Հնդկաստանում ռոբոտ-բուժքույրերը կծառայեն կորոնավիրուսով վարակված մարդկանց
12:20 | 2020-04-09
Ռոբոտ բուժքույրերն ու բուժակները շուտով կսկսեն ծառայել Հնդկաստանի հիվանդանոցներում, պայքարելու համար ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ փորձարկումների փուլում գտնվող ռոբոտ-բուժքրոջ նպատակը վարակակիրների հետ իրական բուժքույրերի շփումը նվազեցնելն է:
«Դոքաթ Աուրա» անունով ռոբոտը կարող է դեղամիջոցներ տալ ու սննդամթերք մատուցել մեկուսացման մեջ պահվող հիվանդներին: Այն տեղաշարժվում է հատակին տեղադրված ֆոտոզգայուն գոտու օգնությամբ ու կարող է հիվանդների հետ հաղորդակցվել պարզ արտահայտություններով ու նախադասություններով:
«Dotworld Technologies»-ի պատասխանատուներն ասում են, թե այս ռոբոտը ծառայելու է կորոնավիրուսի թեթև տեսակով տառապող հիվանդներին:
Հնդկաստանը պատրաստվում է 45 օրերի ընթացքում արտադրել նման 100 ռոբոտ և շարունակել աշխատանքը ամսական հարյուրական ռոբոտների արտադրությամբ: