Կորոնավիրուսը իրականում քանդեց դպրոց կոչվող մանկական գաղութների պատերը

Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված փակ են կրթական, մշակութային և սպորտային հաստատությունները: Հայաստանի կրթական համակարգն անցել է հեռավար ուսուցման՝ փորձնական տարբերակով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե այս գործընթացում ինչ խնդիրներ առաջացան և ինչ առաջընթաց արձանագրվեց՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց. «Հեռավար առցանց ուսումը մեզ համար սովորական, բնական վիճակ է: Այս անգամ նախագծի անունը դրեցինք «Հեռավար առցանց ընտանեկան ուսուցում», որովհետև թագակիր վիրուսի պատճառով ընտանիքները բանտված են տանը: Ընտանեկան ուսուցումը հանրային կյանքի այս փուլում մեծ օգուտներ կարող է տալ: Ծնողները շատ էին վստահել պետական դպրոցին, երեխայի հետ կապված խնդիրներն իրենցից օտարել էին, այժմ անմիջական ներգրավվածություն ունեն, դրանով բարձրանում է պատասխանատվությունը, սերունդների կապը, համերաշխությունը: Մենք փորձում ենք «Ընտանեկան ուսուցում» նախագիծն իրագործել, և այդ մանակավարժությունը զարգանում է: Երեխայի անմիջական ուսուցիչը դառնում է ծնողը, և դա շատ լավ է, իսկ դիտարկման, խորհրդատվության, աջակցության պլանում գործում է ուսուցիչը, դա էլ հետաքրքիր է»: «Դպրոցները պետք է ստանան ազատություն, ինքնուրույնություն, ուսուցիչը պետք է տիրապետի մեդիա գործիքներին և նրա համար միևնույնը պետք է լինի ֆիզիկական միջավայրում՝ դասարանում է դասավանդում, թե այլ կերպ»,- նշեց Ա. Բլեյանը: «Աշխարհը կփոխվի, եթե փոխվենք մենք»,- այս կարծիքը հայտնեց մեր զրուցակիցը: Նրա դիտարկմամբ՝ համաճարակային իրավիճակը ցույց տվեց կրթական համակարգի բացերը. «Կորոնավիրուսը ցույց տվեց, որ դպրոցները պատրաստ չեն արտակարգ իրավիճակներում գործելու... Կորոնավիրուսը իրականում քանդեց դպրոց կոչվող «մանկական գաղութների» պատերը»: Մանրամասն՝ տեսանյութում: