Վախենամ՝ պիկը դեռ առջևում է. հասարակությանը պետք է սաստել. Արտավազդ Սահակյան

«Կորոնավիրուսի համաճարակը, թերևս, քաղաքակրթությանը ամենասպառնացող դեպքն է… Այս վիրուսը գործում է շատ արագ, բայց իմ կարծիքով այն աստիճանի սպանիչ չէ, որքան նախկին համաճարակները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց վիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ հավելելով, որ սա ամբողջ մոլորակի պահպանության խնդիր է: «Իտալիայի փորձից հետո պետք էր շատ արագ զգոնանալ, խոսքը ժողովրդին է վերաբերում: Չի կարելի թերագնահատել այս համաճարակի վտանգավորությունը: Չափազանց շատ է մեքենաների հոսքը: Մարդկանց հոսքը մի քիչ պակասեց վարչապետի ելույթից հետո: Խնդիրն այն է, որ անգամ այս արտակարգ իրավիճակի, պարետային ժամի ռեժիմը բավարար չէ… Կողմնակի մուտք ու ելք չպետք է լինի բնակարաններ, և ամեն օր չպետք է խանութ գնալ, շփումը պետք է հասցնել մինիմալի, որպեսզի վիրուսի տարածման արագությունը նվազի, պայքարի ուրիշ «զենք» չկա»,- ընդգծեց Արատավազդ Սահակյանը՝ հավելելով, որ հիվանդացության թիվը գոնե 1000-ի սահմաններում պետք է կարողանանք կանգնեցնել: «Վախենամ՝ պիկը դեռ առջևում է: Հոգեբանները, կառավարության անդամները պետք է հասարակությանը թե՛ սաստեն, թե՛ քաջալերեն՝ հասկացնելով, որ միակ պայմանը մեկուսացումն է»,- ընդգծեց վիրաբույժը: Նա նաև հավելեց, որ առողջապահության համակարգին, մեր ժողովրդին աջակցելու համար աշխատանքային խումբ պետք է ստեղծել, բուժաշխատողներին փոխարինողներ են պետք, պետք է շատ արագ վերապատրաստել նվիրյալ, երիտասարդ մասնագետներին, ինչպես նաև պետք է օգտագործել Սփյուռքի կապերը: Մանրամասն՝ տեսանյութում: