Մենք կարող ենք մեր միջոցներով լուծել մեր պարենային անվտանգության հարցը. Փայլակ Հայրապետյան

Մենք կարող ենք մեր միջոցներով լուծել մեր պարենային անվտանգության հարցը. Փայլակ Հայրապետյան

Գործարար Փայլակ Հայրապետյանը ողջունում է կորոնավիրուսով պայմանավորված այս ճգնաժամային վիճակում կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտը թիրախավորելու որոշումը։ Նրա խոսքերով՝ դա լավագույն լուծումն է պարենային անվտանգության հարցը լուծելու համար։ «Բայց այդ որոշումը միայն բավարար չէ։ Հարկավոր է գյուղացուն, տնտեսվարողին ապահովել վառելիքով, պարարտանյութով, ոռոգման ջրով։ Միևնույն ժամանակ պետք է լուծվի նաև այդ բերքի իրացումը՝ երկրից դուրս, ինչպես նաև երկրում՝ մշակող ձեռնարկությունների թիվն ավելացնելով։ Դրա միասին այսօր պետք է մտածենք, որ բերքի սեզոնին գյուղացին խնդիրների առաջ չկանգնի, քանի որ հիմա ոգևորված են տրամադրվող վարկերից, շատերը կվերցնեն, հող կմշակեն, բերք կստանան ու հանկարծ խնդրի առաջ չկանգնեն»,- ասաց Հայրապետյանը։ Հաջորդ խնդիրը, ըստ Հայրապետյանի՝ վառելիքի խնդիրն է։ Նրա խոսքերով՝ պետք է գազին այլընտրանք գտնվի՝ հատկապես ջերմոցային տնտեսությունների մասով։ «Եթե մենք կարողանանք ջերմոցները աշխատեցնել, ասենք, ածուխով, որը կարող ենք ներկրել Ռուսաստանից, ապա դա 10 անգամ էժան կլինի գազից, ու գյուղացին կկարողանա ավելի լավ ու էժան բերք ստանալ ու վաճառել»,- ասաց Հայրապետյանը։ Այս ամենից բացի, Հայրապետյանի խոսքերով, այս աշխատանքների շրջանակներում պետք է ներգրավել նաև Արցախը։ Արցախի բերրի ու չմշակված հողերը դարձնել ցորենի ցանքատարածություններ, ցորեն ցանել ու մեծ բերք ստանալ։ «Մենք հրաշալի հնարավորություններ ունենք մեր ջանքերով մեր պարենային անվտանգության խնդիրները լուծելու համար։ Պարզապես բոլորս պետք է ներգրավվենք այդ աշխատանքներում»,- ընդգծեց Հայրապետյանը։