնդի այդքան չարչրկված հարցում, այն է՝ Սարյան փողոցի վրա պահպանված եզակի բնական տարածքում կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար։ Տևական ժամանակ հետևելով Կոնդի խնդիրներին, փորձել եմ հասկանալ, թե ինչու է Երևանի ամենակենտրոնական, բարձրադիր ու գրավիչ հատվածը տարբեր իշխանությունների կողմից ասոցացվել պրոբլեմի հետ։ Հիմնվելով կատարածս ուսումնասիրությունների վրա, որպես ուրբանիզմով զբաղվող և այդ վարչական շրջանի ղեկավարի մեկ տարվա պրակտիկ փորձ ունեցող մարդ, ուզում եմ հստակ ընդգծել, որ մենք այսօր ունենք «Կոնդի մուտքի խնդիր», այսինքն՝ եթե քաղաքացիների մեծ մասին այսօր հարցնենք, թե որտեղից նրանք կարող են մտնել Կոնդ, 90 տոկոսի մոտ, վստահաբար, կտեսնենք հարցական դեմքեր։ Հենց այս պարզ ու հասարակ թվացող խնդրի պատճառով մենք ունենք այն, ինչ ունենք, իսկ ավելի շուտ՝ «տարածքային գետտո»։ Հիմա անդրադառնամ նաև այդ շինթույլտվության հարցին. եթե մի օր անցնեք և ուսումնասիրեք Սարյան-Լեո-Պարոնյան-Պռոշյան-Ֆրիկ փողոցները, կտեսնեք, որ ընդամենը այդ մի հատվածն է մնացել «կուսական», որտեղ պահպանվել են և՛ Երևանի, և՛ Կոնդի համար ինքնատիպ տներ և Կենտրոնի համար շատ եզակի լանդշաֆտ՝ իր օրիգինալ կանաչապատ տարածքներով և, ամենակարևորը՝ Կոնդից դեպի Երևան և Կենտրոնից դեպի Կոնդ բացվող տեսարանով։ Նշեմ, որ 90-ականների սկզբից այդ հատվածում արդեն կա վեց շենք՝ մեծ հաշվով անճաշակ և տեղանքին ոչ համահունչ։ Նշված նոր նախագիծը որակական առումով տարբերվում է մնացածից իր՝ ավելի ճաշակով ու ժամանակակից քաղաքաշինական լուծումներով, բայց միևնույն է՝ այդտեղ կառուցապատումը, կարծում եմ, անթույլատրելի է։ Երկրորդ խնդիրը վերաբերում է Սարյան-Բյուզանդ-Արամ փողոցի միջնամասում գտնվող՝ Կոնդի կամ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց կատարվող շինարարությանը, որն արդեն ունի շինթույլտվություն՝ կառուցել ՀԷՑ-ի նոր ենթակայան։ Ես, բնականաբար, դեմ չեմ կատարվող շինարարությանն ու ներդրումներին, նաև հասկանում եմ, թե որքան կարևոր է զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները, բայց խնդրում եմ, որ դա արվի գրագետ և Երևանի համար պակաս ցավոտ ելքով։ Նշված հատվածը ևս եզակի է այդ ամբողջ հատվածում՝ Սարյանից մինչև Թումանյան, որտեղ կարելի է կառուցել ստորգետնյա կայանատեղի՝ մոտավորապես երկու հարյուր և ավելի մեքենաների համար։ Եկեք միասին խնդրենք քաղաքային իշխանությանը, օրինակ, անվճար հիմունքներով երկարաժամկետ կտրվածքով տրամադրել այդ ամբողջ տարածքը, իսկ ներդրողներին, որոնք համարվում են Երևանի, Ռուսաստանի և Լիբանանի լավագույն շինարարներից ու կառուցապատողներից և ենթադրում եմ, որ ունեն հարուստ փորձ, առաջարկենք իրենց նախագծերը հետագայում իրականացնել առաջին դեպքում Կոնդի ավելի բարձրադիր մասում, երկրորդ դեպքում՝ գոնե 2-3 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա։ Ընդամենը պետք է, որ քաղաքային իշխանությունները հետևողական լինեն և պահանջեն ստորգետնյա կայանատեղիի կառուցումը, իսկ արդեն վերևում ինչ ուզում են թող կառուցեն՝ կլինի դա ենթակայան, ռեստորան, թե այլ ժամանցի վայր»։ Վերջինիս խոսքերով՝ այստեղ ոչ թե ապօրինի շինթույլտվության մասին է խոսքը, այլ քաղաքային իշխանության կողմից ուշադրության պակասն է նման խնդիրներին։ «Շատ լավ կլիներ, որ մենք ունենայինք ստորգետնյա նոր ավտոկայանատեղիներ, որովհետև այսօրվա դրությամբ դա է հարցի լուծումը։ Ներկա դրությամբ մեզ մոտ վերգետնյա կայանատեղիների գումարը մեկ ժամվա համար կազմում է 35 դրամ, ինչը խայտառակ ցածր թիվ է։ Ըստ իս՝ մեկ ժամվա արժեքը պետք է դարձնել 500-1000 դրամ՝ ինչպես աշխարհի մնացած այլ քաղաքակիրթ և զարգացած քաղաքներում է»,-ասաց Վիկտոր Մնացականյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Երևանի շատ խիտ բնակեցված հատվածում, որտեղ կան տասնյակ նորակառույց բարձրահարկ շենքեր, որտեղ գործում են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ, բացվել է մարդկային մեծ հոսքով այգի, չկան գրագետ գծանշումներով և համապատասխան քանակով ավտոկայանատեղիներ։ Ըստ նրա՝ պետք է կենտրոնանալ վերոնշյալ խնդիրների լուծման վրա և Կոնդի ու նրա հարակից տարածքներում հայտարարել շինարարությունների մորատորիում, քանզի դա բխում է բացառապես Երևանի շահերից։ Մեր զրուցակիցը կարծում է, որ այս հարցերի շուրջ քաղաքային իշխանությունն անպայման պետք է կազմակերպի հանրային լսումներ։