Այս ամենը կարող է օգուտ բերել ֆուտբոլին․ Ալեքսանդր Գրիգորյան

Այս ամենը կարող է օգուտ բերել ֆուտբոլին․ Ալեքսանդր Գրիգորյան

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ակումբին տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսից պաշտպանվելու, կարանտինի պայմաններում մարզում անցկացնելու, խաղացողների տրամադրվածության և այլ թեմաների մասին։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում, ի՞նչ իրավիճակ է այն քաղաքում, որտեղ այժմ բնակվում եք։ Ռուսաստանում, ինչպես շատ այլ երկրներում ամեն ինչ շատ խիստ է։ Երբ Երևանից եկա այստեղ, 4-5 օրում ամեն ինչ փոխվեց։ Հայաստանում ճիշտ ժամանակին հայտարարվեց արտակարգ դրություն։ Պարզ է, որ մեկուսացված լինելուց բացի հիմա այլ բանի մասին մտածել չենք կարող։ Ֆուտբոլիստները, մարզիչները, առհասարակ մարդիկ հայտնվել են հիմա այնպիսի իրավիճակում, որում երբևիցե չեն եղել,  ուստի շատ կարևոր է պահել լավ, դրական տրամադրվածությունը, խոսքը վերաբերում է հատկապես ֆուտբոլիստներին, որովհետև նրանց գործունեությունը կապված է ծանրաբեռնվածությունների, մարզումների, մրցաշարերի հետ, իսկ հիմա այդ ամենը բացակայում է։ Դրա համար շատ կարևոր է պահել այդ տրամադրվածությունն ու անել ամեն ինչ՝ մարզավիճակը պահելու համար։ Տղաները մարզվում են մարզչական շտաբի տրամադրած ծրագրով։ Համացանցում արդեն հրապարակել ենք մի քանի տեսանյութ, որտեղ նրանք մեծ խանդավառությամբ աշխատում են։ Կարո՞ղ ենք ասել, որ կարանտինից հետո նրանք կվերադառնան լավ մարզավիճակով։ Մեր առաջարկած աշխատանքի տարբերակը, մեծ ոգևորվածություն առաջացրեց տղաների շրջանում։ Թիմում կան առաջատարներ, որոնք ոչ միայն խանդավառությամբ են աշխատում, այլև դրանով վարակում են մյուսներին։ Տղաները մարզվում են, հետո էլ իրենց աշխատանքի տեսանյութերն ուղարկում մեզ։ Բոլորն՝ առանց բացառության, այնպես լրջորեն են աշխատում, որ ես, որպես մարզիչ, սկսեցի մտածել նախապատրաստական փուլի, մարզումային պրոցեսի մասին, որովհետև, տեսնելով, թե նրանք ինչպես են աշխատում, այստեղ նույնիսկ աշխատանք բառը չի կարելի կիրառել, նրանք ասես ստեղծագործում են՝ սեփական որոշումներով։ Ստեղծված իրավիճակին տղաները վերաբերվում են և՛ հումորով, և միաժամանակ բարձր ինքնանվիրումով։ Նրանք իրենց պահում են տոնուսի մեջ ու դա թույլ է տալիս թիմում ճիշտ մթնոլորտ ստեղծել։ Այս օրերին ահռելի աշխատանք է կատարում իմ օգնականը՝ Արսեն Պետրոսյանը, որն ինձ ուղարկում է տղաների մարզումների տեսագրությունները։ Եվ եթե դրանք նայելու համար ինձնից 2-3 ժամ է պահանջվում, պատկերացնում եմ՝ որքան ժամանակ է նա ծախսում դրանք պատրաստելու համար։ Ես կարծում եմ, որ եթե տղաները նման ոգով շարունակեն, բնականոն մարզումները վերսկսելուն պես, նրանք արդեն կարող են իրենցով հպարտանալ, որ կարողացել են այս իրավիճակում իրենց նման կերպ դրսևորել։ Սեմյոն Սինյավսկին կրեատիվ տարբերակ էր գտել ու իր օրինակով ցույց տվեց՝ ինչպես է անցնում ֆուտբոլիստի կյանքը կարանտինում։ Սեմյոնի տեսանյութը իսկապես օրիգինալ էր, բայց կրեատիվությունը բավական մեծ է թիմի առաջատարների մոտ։ Այն, թե ինչպես են աշխատում Արամ Բարեղամյանը, Եվգենի Օսիպովը, Իգոր Պադերինը՝ տպավորում է։ Եվգենի Կոբզարի դուստրը վերջերս է լույս աշխարհ եկել, պատկերացնում եք թե ինչպիսի իրավիճակում է նա, բայց Կոբզարը մարզվում է մեծ ոգևորությամբ։ Ես կարող եմ թվել բոլոր ֆուտբոլիստներն։ Բայց նշածս տղաները բացի այն առաջադրանքից, որը տրվում է իրենց, անընդհատ ավելացնում են ինչ-որ նոր բան։ Նրանք մշտապես փորձում են ստեղծագործել։ Դա իսկապես հետաքրքիր է, ու դրանով նրանք մոտիվացնում են նաև ինձ, որովհետև տեսնում եմ, որ այն ամենն ինչ պահանջում ենք՝ կատարում են անվերապահորեն։ Այս պահին առաջնության վերսկսման 3 տարբերակ է քննարկվում, մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ ու հունիս վերջ։ Ձեր կարծիքով ինչպե՞ս կդասավորվի ամեն ինչ ու ինչպիսի՞ն եք տեսնում ֆուտբոլի ապագան։ Իմ կարծիքով ամենաօպտիմալ ժամկետը 3-րդ տարբերակն է։ Ինչ վերաբերում է ֆուտբոլի ապագային, կասեմ, որ այս կարանտինը կունենա որոշակի հետևանքներ, քանի որ մարդիկ առաջին անգամ են բախվում նման երևույթի։ Ամեն ինչ պետք է դիտարկել առաջընթացի տեսանկյունից։ Օրինակ հենց կորոնավիրուսը, որը շատ մարդկանց դժբախտության պատճառ է դառնում, չի կարող միակողմանի լինել, ինչ-որ բան նրանում պետք է նաև դրական լինի։ Ինչպես ասում են չկա չարիք, առանց բարիքի։ Այս ամենը կարող է օգուտ բերել ֆուտբոլին։ Կորանվիրուսային այս դադարով պայմանավորված իմ կարծիքով, շատ թիմեր կդադարեցնեն իրենց գոյությունը, բայց այսպիսի իրավիճակը ֆուտբոլում կմեծացնի մրցակցությունը։ Գուցե ֆուտբոլիստների նոր սերունդ ի հայտ գա՝ նոր մտածելակերպով։ Սա վերաբերում է բոլոր սպորտաձևերին։ Կարծում եմ ոչ միայն ֆուտբոլային ոլորտը, այլ ամբողջ աշխարհը կփոխվի այս ամենից հետո։ Ֆուտբոլասերներին ինչ-որ կոչ ունե՞ք։ Ես գիտեմ, որ եթե մի բանից վախենում ես, վերցնենք հենց կորոնավիրուսը, դա մարդու լավագույն դրությունը չէ։ Մեր երկրպագուներին դրականն եմ ցանկանում, որ հարազատներն ու մտերիմները չհիվանդանան, ու ամենակարևորը՝ մտածեն ոչ թե հիվանդության, այլ՝ դրականի մասին։