Արցախում բուռն ներքաղաքական պրոցեսներ են. ընդդիմությունը ռադիկալ չի լինի

Արցախում բուռն ներքաղաքական պրոցեսներ են. ընդդիմությունը ռադիկալ չի լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ, նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։ - Պարոն Բաբայան, Արցախում ուշագրավ ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, կադրային նշանակումներ, համագործակցության հուշագրեր, ինչպես նաև հանդիպումներ։ Օրերս նաև Ձեր կուսակցության հետ էր հանդիպել ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը։ Ինչպե՞ս կբնութագրեք ընթացող ներքաղաքական պրոցեսները։ - Արցախում բավականին բուռն ներքաղաքական իրավիճակ է, ընթանում են բանակցություններ, կոնսուլտացիաներ համագործակցության և հետագա քայլերի մասին։ Դա չի նշանակում, որ տեղի է ունենում տարբեր ուժերի միաձուլում։ Պարզապես քաղաքական կոնսուլտացիաները հարաբերությունների քաղաքակիրթ կարգավորման ձև են։ Եթե այն ընթանում է նորմալ, օգուտ կբերի մեր պետությանը ու կնպաստի ներքաղաքական կայունությանը։ Կոնսուլտացիա տեղի ունեցավ նաև Արցախի Պահպանողական  կուսակցության հետ։ Մենք ողջունում ենք այդպիսի քննարկումները։ Բայց նաև ընդգծում ենք մի շատ կարևոր բան՝ ի տարբերություն այլ ուժերի, երբևիցե մեր կարծիքները չենք փոխում, հավատարիմ ենք մեր արժեհամակարգին։ Մենք չունենք թշնամիներ Արցախում, բայց չկան նաև ուժեր, որոնց կցորդն ենք դառնալու, այդպիսի ցանկություն չի լինելու։ Պատրաստ ենք համագործակցել ուժերի ներածի չափով, այդ փորձն ու գիտելիքը կա, հարգանքն ու պատիվը կա։ Դուք գիտեք, որ ինձ առաջարկվել է, և ես ընդունել եմ նախագահի խորհրդականի պաշտոնը՝ արտաքին հարաբերությունների գծով, հաշվի առնելով փորձս, գիտելիքներս։ Կարծում եմ՝ պետությունն ու ժողովուրդը իմ մասնակցությունից առնվազն չեն տուժի։ - Տպավորություն է, որ այժմ Արցախում ոչ մի ռադիկալ ընդդիմադիր ուժ չի մնացել։ Դա լա՞վ է, թե՞ վատ։ - Ես կարծում եմ և միշտ էլ այդ գաղափարը բարձրաձայնել եմ, որ մեզ պետք են նորմալ ընդդիմադիր ուժեր, ոչ թե ռադիկալ։ Ընդդիմադիր ուժը  միշտ պետք է ավելի բարձր արժեհամակարգ ունենա, ավելի առաջադեմ լինի, քան իշխանությունը։ Միայն դրանով մենք կարող ենք առաջադիմություն ցուցաբերել, ոչ թե ռադիկալ բաներ խոսելով, փնովելով ու հայհոյելով։ Ընդդիմությունը նրա համար է, որ խորհուրդ տա, թեկուզ քննադատելով, կառուցողական առաջարկություններ ներկայացնի։ Եթե դա այդպես չէ, պայքարն անիմաստ է։ Ես չեմ ուզում որևէ մեկի անունը տալ, որևէ մեկին փնովել, քննադատել կամ գովաբանել։ Կարծում եմ, որ պետք է առնվազն մեր սկզբունքներին հավատարիմ մնանք։ Շատ կուզենայինք, որ Արցախում լինեին առողջ, այդ թվում՝ ընդդիմադիր ուժեր։ Այս կոնսուլտացիաներն էլ են հնարավորություն տալիս տարբեր կարծիքներ լսելու։ Պարտադիր չէ, որ որևէ մեկը հայտարարի, թե ինքը ընդդիմադիր է կամ իշխանամետ։ Օրինակ՝ մենք պետականամետ ենք ու կենտրոնամետ, մեր դիրքորոշումը հրապարակում ենք անկախ ամեն ինչից։ Չենք քննադատում՝ փնովելով, եթե լինի քննադատություն՝ միայն ավելի լավ քայլեր կատարելու հորդոր։ Պետք է այսպիսի քաղաքական մշակույթ ձևավորենք Արցախում ու այստեղ, դժբախտաբար, ավելի շատ աշխատանք ունենք անելու։ - Բայց նաև կարծում եք՝ ազնի՞վ է հանրության առաջ ընդդիմադիր ներկայանալ նախքան ընտրությունները, հետո  համագործակցել  իշխանությունների հետ։ - Գիտեք, ամեն մի անհատ ինքն է որոշում՝ ինչպիսի պահվածք ցուցաբերի։ Մենք մեր պահվածքը որդեգրել ենք և դրանից չենք հրաժարվում։ Ընդհանրապես երկու կարևոր գործոն կա, որով մեր հանրությունը պետք է իրավիճակը գնահատի։ Մեկը բարձր գիտակցությունն է՝ քաղաքական և այլն։  Մյուսը՝ բարոյական արժեհամակարգը, այսինքն՝ արժանապատվության արտահայտումը։ Դու կարող ես հասկանալ՝ ինչ է  կատարվում, բայց արժանապատվություն ու խիզախություն չունենաս ասելու, թե ինչ է կատարվում, կամ գոնե քեզ համար հետևություններ անելու։ Հետևաբար պետք է ունենաս արժանապատվություն, խիզախություն և համապատասխան կրթվածություն, գիտակցում։ Երբ սրանք իրար հետ համախմբվում են, հանրությունը համապատասխան հետևություններն անում է ու հետագայում արդեն ավելի լավ է պատկերացնում՝ ով ով է։ Եթե դա տեղի չի ունենում՝գիտակցություն կա, բայց արժանապատվություն չկա, տարբեր տիպի երևույթներ կրկնվում են, որովհետև հանրությունը հետևություններ չի անում։ Իսկ եթե չկա գիտակցություն, կա արժանապատվություն՝ դա բերում է ռադիկալիզմի, որը ծայրահեղականություն է ու մեզ  համար ընդունելի չէ։