«Լուսին թռնելու գներ են դրել տոմսերի վրա». լարված իրավիճակ և խուճապ «Զվարթնոց» օդանավակայանում

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ «Հայտնում ենք, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից: «Առաջին լրատվական»-ն ահազանգ ստացավ, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր առավոտից մեծ հերթեր են։ Մարդիկ գնացել են օդանավակայան, հայտարարության համաձայն, տոմսեր գնելու, որպեսզի իրենց հարազատները՝ մայրը, քույրը, հայրը, կինը վերադառնան Հայաստան։ Սակայն, «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը փակ էր։ Օդանավակայանում ոչ ոք մարդկանց հստակ պատասխան չի տալիս, թե ինչու՞ հնարավոր չէ տոմս ձեռք բերել։ Քաղաքացիները տարբեր տեղեկություններ են ստանում։ Մի մասը նշում է, թե իրենց տեղեկացրել են տոմսերի սպառման մասին, մի մասը նշում է, որ պաշտոնական ոչ մի ինֆորմացիա չունեն։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ էլ կապ են հաստատել, սակայն, այնտեղ ևս տեղյակ չեն՝ ի՞նչ է կատարվում։ Քաղաքացիների տեղեկացմամբ՝ նույն իրավիճակն է Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում։ Մարդիկ տեսնելով հայտարարությունը, շտապել են տոմս գնել, սակայն հայտնվել են այս իրավիճակում։ Այս պահի դրությամբ ավիաընկերության հետ կապ հաստատել չի հաջողվում։ Նրանց կողմից որևէ պաշտոնական պարզաբանում հարցի վերաբերյալ չկա։ Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում