Բիզնեսի համար չկա միասնական դեղամիջոց, որ սա ավելի արդյունավետ է, քան մյուսը. Արտակ Մանուկյան

Եթե մենք նայենք բոլոր կառավարություններին, որոնք այս կամ այն կերպ աջակցության փաթեթներ են անում, դրանց բոլորում առանցքայինը սոցիալական բաղադրիչն է, որը հենց շատ հաճախ ենթադրում է անվերադարձ օգնություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով նախկին փոխվարչապետ Վահե Գաբրիելյանի հայտարարությանը, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին հակազդելու համար կառավարության առաջարկած վարկային ծրագրերն այս փուլում անարդյունավետ են, պետք է շեշտը դրվի անվերադարձ օգնության վրա: «ՀՀ կառավարության ներկայացրած 9 ծրագրերից 5-ը սոցիալական միտվածություն ունեն և, ըստ էության, այնտեղ անվերադարձ օգնություններ կան: Ասել, որ բոլոր բիզնեսներին էլ պետք է սոցիալական անհատույց մոտեցումներ ցուցաբերենք... Այստեղ կարևոր է, որ աջակցությունները հասցեական լինեն։Իհարկե, ամենաարագ և հրատապ աջակցության ծրագրերը միտված պետք է լինեն սոցիալական ուղղվածությանը: Եթե խոսքը նաև բիզնեսին վարկերի սուբսիդավորման բաղադրիչի մասին, կարելի է տարբեր մոտեցումներ քննարկել, բայց չկա միասնական դեղամիջոց, որ սա ավելի արդյունավետ է, քան մյուսը»,-ասաց նա: