«Իմ քայլը» հիմնադրամի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների (դիմակներ, հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ, դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստ) ձեռքբերմանը: ՀՀ պարետատան համակարգմամբ իրականացվող հատուկ չվերթը Չինաստանից Հայաստան կժամանի այսօր երեկոյան: «Իմ քայլը» հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնում իր մեծ բարեկամ և բարերար Քրիստին Սիմոնին այս որոշմանը լիովին սատարելու համար, ինչպես նաև՝ Հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Որոշումը կայացնելիս Հիմնադրամն առաջնորդվել է ինչպես համավարակի դեմ պայքարի առաջնային և ամենակարևոր օղակը հզորացնելու հրամայականով, այնպես էլ մեր երկրի առողջապահական կարողությունները երկարաժամկետ հզորացնելու կարևորությամբ: Ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ Հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը՝ հանրային առողջության, սոցիալական բարեկեցության, կրթության, մշակույթի և բնապահպանության ոլորտներին ուղղված հեռահար ծրագրերի միջոցով հասնել կրթված, առողջ և հոգատար անհատ ու հասարակություն ունենալուն, ինչը ոչ միայն երկարատև զարգացման, այլև ճգնաժամերը նվազագույն կորուստներով ու վնասներով հաղթահարելու գրավականն է։