Ռազմիկ Աբրահամյանը թող ինքնախոստովանական ցուցմունք գրի. «Հայոց մայրեր»  շարժումից խոստանում են՝ նրա նկատմամբ  վատ արարք չեն անի

Ռազմիկ Աբրահամյանը թող ինքնախոստովանական ցուցմունք գրի. «Հայոց մայրեր» շարժումից խոստանում են՝ նրա նկատմամբ վատ արարք չեն անի

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ապրիլի 6-ին մերժել է Աբրահամյանին 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ ներկայացված  դատախազության բողոքը։ Նշենք, որ ավելի վաղ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը քննած առաջին ատյանի  դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը Աբրահամյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց որպես գրավ էր կիրառել։ Վերաքննիչ դատարանի այս որոշումը հարուցել է ապօրինի որդեգրումների գործով տուժած մայրերի վրդովմունքը։ «Ես կուզենայի  մի հարց  տալ այդ դատավորին՝ 1915թ.-ին Հայոց ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ , թե՞ պետք է փաստացի կոտորված մեկուկես միլիոն մարդու դիակները հատ-հատ տեսնեք, որ նոր ասեք, թե այո՛, Հայոց ցեղասպանություն եղել է... հիմա նույնը մեր զավակների դեպքում է, այսինքն՝ այդքան ծնողներ ինձ հետ միասին աղաղակում են, որ իրենց երեխաներին նույնպես անօրինական ձևով իրենցից խլել են, ապօրինի որդեգրման են հանձնել, մեռելածին են ձևակերպել ու վաճառել են ուրիշներին, ու մենք շատ շուտով կապացուցենք, թե ինչպես է դա տեղի ունեցել, մեր իբրև թե մահացած երեխաները հարություն կառնեն, այդ իբրև թե մահացած երեխաների ողջ լինելը ԴՆԹ-ների միջոցով կապացուցենք ու այդ բոլոր փաստերն ու ապացույցները կմտցնենք այդ դատավորների աչքը, որ տեսնեն, թե այս հանցագործության  մեղավորների կողմից հիմա մեր նկատմամբ սպիտակ Եղեռն եղե՞լ է, թե՞ չէ։ Հասկանում ենք, գիտենք, որ գումարը մութ տեղը լույս է տալիս, ու  որոշ դատավոր կոչվածներ գումարը վերցնում են ու ինչպես ուզում են, այնպես էլ որոշումներ են կայացնում, բայց դա դատավորի բարոյական պահվածք չէ,  ու այդ դատավորները թող մտածեն, որ գուցե մի քանի տարի հետո, երբ իրենք այլևս իրենց պաշտոնին չլինեն, շատ հնարավոր է, որ իրենց հետ էլ նման մի բան կամ սրանից էլ վատ դեպք տեղի ունենա, ու այդ ժամանակ  կհասկանան, թե դատավորի իրական առաքելությունը որն է»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ապօրինի որդեգրումների գործով տուժած մայր, «Հայոց մայրեր» հասարակական շարժման ղեկավար  Հայկուհի  Խաչատրյանը՝ միևնույն ժամանակ իր դժգոհությունը հայտնելով նաև Քննչական կոմիտեի աշխատանքից, որը նրա խոսքով՝ շատ դանդաղ և անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում այս գործերի առնչությամբ։ «Մենք մեր ուժերով ավելի շատ  գործ ենք անում, քան մի ամբողջ քննչական մարմին. իրենց մոտ այսօրվա դրությամբ մեր մայրերից շուրջ 800 դիմում կա, բայց իրենցից ոչ մի ծպտուն չկա,  մեզանից գոնե մեկի գործով գեթ մի բացահայտված դեպք չունենք, ու երբ քննիչներից էլ հետաքրքրվում ենք, ասում են՝ դե ընթացակարգերով աշխատում ենք. բայց սա ի՞նչ ձև է, սա ինչքա՞ն դեռ պետք է  շարունակվի»։ Հայկուհի Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ հիմա ինքը փաստեր հավաքելով է զբաղվում, որպեսզի իրենց դիմած մայրերից յուրաքանչյուրի դեպքով՝ ԴՆԹ պատասխանների հետ միասին,  առաջիկայում դատարան ներկայացնի այն ամենը,  ինչ իրականում տեղի է ունեցել ծննդաբերությունից հետո։ «Ես հարցում եմ ուղարկել Վիճակագրական կոմիտե ու այնտեղից պատասխան եմ ստացել, որ միայն 2019թ.