Եթե չենք ուզում տարբեր երկրների «դաբրոներով» նոր ապրիլյան պատերազմ ունենանք, պետք է մեր գլխի ճարը տեսնենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: - ՀՀ առաջին նախագահը հոդված է հրապարակել և նշել. «Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում, ընդ որում՝ շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ»: Լևոն Տեր-Պետրոսյանը հոդվածում նաև նշել է, որ մինչ իշխանությունները զբաղված են ամենօրյա ծանր, քրտնաջան աշխատանքով, «չգնահատված հանճարների, սադրիչների և չարակամների մի հսկայական բանակ» հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների և ֆեյքերի միջոցով արդեն պատերազմական երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ: Ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար Տեր-Պետրոսյանն առաջարկում է մի շարք քայլեր: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլերը, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հիմա «հրադադարի» կոչ անում Տեր-Պետրոսյանը: - Ես միշտ շատ բարձր եմ գնահատել Տեր-Պետրոսյանի հոդվածները՝ թե՛ քաղաքական առումով, թե՛ առաջարկների և թե՛ գեղարվեստական առումով՝ «չգնահատված հանճարներ»-ն ուղղակի ցնցող էր, շատ լավ ու շատ տեղին ասված: Ամբողջությամբ կիսում եմ Տեր-Պետրոսյանի հոդվածում բերված մոտեցումները, առաջարկությունները և գնահատականները: Այս համաճարակը միավորում է բոլորին, սա հնդկական սերիալ չէ, որտեղ կան դրական, բացասական հերոսներ, և դրանց բաժանելու ժամանակը չէ, այսօր բացասական հերոսը կյանքեր խլող կորոնավիրուսն է, մյուսները դրական հերոսներ են և ճիշտ կանեն, որ համագործակցեն, ոչ թե գնան կոպիտ հակադրության և ընդհարման: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի առաջարկին, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներն այս փուլում պետք է կասեցվեն, նշեմ, որ ես հենց հանձնաժողովի ստեղծման օրից էլ ոչ նպատակահարմար եմ համարել նրա գործունեությունը՝ մի պարզ պատճառով. ես համարում եմ, որ ՀՀ-ն կայացած պետություն է և ունի համապատասխան կառույցներ՝ Ազգային անվտանգություն, դատախազություն, դատարան, քննչական մարմիններ, այսօր այդ մարմինները չեն գործում զանգերի մեթոդներով, և նրանց գործն է պարզել՝ եթե կան մեղավորներ, բացահատվեն ԱԱԾ-ի միջոցով, քանի որ խոսքը ազգային դավաճանության մասին է, և համապատասխան տարբերակներով դատարանում դատի ենթարկել: Գտնում եմ, որ ԱԺ այս հանձնաժողովը քաղաքական մարմին է, իսկ քաղաքական մարմինը, ինչ էլ անես, կարող է գնալ որոշակի շահարկումների… Իսկ այն, որ Տեր-Պետրոսյանը հորդորում է ենթարկվել առողջապահության նախարարի և պարետի հրահանգներին, դա պարզից էլ պարզ է, և դրան հակադրվելու որևէ մեթոդ չկա… Նրանց ասածները մենք պետք է ականջի օղ անենք… Իսկ գեղարվեստական առումով Լևոն Տեր-Պետրոսյանի գրածը ուղղակի հրաշալի էր: - Իսկ արդյոք քաղաքական շահարկումների համար պապարտ հող չի ստեղծում այն հանգամանքը, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները՝ հանրության շրջանում ավելորդ գրգռվածություն չհարուցելու համար առաջարկվում է կասեցնել այն պահին, երբ Ս. Սարգսյանը համաձայնել է պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին: - Ես դավադրությունների տեսության կողմնակիցը չեմ և երբեք չեմ մտածել աջ ձեռքով ձախ ականջը քորելու մասին, կարծում եմ իրական քաղաքական գործիչները, որոնք ռեալ քաղաքականությամբ են զբաղվել և գիտեն կառավարման մեխանիզմները…, նրանք ինչ ասում են, ուղիղ են ասում: Քննիչ հանձնաժողով Սերժ Սարգսյանի ներկայանալը ողջունելի կլինի, բայց ես մեծ սպասելիքներ նրանից չունեմ, որովհետև չեմ կարծում, թե նա այդ թեմայով մինչ այս ինչ ասել է, դրանից դուրս ասելիք ունի, իսկ որ 2016թ ապրիլյան դեպքերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանը մերժեց Լավրովյան պլանը, դա ակնհայտ է, այդ մասին բարձրաձայնել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ու զարմացել է, թե ինչու է Ս. Սարգսյանը մերժել «այդքան լավ տարբերակը»: Ես համոզված եմ, որ այդ մերժումից հետո ռուսական կայսերապաշտական թողտվությամբ՝ նույնիսկ ժամկետներ նշելով, Ադրբեջանը գնաց նման սադրիչ քայլերի: Ես վստահ եմ, որ Ս. Սարգսյանը շատ լավ գիտի, որ դա այդպես է եղել, այսինքն՝ երբ ինքն ասել է՝ ոչ, ռուսները որոշել են՝ դե լավ, այս կերպ համաձայն չեք, պատերազմով կվերցնենք: Եվ երբ որ հանդիպեցին մեր պաշտպանության բանակի նման հակադրությանը, Ադրբեջանի նախագահը մտածեց, որ ռուսներն իրեն ծուղակն են գցել, որովհետև մերոնք սկսել էին առաջ գնալ, և այդ ժամանակ Ռուսաստանը ստիպված եղավ Խաչատուրովին և Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետին կանչել և պատերազմը կանգնեցնել, որպեսզի Ադրբեջանի վստահությունը չկորցնի: Ս. Սարգսյանը այս մասին կասի՞ հանձնաժողովում, համոզված եմ՝ չի ասի, որովհետև նրա քաղաքական թիմը և այն քաղաքական ուժերը, որոնք հույս ունեն նորից հետ գալ իշխանության, աշխատում են ռուսների հետ լավ հարաբերություններ պահել, միշտ գովել նրանց: Ռուսների հետ վատ հարաբերություններ ունենալը այն գրավականն է, որ դու երբեք իշխանության չես գա: Եվ եթե նայում ես այսօր քաղաքական դաշտում գործող կուսակցություններին, որոնք նախկինում բողոքում էին Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումներից, այսօր կա՛մ նվազագույնը լոյալ են, կա՛մ այդ թեմայով չեն խոսում, շատ քչերն են, որ ինձ նման ասում են, որ խնդիրը ոչ թե իշխանության գալն է, ռուսների «դաբրոն» ունենալը և այլն, այլ խնդիրը մեր բարեկամներին ու հակառակորդներին ճիշտ տարբերելն է, այս առումով է եղել նաև իմ տարբերությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, մնացած խնդիրները լուծվող են եղել: Ընդհանրապես այս վիրուսը մեզ հետևություններ անելու և ճիշտ կետի վերադառնալու լուրջ հնարավորություններ տվեց: Տեսեք՝ ովքեր օգնեցին մեզ՝ ԱՄՆ-ը 61,5 միլիոն դոլար օգնություն տվեց մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, Եվրոպան՝ 50 միլիոն, իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը. այսօր աշխարհում ընկել է գազի գինը, իսկ Ռուսաստանը նախ մեզ ցածր կալորիականությամբ գազ է տալիս, երկրորդ՝ դեռ մի բան էլ խոսում է թանկացնելու մասին: - Արդյո՞ք դա պատասխանը չէ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ մարտի 31-ի այն նամակին, որն ուղղվել էր «Գազպրոմի» նախագահ Միլլերին՝ առաջարկելով բանակցություններ վարել սահմանին գազի գնի իջեցման շուրջ: - Ռուսաստանը մշտապես օգտագործել է գազային լծակը որպես մահակ: Եթե Իրան-Հայաստան գազամուղը Ռ. Քոչարյանը վաճառած չլիներ Ռուսաստանին, վստահ եմ, որ այսօրվա պայմաններում, երբ Իրանի վրա պատժամիջոցներ են և միջազգային շուկայում նավթի, վառելիքի գներն իջել են մինիմումից էլ ցածր, Իրանը մեզ ցածր գնով՝ 1000 խ/մ-ն 50 դոլարով գազ կտար, բայց քանի որ այդ գազատարը նույնպես ռուսական «Գազպրոմինն» է, և միևնույն է՝ նրանք են այդ գազը բաշխելու, մենք այդ հնարավորությունը չունենք: - Այս հարցն, անշուշտ, լոկ տնտեսական չէ: - Կարծում եմ՝ այս վիրուսը երկու գլոբալ խնդիր դրեց՝ առողջության և տնտեսության... Բոլոր երկրները փորձում են ավելի հարմար ստարտային պայմաններ ունենալ աշխատանքները վերսկսելու համար... Պետք է հույսը դնել ներքին ռեսուրսների վրա, բնական ռեսուրսների վրա... Եթե չենք ուզում տարբեր երկրների «դաբրոներով» նոր ապրիլյան պատերազմ ունենալ, պետք է մեր գլխի ճարը տեսնենք: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: