«Ռոմայի» այլընտրանքային քայլը Հենրիխ Մխիթարյանին պահելու գործում

«Ռոմայի» այլընտրանքային քայլը Հենրիխ Մխիթարյանին պահելու գործում

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը չի հրաժարվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մտքից: Վերջին ամիսներին Հռոմի թիմը շարունակ տարբերակներ էր առաջարկում «Արսենալին» տրանսֆերային գործարքի վերաբերյալ։ Football Italia-ն հայտնում է՝ «Ռոման» ֆինանսական խնդիրների պատճառով ևս մեկ տարով կվարձակալի մեր ֆուտբոլիստին՝ պայմանով, որ հաջորդ տարի կգնի նրա ամբողջական տրանսֆերը: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմայի»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի վերջը՝ անկախ նրանից, թե երբ այն կավարտվի: Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ «Արսենալը» «Ռոմային» գայթակղիչ մի տրանսֆերային գործարք է առաջարկել։ Մասնավորապես, անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտին։ Վերջինիս տրանսֆերի համար «Արսենալը» պատրաստ է «Ռոմային» տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին 15 միլիոն եվրո հավելավճարով։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, սակայն, որ այս տարբերակն ընդունելի չէ «Ռոմայի» համար։ Ավելի վաղ նշվում էր, որ «Ռոմայի» և «Արսենալի» միջև հայ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները մտել են փակուղի։ Ըստ իտալական և բրիտանական ԶԼՄ-ների՝ «Ռոման» արդեն երկու անգամ մերժում է ստացել՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկելով նախ՝ 10, այնուհետև 15 միլիոն եվրո: Լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20-25 միլիոն եվրո ստանալ: 2021 թվականին ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով վարձակալության ժամկետի երկարաձգումը կարելի է այլընտրանքային տարբերակ համարել։ Իտալական մամուլը գրում է, որ Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման։ Որոշ պարբերականների համաձայն էլ՝ հայ ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան «Արսենալին» արդեն իսկ առաջարկել է ևս մեկ մրցաշրջանով երկարացնել վարձակալությունը։ Բրիտանական մամուլն իր հերթին է նշում, որ հայ ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կիսով չափ նվազեցմանը ևս մեկ տարի էլ «Ռոմայում» խաղալու պայմանին։ Այն, որ իտալական ակումբը պատրաստ չէ այս պահին 20 միլիոն եվրո վճարել, բնական կարելի է համարել։ Չմոռանանք նաև համավարակի գործոնը, որը այդ թվում նաև գրանդ ակումբներին ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել։ Շատ ակումբներ վաճառելով իրենց առաջատար ֆուտբոլիստներին՝ փորձում են թոթափել ճգնաժամը։ Բոլորի համար պարզ է, որ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել հենց «Ռոմայում»։ Տրամաբանական է նաև, որ մեր ֆուտբոլիստը չի ցանկանում վերադառնալ Լոնդոն: Մխիթարյանի՝ «Արսենալ» վերադառնալուն կարծես կողմ չէ նաև այս թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Վերջինս ցանկանում է ամռանը վաճառել Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերը։ «Արսենալն» այս պահին գտնվում է անկման շրջանում, և ակումբի ղեկավարությունը ևս փորձում է լուրջ քայլեր ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար։ Լոնդոնյան ակումբը դուրս է մնացել Եվրոպա լիգայի խաղարկությունից, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին միայն 9-րդն է։ Չի բացառվում, որ առաջիկա ամիսներին «Արսենալից» հեռանա թիմի հարձակման գծի առաջատար Պյեր Էմերի Օբամեյանգը։ Վերջինիս ծառայությունով հետաքրքրված է «Բարսելոնան», ինչպես նաև լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին»։ Ու հիմա Արտետան խնդիր է դրել պահպանել Օբամեյանգին։ Վերջինս չէր թաքցրել ցանկությունը կարիերան հենց «Բարսելոնայում» շարունակելու։ Բրիտանական աղբյուրների համաձայն՝ Արտետան Օբամեյանգին թիմում պահելու համար ակումբի ղեկավարությանը դիմել էր առաջարկով։ Մասնավորապես, Արտետան Օբամեյանգի հետ նոր պայմանագիր կնքելու և նրա աշխատավարձը բարձրացնելու համար ցանկանում է ամռանն անպայման վաճառել Գերմանիայի հավաքականի պաշտպան Շնոդրան Մուստաֆիի և Հենրիխ Մխիթարանի տրանսֆերը։ Ինչևէ, վերլուծելով Հայաստանի ազգային հավաքականի ավագի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կարող ենք անել թերևս հետևյալ եզրակացությունը։ «Արսենալը» ստիպված կլինի Մխիթարյանին ևս մեկ տարով տրամադրել «Ռոմային», եթե այլ ակումբներից այլ առաջարկ չստանա։ Մասնավորապես, եթե որևէ այլ ակումբ պատրաստակամություն հայտնի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Արսենալին» վճարել 20 միլիոն եվրո, ապա իրավիճակը կտրուկ կփոխվի։ Թերևս այս դեպքում հնարավոր կլինի խոսել և քննարկել մեր կիսապաշտպանի կարիերան այլ թիմում շարունակելու հարցն ու հնարավորությունը։ Այս պահին, սակայն, Մխիթարյանի ծառայություններով այլ ակումբների մասին հետաքրքրվածության մասին տեղեկություններ չկան։ Մոտ մեկ ամիս առաջ խոսվում էր, որ մեր ֆուտբոլիստի ծառայությունով հետաքրքրված է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։ Մխիթարյանի Ռուսաստան տեղափոխվելու մասին խոսակցությունները, սակայն, կարճ ժամանակ անց դադարեցին։