ՊՆ-ն հերքում է հայկական ուժերի կողմից Ադրբեջանի ուղղությամբ կրակ բացելու մասին տեղեկությունները

ՊՆ-ն հերքում է հայկական ուժերի կողմից Ադրբեջանի ուղղությամբ կրակ բացելու մասին տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակների տարածած տեղեկությունները, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին։ ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ»,- գրել է Ստեփանյանը: ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ: «Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։ ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի»,- նշել է խոսնակը: