Տեղական ինչ թեստեր են արտադրվելու Հայաստանում․ ինչ ներուժ ունի Հայաստանը

Տեղական ինչ թեստեր են արտադրվելու Հայաստանում․ ինչ ներուժ ունի Հայաստանը

Մեր զրուցակիցն է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Կառավարությունը տեղական թեստերի արտադրության համար ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում է կատարել։ - Պարոն Առաքելյան, արդյոք Հայաստանն ունի՞ հնարավորություն սեփական թեստերն արտադրելու, ինչպես նշվում է: Որքանո՞վ է դա իրատեսական՝ հաշվի առնելով, որ, ըստ տեղեկությունների, այսօր շատ սահմանափակ թվով երկրներում են արտադրվում նման թեստեր: - Իրականում տեղեկատվությունը, թե սահմանափակ թվով երկրներ են արտադրում թեստեր, իրականությանը չի համապատասխանում: Նման թեստեր արտադրում են սկսած Չինաստանից, Կորեայից, վերջացրած Եվրոպայով ու Ամերիկայով: Ընդ որում՝ արտադրում են ոչ թե եզակի, այլ շատ ընկերություններ, այդ թվում՝ համալսարաններ: Այլ խնդիր է, որ հիմա թեստերի ներքին մեծ պահանջարկի պատճառով առաջնային է համարվում երկրի ներսում առկա պահանջարկը: Ինչ վերաբերում է Հայաստանի ներուժին, ապա, այո, Հայաստանն ունի այդպիսի ներուժ և կարող է թեստեր արտադրել։ Պարզապես տարբեր փուլերի արտադրության մասին է խոսքը։ Այն տարբերակը, որ մենք առաջարկել ենք կառավարությանը և հիմա քննարկվում է, դրա հնարավորություններն ամբողջությամբ Հայաստանում կան: Այդ պրոցեսում ամենակարևոր պրոդուկտը, որ պահանջվում է, մարդկային ներուժն է, որը մենք ունենք և կարող ենք այդ արտադրությունը կազմակերպել: - Ե՞րբ եք սկսելու գործընթացը, որ օրվանից կթողարկեք արտադրանքը, և ե՞րբ պատրաստ կլինեն այդ թեստերը: - Այդ հարցին ես հիմա չեմ կարող պատասխանել, դրանք այն հարցերն են, որոնք հենց հիմա քննարկում ենք կառավարության հետ: Քննարկում ենք նաև կազմակերպչական հարցերը: - Իսկ ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի Հայաստանը թեստերի արտադրություն սկսելու համար, արդյոք անհրաժեշտ չէ՞ ԱՀԿ-ի հավանությունը: - Այս պահին այդ գործընթացի հետ կապված հարցերը ևս քննարկման փուլում են: ԱՀԿ-ն թեստերի արտադրության թույլտվություն չի տալիս, դա իր գործառույթների ցանկում չի: ԱՀԿ-ն, ինչպես նաև ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնը, Չինաստանի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը հրապարակում են արձանագրությունները, որոնցով նաև մենք ենք առաջնորդվում: Ընդհանրապես թեստեր արտադրելու համար արտասահմանյան որևէ կառույցից լիցենզիա անհրաժեշտ չէ: Հայաստանում ևս, որքան ինձ հայտնի է, լիցենզիայի անհրաժեշտություն չկա, իսկ եթե պետք լինի, մենք պատրաստ ենք բոլոր փաստաթղթերը ներկայացնել: - Իսկ որքա՞ն է լինելու այս թեստերի սխալվելու հավանականությունը: - Մենք պատրաստվում ենք ՊՇՎ մեթոդով օգտագործվող թեստեր արտադրել, հետևաբար, դրանք ունենալու են նույն հնարավորությունները, ինչ սովորաբար ունենում են դրանք: - Շատերը նշում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում թեստավորման ծավալներն առանցքային նշանակություն ունեն: Հետևաբար, ինչքան շատ թեստ արտադրվի, այնքան շատ մարդ կթեստավորվի, դա ամենալավ տարբերա՞կն է վիրուսի դեմ պայքարում: - Այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանի առողջապահության նախարարությունը, բայց որքան ես հասկանում եմ, և ինչի մասին խոսում է նաև միջազգային փորձը և Առողջապահության միջազգային կազմակերպությունը, այն երկու հիմնական բաղադրիչները, որոնք կարող են կանխել վիրուսը, ինքնամեկուսացումն է և թեստավորումը: