Մեր բռնցքամարտիկները նման դժվարին իրավիճակում կարողացել են պահել մարզավիճակը․ Ռ․ Մեհրաբյան

Մեր բռնցքամարտիկները նման դժվարին իրավիճակում կարողացել են պահել մարզավիճակը․ Ռ․ Մեհրաբյան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները այս օրերին անցկացնում են նաև թիմային մարզումներ, որոնց մարզչական կամզը ներգրավվում է նաև մարզերում ապրող բռնցքամարտիկներին: Թեև բռնցքամարտում մրցումային օրացույցային պլանը դեռ հայտնի չէ, բայց Բռնցքամարտի հայկակական ազգային ֆեդերացիան ջանք ու եռանդ չի խնայում որպեսզի բռնցքամարտիկները շատ արագ վերականգնեն կորոնավիրուսի պատճառով բաց թողածն ու հետ չընկնեն ընդհանուր ռիթիմից: Երևանյան մարզումներից բացի հավաքականի անդամները անցկացնում են նաև մարզային պարապմունքներ: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը նշել է, որ այս ընթացքում անհատական մարզիչները շատ լավ են աշխատել: «Կորոնավիրուսով պայմանավորված այս ընթացքում բռնցքամարտիկները մարզվել են անհատական ծրագրով: Ճիշտ է ես շատ հաճախ այցելել ու հետևել եմ նրանց մարզումներին, բայց, ընդլայնված խմբով թիմային մարզումներն իրենց մեծ նշանակությունն ու դերն ունեն և իմ նպատակն էր բոլորին տեսնել միասին ու հասկանալ ինչ մարզավիճակում են: Կարող եմ ասել, որ տղաների անհատական մարզիչները լավ են աշխատել ու մեր բռնցքամարտիկները նման դժվարին իրավիճակում կարողացել են պահել մարզավիճակը: Ամեն դեպքում կորոնավիրուսի այս օրերին մենք նման ընդլայնված մարզումներ հաճախ կկազմակերպենք, որպեսզի տղաները լինեն իմ հսկողության տակ: Մարզումներն ու նախապատրաստական փուլն ավելի արդյունավետ դարձնելու համար ծրագրում ենք մարզումներ կազմակերպել նաև Գյումրիում և Վանաձորում: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան՝ հանձինս նախագահ Հովհաննես Հովսեփյանի ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի բռնցքամարտիկները լավագույնս նախապատրաստվեն և ունենան մարզումային անհրաժեշտ պայմաններ: Մենք այժմ նախատեսում ենք նաև այնպսի հավաքներ, որտեղ տղաները մեկուսացած կլինեն արտաքին աշխարհից ու անվատնգ կկարողանան մազրվել»: