Արցախում ով էլ հաղթի, նոր փոփոխություններ կլինեն. կորոնավիրուսը կկանխի՞ երկրորդ փուլը

Արցախյան ընտրությունները շարունակում են մնալ քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման: Թեև առաջին տեղը զբաղեցրած թեկնածուին քիչ թվով ձայներ էին պակասում ընտրություններում հաղթելու համար, սակայն Արցախյան ընտրությունները չխուսափեցին երկրորդ փուլից: Հայաստանից Արցախ մեկնած պատգամավորները, լրագրողները, դիտորդները, որոնք հետևում էին ընտրությունների ընթացքին, վերադարձել են: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը և վերլուծաբան Հայկ Խալաթյանը: «Մի կողմից՝ մարդիկ նշում էին, որ մրցակցային ընտրություն է, թեկնածուների թիվը հասնում էր 14-ի, ինչն աննախադեպ էր, նախկինում իշխանության թեկնածուն բացահայտ հաղթում էր: Մյուս կողմից էլ՝ մարդիկ չէին հավատում, որ ընտրություններով լուրջ փոփոխություններ կարող են լինել: Բայց հնչեց նաև կարծիք, որ ով էլ հաղթի, անգամ եթե իշխանության թեկնածուն հաղթի, փոփոխություններ, միևնույն է, լինելու են»,- նշեց Հայկ Խալաթյանը: Արմեն Փամբուխչյանը, ով դիտորդական առաքելություն է իրականացրել Ստեփանակերտում, հավաստիացրեց, որ այնտեղ ընտրություններն ընթացել են հանգիստ, էական խախտումներ չեն արձանագրվել, ընդամենը ընթացակարգային խախտումներ են եղել: «Դիտորդական առաքելություն իրականացնող մի քանի ՀԿ-ներ և անհատներ շեշտադրում էին, որ կապված դիմակներ կրելու հետ՝ նույնականացման որոշակի խնդիր կար, սակայն մարդիկ այնտեղ իրար ճանաչում էին անգամ թիկունքից: Մի քանի դեպք է արձանագրվել, երբ քվեաթերթիկը լուսանկարել են, և այդ պատճառով քվեաթերթիկներն անվավեր են համարվել»: Հարություն Բաբայանը ընտրություններին հետևել է Հադրութի շրջանի 8 տեղամասերում: «Կարծում եմ՝ ընտրություններին այս մասնակցությունը, մրցակցությունը էվոլյուցիոն շղթայով առողջացում են բերելու»: Հայկ Խալաթյանի գնահատմամբ՝ ճիշտ որոշում կայացվեց՝ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել: Արմեն Փամբուխչյանը հավելեց, որ լեգիտիմության առումով շատ ավելի նպատակահարմար է, որ ընտրությունների երկրորդ փուլ տեղի ունենա:   Մանրամասն՝ տեսանյութում: