Սկսված տնտեսական ճգնաժամի հաղթահարումը կձգվի ավելի տևական ժամանակ, քան 2008-2009 թվականներից հետո է եղել

Սկսված տնտեսական ճգնաժամի հաղթահարումը կձգվի ավելի տևական ժամանակ, քան 2008-2009 թվականներից հետո է եղել

Այս տարվա առաջին եռամսյակը ընդհանուր առմամբ հաջող է ընթացել Հայաստանի բանկային համակարգի համար։ Բանկերը  զուտ շահույթի զգալի աճ են գրան­ցել նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 44.7%։ Բանկային համակարգի ձեռքբերումները որքանո՞վ են արտացոլվում տնտեսության մյուս հատվածների վրա: Համակարգի վարքագիծը փոխվո՞ւմ է արդյոք ճգնաժամերի ժամանակ: Ի՞նչ խնդիրների առաջ կարող են կանգնել բանկերը։ Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։ - Պարոն Վարդանյան, բանկային համակարգի ձեռքբերումները որքանո՞վ են արտա­ցոլվում տնտեսության մյուս հատվածների վրա: Համակարգի վարքագիծը փոխվո՞ւմ է արդյոք ճգնաժամերի ժամանակ: - Նախ՝ ուրախալի է, որ երկրի տնտեսության կայացած ու կարևոր հատվածներից մեկը՝ բանկայինը, շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկի արդյունավետ կարգավորման ու վե­րահսկողության և հատկապես բանկային համակարգում առկա բարձրա­կարգ մա­ս­նա­գետ­ների ու անընդհատ ներդրվող ինովացիաների, 2019 թ.-ի նույն ժամանակահատ­վածի համեմատ, 2020 թ.-ի առաջին եռամսյակում, երբ սկսվեցին դրսևորվել համավարակի առաջին հետևանքները, կարողացել է ապահովել շահույթի բարձր մակարդակ: Ավելին, առևտրային բանկերի ակտիվները կազմել են  5 տրլն 916 մլրդ դրամ կամ 2019 թ.-ի մարտ ամսվա համեմատ 2020 թ.-ի մարտին աճել են 15.3 %-ով: Բացի դրանից, բանկային համակարգի գործունեությունը բնութագրող երկու կա­րևոր ցուցանիշների  (բանկային համա­կարգի ակտիվներ/ՀՆԱ և բանկային համակարգի վարկեր/ՀՆԱ հարա­բերակ­ցությունների) առումով հնարավոր է, որ 2019 թ.-ի դրա­կան միտումները պահպան­վեն նաև 2020 թ.-ին:  Ի դեպ, նման ենթադրության համար հիմք է այն, որ 2008 թ.-ին սկիզբ առած և Հայաստանում բավական խիստ դրսևորված տնտե­սա­կան ճգնաժամին նա­խորդող տարում՝  2007թ.-ին, նշված հարաբերակ­ցութ­յունները կազ­մել են համապա­տասխանաբար՝ 24.3 % և 13.5 %, իսկ 2010 թվականին՝ 45.1 % և 27.4 % (2008 թ.՝ 28.7 % և 17.8 %, 2009 թ.՝ 42.2 % և 23.4 %): Չնայած դրան՝ տնտեսությունն արագ վերականգնել չհաջողվեց. 2008թ.-ի մակարդակին հնարավոր եղավ հասնել 2014 թ.-ին՝ այն ժա­մա­նակ, երբ սկսեցին կիրառվել տնտեսական պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ, ինչի բացասական ազդեցությունը մեր տնտեսության վրա զգացվում է առայսօր: Այս առու­մով կարևոր նշանակություն ունի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որին առնչվող ԿԲ-ի իրականացրած քաղաքականությունը միանգամայն համահունչ է իրեն վերապահված գործառույթների տեսանկյունից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է փոխարժեքային շոկերը կանխարգելելուն, գների կայունությունն ապահովելուն, գնաճի սահմանված նպատակն իրագործելուն և այլն: Զուտ ֆինան­սական համակարգի կայունության տեսանկյունից գուցե համապատասխան գործի­քա­կազմի կիրառումը կարող է դիտվել արդարացված, սակայն տնտեսության զարգացման առու­մով այդպիսի մոտեցումները կասկածահարույց են. դրամի փոխարժեքի ամ­րապնդում, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքով փողի թանկացում, գնաճի զսպում բա­վա­կան ցածր մակարդակում: Տպավորություն է ստեղծվում, թե բանկերը, մի փոքր բա­ցա­ռություններով, աշխատում են իրենց համար: Այսպես, օրինակ, նախքան 2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամը, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2006 թ. 1-ին եռամսյակում կազմել է 3.5 %, չորրորդում՝ 4.75 %, իսկ տնտեսական աճը՝ 13.2 %, 2007թ.-ին՝ համապատասխանաբար՝ 4.5 % և 5.75 %, 13.8 %, 2008 թ.-ին՝ 6.5%, 7.25%, 6.8%: 2009 թ.-ին, երբ ՀՀ տնտե­սութ­յունը գահավիժեց, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց մինչ 5 %: Դրա­նից հետո հաջորդող 10 տարիների ընթացքում ԿԲ-ն իրականացնում էր կոշտ դրա­մավարկային քաղաքականություն. վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահ­ման­վել է 7 %-ից բարձր, իսկ գագաթնակետը եղել է 2015 թ.՝ 10.5 %: Ներկայում այն սահ­մանվել է 5 % մակարդակում, իսկ առաջին եռամսյակում գնաճը կազմել է 1.7 %: Նման դրամավարկային քաղաքականության ու գնաճի նպատակադրման պայմաններում սկսված տնտեսական ճգնաժամի հաղթահարումը կձգվի ավելի տևական ժամանակ, քան 2008-2009 թթ.-ներից հետո է եղել: Հետևաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահմանումը 3-3.5 %-ի մա­կարդակում, իսկ գնաճի նպատակադրումը՝ 3-4 %-ի միջակայքում, կարող է համարվել նպա­տակահարմար տնտեսության առջև ծառացած խնդիրների համեմատաբար արագ լուծման տեսանկյունից: Միաժամանակ, տեղին կլինի առևտրային բանկերի կողմից իրենց եկամտաբերության մակարդակի վերանայումը հնարավորինս առավելագույն նվազեցման ուղղությամբ՝ տնտեսության մյուս հատվածներին և բնակչությանն աջակցելու նպա­տակով: Դրամի փոխարժեքի անկման արհեստական զսպումը նույնպես հե­ռանկարային չի կարող համարվել արտահանման ծավալի նվազման միտումների պայմաններում. 2020 թ. առաջին եռամսյակում արտահանման ծավալը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.1 %-ով, իսկ ապրիլին (2019 թ. ապ­րի­լի համե­մատ)՝ 15.5 %-ով: Անշուշտ, փոխարժեքն արտահանման միակ խթանը չէ (պահանջվում է նաև մրցունակ, ավելացված բարձր արժեքով արտադրանք), սակայն կարևոր է այս պայման­ներում: Նկատի ունենալով ներկայիս ճգնաժամի բարդ լինելը՝ ոչ սովորական մոտե­ցումներ պետք  է կիրառի ոչ միայն կառավարությունը, այլև ԿԲ-ն, առևտրա­յին բանկերը: Այստեղ պետք է նկատի ունենալ մեկ կարևոր հանգամանք ևս. 2008-2014 թթ.-ներին ՕՈՒՆ-ների ներհոսքը կազմել է 4 մլրդ 133 մլն դոլար, իսկ 2015 թ.-ից ձևավորվել են խիստ բացասական միտումներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցությամբ: Ըստ UNCTAD-ի 2020 թ.-ի մարտի հրապարակման (Investment Trends Minitor)՝ կորոնավիրուսը բացասական ազդեցություն կունենա օտար­երկրյա ուղղակի ներդրումների գլոբալ հոսքերի վրա. 5-15 % նվազում՝ կախված համավարակի տարած­ման սցենարներից: Ներգործությունը մեծ կլինի համավարակից խիստ տուժած երկրնե­րում, սակայն պահանջարկի բացասական շոկերը և առաքման շղթա­ն­երում խափա­նում­ների տնտեսական ներգործությունը կազդեն մյուս երկրներում ներդրում­ների հեռանկարի վրա: Այնպես որ, սկսված ճգնաժամի հետևանքների վերացման ֆինան­սավորման ողջ բեռը կընկնի ներքին աղբյուրների վրա: - Այդուհանդերձ, երկրի ֆինանսական կայունությունը, առևտրա­յին բանկերի բնակա­նոն գործունեությունը հիմնված են ԿԲ-ի սահմանած տնտեսական նորմատիվների խիստ պահպանման վրա: Ձեր առաջարկությունները որքանո՞վ են տեղավորվում այդ տրամաբանության մեջ: - Այո, նորմատիվները պահպանելը կարևոր է, սակայն որքանով է հարմար մեկ հա­մակարգի չափից ավելի ապահովագրվելն ու բարձր եկամուտների ստացումն այս բարդ իրավիճակում, առավել ևս, որ առկա են բանկային համակարգի կապիտալի համար­ժեքության և իրացվելիության որո­շակի պաշարներ: Այսպես, օրինակ, ընդհանուր կապի­տալ/ռիսկով կշռված ակտիվ­ներ (Ն1՝ 12 %) հարաբերակցությունն առաջին եռամսյակում կազմել է 16.9 %, բարձր իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ (Ն2 (1)՝ 20 %) հարա­բերակցությունը՝ 27.03 %, բանկի բարձր իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ (Ն2 (2)՝ 60 %) հարաբերակցությունը՝ 118.49 %: Խնդիրը հանգում է այն բա­նին, որ բանկային համակարգը պետք է ծառայի երկրի տնտեսության մյուս հատվածնե­րին և տնային տնտեսություններին, այլ ոչ՝ հակառակը: Գոնե առաջիկա 1-2 տարի­ներին հարկ կլինի գոտիները որոշ չափով ձգել, ինչպես վարվել են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ ընկերություններ, օրինակ՝ «Մարիոթը», որի տնօրենը 2020 թ.-ին աշ­խատավարձ չի ստանալու, իսկ բարձրագույն ղեկավարությունը կիսով չափ պակաս է վարձատրվելու: - Ակնհայտորեն առաջին եռամսյակում արձանագրված բանկային համակարգի գործունեության դրական արդյունքները հազիվ թե պահպանվեն ապագայում ևսԻ՞նչ խնդիրների առաջ կարող են կանգնել բանկերը։ - Բնականաբար, տևական ժամանակ պետք է սպասել բանկային համակարգի որոշ ցուցանիշների վատթարացման: Առաջին հերթին, արդեն իսկ այդպիսի խնդիր է վար­կային պարտավորությունների կատարումն ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այն­պես էլ բնակչության կողմից: Այդ առումով կառավարությունը և ԿԲ-ն որոշ քայլեր ձեռ­նարկել են, իսկ առևտրային բանկերը դրական են արձագանքել դրանց: Որոշակի ժա­մանակ կպահանջ­վի, որպեսզի պարզ լինի, թե գործնականում ինչ զարգացումներ կլինեն, և որքանով արդ­յունավետ կլինեն իրականացվող միջոցառումները, ինչպես նաև՝ ինչ ճշգրտումներ է անհրաժեշտ անել այդ առումով: Բացի դրանից, արդեն իսկ երևում են հա­մավարակի հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցների արտաքին ֆինանսավորման աղբյուրները, միջոցներ, որոնք սպասարկելու են առևտրային բանկերը: Մյուս կարևոր խնդիրը՝ ավանդների նվազում կլինի. տնտեսության մասնակի կանգը երկու ամսվա ընթացքում, իսկ ապրիլ ամսվա տվյալ­ներով՝ տնտեսական  ակտի­վության ցուցանիշի անկումը 17.2 %-ով (2020 թ. ապրիլի համեմատ) կար­տա­ցոլվի նաև բանկային համակարգի վրա: Այդուհանդերձ, տնտեսության վարկա­վորման տեմպերը չպետք է նվազեցնել: Հատկապես կարևորվում է արտահանման գոր­ծարքների ֆինանսավորումը, որի պարագայում, կարծում եմ, որևէ ռիսկ բանկերի համար չի կարող ծագել, եթե նկատի ունենանք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգում գոր­ծող արտահանման ապա­հովագրության պետական գործա­­կալությունն ապահո­վագրում է նմանատիպ ռիսկերը: