Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի և մեր թիմերի վարկանիշը համաշխարհային ֆուտբոլում

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի և մեր թիմերի վարկանիշը համաշխարհային ֆուտբոլում

«Ուրարտու»-«Արարատ» մրցավեճով երեկ ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին հատվածը ։ 6 թիմեր՝ «Արարատ-Արմենիան», «Արարատը», «Շիրակը», «Լոռին», «Ալաշկերտն» ու «Նոա»-ն երկրորդ շրջափուլում կվիճարկեն 2020 թվականի Հայաստանի չեմպիոնի կոչումը։ 7-10-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը պայքարելու են Բարձրագույն խմբում իրենց տեղը ապահովելու համար։ Հիշեցնենք, որ Երևանի համանուն թիմը հրաժարվել էր շարունակել ելույթները Բարձրագույն խմբում, ուստի 7-9-րդ տեղերում գտնվող «Փյունիկը», «Ուրարտուն» և «Գանձասար-Կապանը» մրցաշարային առումով ոչ այնքան կարևոր հանդիպումներ կանցկացնեն միմյանց միջև։ ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանն ըստ ամենայնի կմասնակցեն 11 թիմեր։ Ներկայիս 9 ակումբներին կմիանան «Վանը» և «Լոկոմոտիվը», որոնք երեկ ՀՖՖ-ի կողմից բարձրագույն լիգայում ելույթ ունենալու արտոնագրեր ստացան։ Ինչևէ, Clubworldranking պարբերականի վարկածով՝ 2020 թվականի մայիսին աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Մեր չեմպիոնը՝ «Արարատ-Արմենիան», եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում բավական հաջող ելույթների շնորհիվ անցյալ տարի հայտնվել էր վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այս պահին 774-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան», առաջին անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆ և միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:Դասակարգման աղյուսակում հայկական թիմերից ամենաբարձր դիրքում ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» է, որը այս տարի ելույթ չի ունենա եվրագավաթների խաղարկությունում: Վերջինիս անցյալ տարի ևս հաջողվեց դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ՝ պայքարից դուրս թողնելով մակեդոնական «Շկուպիին» և չեխական «Յաբլոնեցին»: Հիշեցնենք, որ 2018 թվականին ևս «Փյունիկը» բավական հաջող ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Մասնավորապես, երևանյան թիմը Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս թողեց Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» լարված պայքարում զիջեց Իսրայելի «Մաքաբիին»: Այս պահին «Փյունիկը» 468 միավորով 761-րդ հորիզոնականում է:ՀՀ փոխչեմպիոնին 18 հորիզոնականով զիջում է գավաթակիր «Ալաշկերտը»: Վերջինս նախորդ տարի հաղթահարեց Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով «Մակեդոնիային»: Երևանում մեր թիմը հաղթել էր 3:1, իսկ մրցակցի հարկի տակ՝ 3:0 հաշվով: Երկրորդ փուլում էլ երևանյան թիմը մոտ էր ռումինական հեղինակավոր «Ստյաուայի» արգելքը հաղթահարելուն: Սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: Ընդ որում, առաջին կեսից հետո հաղթում էինք 3:1 հաշվով, և թվում էր, թե «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակը կխփեն 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը:Հարևան երկրներից Ադրբեջանը լավագույն 1000-ի մեջ ունի ընդամենը 2 ակումբ. «Ղարաբաղը» գտնվում է 597-րդ, «Նեֆթչին»՝ 672-րդ հորիզոնականում: Վրաստանը լավագույն 1000 ակումբների շարքում ունի 3 ներկայացուցիչ: Թբիլիսիի «Դինամոն» այս պահին 733-րդն է, իսկ «Չիխրուան»՝ 867-րդը: Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլում «Արարատ-Արմենիային» զիջած Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» 845-րդն է: Թուրքիան վարկանիշային աղյուսակում ունի 38, իսկ Իրանը՝ 17 թիմ: Ինչև, չնայած, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով եվրոպական ֆուտբոլում տևական դադար էր, այնուամենայնիվ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբների հաշվարկում երբեմնի առաջատար «Բարսելոնան» շարունակում է նահանջել։ Այս պահին առաջին հորիզոնականում անգլիական «Լիվերպուլն» է, որն ունի 14695միավոր։ Երկրորդ տեղում գտնվող բրազիլական «Ֆլամենգոն» ունի 13486 միավոր: Երրորդը «Բարսելոնան» է, իսկ արգենտինական «Ռիվեր Փլեյթը» 4-րդն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է բրազիլական մեկ այլ ակումբ «Պալմեյրասը»։ 6-րդ հորիզոնականում Մյունխենի «Բավարիան» է, որին հաջորդում են Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը», «Մանչեսթեր Սիթին», բրազիլական «Գրեմիոն» և արգենտինական «Բոկա Խունիորսը»: Իտալական «Ռոման», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վարկանիշային աղյուսակի 44-րդ հորիզոնականում է: Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն 100 ակումբների շարքում ներկայացուցիչներ ունեն միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Մասնավորապես, Դոնեցկի «Շախտյորը» 55-րդն է, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 52-րդն է, «Կրասնոդարը»՝ 81-րդը, Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ 90-րդը:Clubworldranking-ը ակումբների միավորները հաշվարկելիս հաշվի է առնում վերջին 52 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները ըստ մրցաշարերի կարևորության: Ու քանի որ համավարակի պատճառով գրթե բոլոր մրցաշարերը ընդհատվել էին, հաշվի է առնվել մարտին գրանցված արդյունքները։ Որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ հենց այս կետից են թիմերը շարունակելու ելույթները մրցաշարերի վերսկսումից հետո։ Clubworldranking-ը հաշվարկում է նաև մարզիչների վարկանիշը: Մասնավորապես, լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել 4 հայ մասնագետներ: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 188-րդն է: Ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն էլ, առաջին անգամ հայտնվելով լավագույն 1000 մարզիչների շարքում 782-րդն է։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 893-րդն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ 933-րդը: Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսը վարկանիշային աղյուսակի 399-րդ հորիզոնականում է։