-ի ընթացքում գրանցվել է 21 դեպք տնային ծնունդ, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե բա սրանից առաջ ինչեր եղած կլինեն, ու ես բազմիցս հայտարարել եմ, որ  կոնկրետ իմ երեխան շատ հնարավոր է, որ ձևակերպվել է որպես այդ տնային ծնունդներից մեկի անվան տակ. ի վերջո,  մենք քարե դարում չենք ապրում, ու որևէ մի ծննդկան հիմա տանը չի ծննդաբերում, բայց այդ երեխաներին գրանցել են որպես տնային ծնունդ ու իրենց սև գործն են արել: Չէ՞ որ համապատասխան կառույցները սա շատ հեշտ կարող են ստուգել ու տեսնել՝ ինչ է իրականում տեղի ունեցել, բայց 6-7 ամիս է արդեն անցել, ու սայլը տեղի չի շարժվում, Ռազմիկ Աբրահամյանին կալանավորել-չկալանավորելու դատերին զուգահեռ՝ կարելի է նաև այս ամենը պարզել, հետաքննել, հո տարիներով չենք թողնելու այս ամենն այսպես շարունակվի»։ Տուժած մայրն առաջարկում է Ռազմիկ Աբրահամյանին ինքնախոստովանական ցուցմունք գրել, որի դեպքում Հայկուհի Խաչատրյանը իրենց շարժման մասնակից մյուս ծնողների անունից ևս խոստանում է  նրա դեմ որևէ քայլի չդիմել։ «Մենք խնդրին ինչ-որ տեղ նաև բարոյական, մարդասիրական տեսանկյունից ենք  նայում՝ հիմա Ռազմիկ Աբրահամյանը տարիքով մարդ է, ու չգիտենք՝ վաղը կամ  գուցե մյուս օրը այլևս ողջ չի լինելու, մեզ պետք չի, որ նա գնա ու կյանքի վերջին տարիները բերդում փտի, դրա համար ասում ենք՝ թող ինքնախոստովանական ցուցմունք տա, բացահայտի, թե ինչու են արել, ինչպես են արել, կծիկը ոնց բացենք, ինչպես վերադարձնենք մեր երեխաներին ու վերջ, այլ բան նրանից չենք ուզում,  իսկ մեր կառավարությունն էլ իր հերթին այնպիսի մեխանիզմներ ներդնի, որ այսուհետ այլևս ոչ մի մայր նման դժբախտության առաջ չկանգնի, որ այսպիսի երևույթն արմատախիլ արվի պետական մակարդակով, այսպիսի դեպքեր այլևս երբեք չկրկնվեն. մեր ցանկությունը միայն սա է։ Ես ամեն դատից առաջ կանգնում եմ Ռազմիկ Աբրահամյանի դիմաց ու այս ամենը նրան էլ եմ ասում, խնդրում եմ, որ ասի մեր երեխաների տեղը, բայց նա ամաչում է անգամ մեր երեսին նայել, հուզվում է, չի խոսում, կարծես լեզուն կուլ տված լինի, կարծես ահաբեկված լինի: Ակնհայտ է, որ նա վախենում է գնալ այս քայլին, վախենում է պարզաբանումներ տալ, անուններ ասել, ես չգիտեմ՝ ով է նրան այդպես սարսափեցրել, ով է նրան այդպիսի հոգեբանական վիճակի հասցրել, բայց նա պետք է, նա պարտավոր է մեզ օգնել  այս հարցում, պետք է վերադարձնենք մեր երեխաներին, ինքն էլ թող գնա իր կյանքի մնացած տարիները դատարանի որոշմամբ՝ գուցե տնային կալանքի պայմաններում անցկացնի, իսկ ես անձամբ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա և մեր մայրերի անունից նաև հայտարարում եմ, խոստանում եմ, որ նրանցից ոչ մեկը  ոչ մի վատ բան Ռազմիկ Աբրահամյանի  նկատմամբ չի անի»,-  ասաց Հայկուհի Խաչատրյանը։ Վերջինս նաև նշեց, որ իրենց պայքարը չեն դադարեցնելու, այլ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ստեղծված իրավիճակից դուրս գալուց հետո շարունակելու են իրենց քայլերը, անհրաժեշտության դեպքում վերսկսելու են իրենց բողոքի ակցիաները և պայքարի օրինական ճանապարհներով հասնելու են իրենց նպատակին՝ գտնել իրենց երեխաներին։ «Մենք բոլոր հնարավոր ճանապարհներով պայքարելու ենք այնքան, մինչև որ դռնից դուրս շպրտված ու լուսամուտից ներս մտած դատավորներն այլևս անելիք չունենան մեր արդարադատության համակարգում»,- եզրափակեց Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ինչպես նաև 200-րդ հոդվածով՝ առևտրային կաշառք։